▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական ֆուտբոլի ճգնաժամի 3 պատճառները և բաց նամակ «Նեմեց հեռացիր» ճչացողներին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երեկ Հանրապետականում էի: Հանրապետականը կարծես վերածվել էր գաղջի էպիկենտրոնի՝ մի կողմից անօգնական հավաքականի տղաներն էին այսկողմ-այնկողմ վազում՝ ՕԳԳ-ի՝ պլենդուզից ցածր մակարդակով, մյուս կողմից զայրացած երկրպագուներն էին «ԱՄՈԹԱՆՔ» տալիս տղերքին վերջիններիս անօգնական վիճակի համար:

Եվ կարծես այս ամենի մեղավորը 2 հոգի էին՝ Ռուբեն Հայրապետյան և Սարգիս Հովսեփյան:

Միանշանակ և Ռուբեն Հայրապետյանն, և Սարգիս Հովսեփյանն ունեն մեղքի իրենց բաժինը երեկվա անթասիբ խաղում, սակայն այդ մեղքի բաժինը շատ փոքր է այն համակարդային խնդիրների հետ, որ առկա են մեր ֆուտբոլում:

1. Ֆինանսական-տնտեսական խնդիրներ:

Բողոքողներն երբևէ մտածել ե՞ն թե ինչ կարող է արժենալ 1 ֆուտբոլային ակումբ պահելը: Եվրոպական միջինից ցածր ֆուտբոլային ակումբ պահելու համար հարկավոր է մոտավորապես 2-2.5 մլն ԱՄՆ դոլար գումար տարեկան ներդրում (առնվազն): Միայն այդ դեպքում կարելի է որոշակի ակնկալիքներ ունենալ առաջնության վերին հորիզոնականներում հայտնվելու և Եվրոգավաթներին արդյունքներ ցույց տալու համար: Իսկ հիմա եկեք նայենք մեր ֆուտբոլային իրականությանը: Ո՞վքեր և ո՞րքան են ֆինանսավորում ֆուտբոլը Հայաստանում: Քանի՞ օլգարխ-մեծահարուստ, խոշոր ընկերություններ են ֆինանսավորում ֆուտբոլային ակումբ և որքան գումար են ներդնում իրենց ակումբում: Ասենք նույն այն ընկերություններն ու անհատները, ովքեր մեր գրպանները դատարկում են իրենց տեսախցիկներով և կարմիր գծերով, շաքարավազի և այլ մենաշնորհներով: Ֆուտբոլը կարող է եկամտաբեր լինել խելամիտ ներդրումներ իրականացնելու դեպքում: Վերցնենք միայն Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը, որը մեծ եկամուտներ է ապահովում դատարկելով մեր երկրի ընդերքը: Չեմ կարծում, որ ֆուտբոլի ժամանակակից և բարեգործական դպրոցի հիմնումը և ֆուտբոլային ենթակառուցվածքի հիմնումը Կապանում էական ազդեցություն կարող էր ունենալ վերջինիս համար: Սակայն այդ արդյունաբերական հսկան բավարարվում է խղճուկ բյուջեով Կապան-Գանձասար ֆուտբալային ակումբի «գոյատևման» ապահովմամբ, որը նույնիսկ սեփական մարզադաշտը չունի, և ես դեռ չեմ խոսում մանկապատանեկան մարզադպրոցի մասին: Նույնը կարելի է ասել Լոռիում Թեղուտի հերը անիծող «Վալլեքս Խմբի» մասին, որն իր գործունեությունը ծավալում է ամենաշատ բնակեցված մարզերից մեկում, որտեղ չկա և ոչ մի ֆուտբոլային ակումբ և նորմալ մանկապատանեկան ֆուտբոլային դպրոց: Միգուցե հենց Լոռիում ապագա Հենրիխ Մխիթարյաններն մատնվում են անուշադրության և մեծանում գնում են խոպան՝ Սիբիր:  «Նեմեց հեռացիր» գոռալու փոխարեն հենց վերը թվարկված իրավաբանական և ֆիզիկական անձանց դռների մոտ գոռացեք «ֆինանսավորեք ֆուտբոլը» և միգուցե հենց այդ կերպ ավելի հեռանկարային աջակցություն կարող եք ունենալ հայկական ֆուտբոլի զարգացմանը: Լավ ֆուտբոլիստները չեն աճում բացատում, նրանք աճում են ֆուտբոլային դպրոցներում և կոփվում են ուժեղ առաջնություններում:

