|
Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առհասարակ, պարտությունները ծնում են թերարժեքության սուր բարդույթներ պարտվող կողմի համար։ Մեր վերջին պարտությունն էլ այդպիսին էր։ Շատերն են ընկել ինքնախարազանման և ինքնապախարակման անօգուտ հորձանուտի մեջ, որի դեմ նախազգուշացնում էի դեռևս 2020 թ. նոյեմբերի 21-ին։

Խոսքն այն մասին չէ, որ հայությունն անթերի է։ Բնա՛վ։ Որպես էթնոազգային առանձին խումբ ունենք պատմականորեն ձևավորված սոցիալական բազմաթիվ արատներ, որոնց դեմ պետք է զօրուգիշեր անզիջում պայքարել։ Հայրենասեր մարդու պարտականություններից մեկն էլ հե՛նց դա է։ Բայց դա մի բան է, իսկ այս աշխարհի հզորների կողմից վայրագորեն ճնշված, ցեղասպանված և այժմ էլ ամենօրյա ագրեսիայի պայմաններում ապրող սեփական ազգին թուրքավարի հայհոյելը և անելանելիության գիրկը նետելը՝ բոլորովին ուրիշ բան։
Հայերի մեջ թերարժեքության բարդույթների խորացումը մեր թշնամիների գլխավոր նպատակներից է։ Նրանք այդ ուղղությամբ ծավալուն ամենօրյա աշխատանք են կատարում՝ այդ թվում ու հատկապես օգտագործելով ՀՀ ներկայիս խամաճիկային իշխանություններին և նրանց հովանու ներքո գործող հինգերորդ շարասյան գործակալական ցանցը։ Ի. Ալիևի և Ռ. Էրդողանի հոխորտանքներն ու հայ ժողովրդի հասցեին ուղղված վիրավորանքների նպատակը հենց դա է՝ հայերին խեղճացնել ու հետ պահել իրենց ազգային ու մարդկային բնական իրավունքները պաշտպանելու մտքից անգամ։ Ճիշտ նույն խնդիրն են լուծում նաև մի շարք ծախված ռուսաստանցի «վերլուծաբանները», որոնց լուտանքների տարափը հայ ժողովրդի դեմ ջանադրաբար հայերեն են թարգմանում և առանց որևէ մեկնաբանության իրենց էջերին զետեղում որոշ հայաստանյան ԶԼՄ-ներ (հատկապես՝ republica.am-ը)՝ հասկանալով կամ չհասկանալով իրենց արածի վնասակարությունն ու նույնիսկ իրավական հետապնդելիությունը։
Քիչ առաջ Դիմատետրում կարդացի մի ինքնատյաց երիտասարդի հիմարագույն և, ըստ ամենայնի, պատվիրված գրառումը, որում նա հայ ժողովրդին («էս ժողովուրդը») անվանարկում է որպես «ռասիստ, էյջիստ, իսլամիստ ու կեղծ բարեպաշտ» ու հայտնի ոճով բանդագուշում, թե «Լավ չեք ապրելու ժողովուրդ, մոռացեք լավ ապրելու մասին։ Ռասիստների, նացիստների, սեքսիստների ու հոմոֆոբների լավ ապրելու դարաշրջանը ավարտվել ա։ Գնալով ավելի ու ավելի վատ եք ապրելու»։
Թե ինչ խախուտ ու զավեշտական հիմքերի վրա են կառուցված այս անընդունելի և իրականում քրեորեն հետապնդելի մեղադրանքները՝ ավելորդ է այստեղ կրկնել։ Կարևորն այն է, որ ամբողջ հայ ժողովրդին ահա այսպես փնովելն ու քաղաքականապես վարկաբեկելը շատերն արդեն սկսում են չնկատել, մարսել ու նույնիսկ յուրացնել։ Սա էլ հե՛նց թշնամու նպատակն է։
Այնինչ, եթե մենք ունենայինք փոքրիշատե կազմակերպված հայրենասիրական գեթ մեկ քաղաքական ուժ, պատասխանն այս հոգեբանական, քարոզչական ու քաղաքական դիվերսիաներին կտրվեր ոչ միայն Դիմատետրում, այլև դատարանի դահլիճում։ Որովհետև իսկական ռասիզմը, քսենոֆոբիան ու ֆաշիզմը որևէ ժողովրդին վատաբանել, նսեմացնել ու սևացնելն է։
Բայց ոչինչ. օրը կգա, բարին հետը»։
|