Հատկանշական է, որ երկրի տնտեսական իրավիճիակն ուղղակիորեն անդրադառնում է ֆուտբոլի վրա: Ասածիս վառ օրինակն է Միկայի և ՈՒլիսի խայտառակ ֆինանսական իրավիճիակը, որին մենք ականատես եղանք բոլորովին վերջերս:

2. Ֆուտբոլիստների հայրենասիրությունն և սփյուռքի աղքատիկ ֆուտբոլային առաջարկը:

Այնպիսի ազգն, ինչպիսին մերն է, պետք է ունենար պլան Բ, որը պետք է փոխհատուցեր թույլ ներքին առաջնության գործոնը: Ավելի շատ հայ ապրում է Հայաստանից դուրս և այնպիսի երկրներում, որտեղ առկա են ավելի բարենպաստ պայմաններ ֆուտբոլի զարգացման համար: Սակայն հատկանշական է, որ բարձր մակարդակով ֆուտբոլիստներ Սփյուռքը հաճախ չի տալիս, իսկ եթե տալիս է, ապա «Յան» ազգանունը կրող անձինք նախապատվությունը տալիս են իրենց բնակության երկրների հավաքականներին: Ասածիս վառ օրինակն է Արշակ Կորյանը…. Իհարկե շատ բան կախված է նաև Ֆեդերացիայից, որը ժամանակին Հայաստանի հավաքական ներգրավեց այսօրվա մեր աստղերին (Մովսիսյան, Օզբիլիս), սակայն Ֆեդերացիան ամենակարողը չէ: Ցավալի է, որ այս խայտառակ պարտության նախօրեին մեր հայրենակից Էդգար Բաբայանը, ով խաղում է Դանիական Ռանդերս ֆուտբոլային ակումբում, միացավ Դանիայի երիտասարդական հավաքականին՝ չսպասելով Հայաստանյան հրավերին:

3. Էֆորիան, որը ստիպեց մոռանալ դառը իրականության մասին:

Այո, 2 տարի առաջ Մխիթարյանը, Օզբիլիսը, Մովսիսյանը հրաշքներ էին գործում: Սակայն համատարած էյֆորիան խամրել էր իրականության զգացումը: ՈՒժեղ թիմը չի ենթադրում ուժեղ երեք ֆուտբոլիստ: Աշխարհում կա վնասվածք, դեղին քարտ հասկացողություններն: Այդ մասին մենք մոռացել էինք: ՈՒժեղ թիմը ենթադրում է համարժեք փոխարինող ֆուտբոլիստների առկայություն: Մի բան, ինչ մենք չունենք և ինչն ուղղակիորեն կապված է 1-ին կետում նշված հանգամանքներով:Բերեք Կապելոյին, առանց նորմալ մարզավիճիակում գտնվող ֆուտբոլիստների նա ոչ մի արդյունք ցույց չի տալու:

Միանշանակ Ռուբեն Հայրապետյանն և Սարգիս Հովսեփյանն ունեն երեկվա պարտության մեջ իրենց մեղքի զգալի բաժինը: Պետք չէ փորձել ցատկել գլխիցդ բարձր, պետք չէ խառնվել հավաքականի ֆուտբոլիստների ընտրության գործին: Ամեն դեպքում այդ ամենը մեր ֆուտբոլի համակարգային խնդիրների մեջ էական կշիռ չունի: Ամեն դեպքում ես ստադիոնում չէի մոռացել Հովսեփյանի ավանդը Հայաստանի Հավաքականում և, անկախ անձնական զգացումներից անձի նկատմամբ, բարձր եմ գնահատում ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ակտիվ ֆինանսական միջոցների ներգրավումն և մարզերում (Շիրակ և Լոռի) ֆուտբոլի ժամանակակից դպրոցների հիմնադրումը: Այդ դպրոցների հիմնադրումն իրենց մասին զգացնել կտան 18-20 տարուց, երբ ի հայտ կգան նոր Հենրիխ Մխիթարյաններ և Օզբիլիսներ՝ Շիրակից և Լոռիից, եթե իհարկե գտնվեն մարդիկ, ովքեր իրենց հոգածության ներքո կառնեն այդ ենթակառուցվածքները:

Հիվանդության ախտորոշման և բուժման համար հարկավոր է ավելի մանրակրկիտ ուսումնասիրել/փնտրել դրա գոյացման աղբյուրն ու պատճառները:


Աղբյուրը` AvatArm

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее