▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հերո՞ս է արդյոք Համբիկ Սասունյանը»

Խմբագիր Նիկոլայ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջը որոշեցի գրեմ Համբիկ Սասունյանի մասին․ միանգամից զգուշացնեմ, որ անվանելու եմ իրերն իրենց անուններով․ տեռորիզմը՝ տեռորիզմ, սպանությունը՝ սպանություն։ Սակայն քրֆելուց առաջ կարդացեք՝ ինչ ա գրած, ու հասկացեք, որ էդ բառերը բարոյախրատական երանգ չունեն՝ հատկապես նկարագրվող դեպքերի դարաշրջանում։ Կամ, եթե բութ եք, մի հասկացեք։ Գնացինք․


Նախ, պատկերացրեք ձեզ 20-րդ դարում, հատկապես՝ դրա երկրորդ կեսում։ Տեռորիստական ռոմանտիզմի դարաշրջան․ վրա-վրա, տարբեր ակտիվությամբ, աշխարհի տարբեր ծայրերում, գործում էին, ասենք, տարատեսակ տուպամարոսներ, պայծառ ուղիներ ու չէգևարաներ՝ Հարավային Ամերիկայում, Իռլանդական հանրապետական բանակը, բասկերի ԷՏԱ-ն,, Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը, ՔԲԿ-ն, ԱՍԱԼԱ-ն, ՀՑԱՄ-ը, Կորսիկայի ազատագրության ճակատը՝ մեր կողմերում։ Էլ չասած քաղաքական տեռորիզմը՝ գերմանական ՌԱՖ-ը, տարատեսակ մարքսիստական ու ֆաշիստական խմբակներ, և այլն։ Տեռորիստներ են եղել Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան ու Հարավային Աֆրիկայի նախագահ Նելսոն Մանդելան։ Կոնտեքստը, որում գործում էր էդ ամբողջ աստղաբույլը, խառն էր․ ԵՀՊ-ն ավարտվել էր, աստատվել էր նոր աշխարհակարգ՝ ու, մի կողմից, տասնյակ նոր պետություններ էին ծնվում, մյուս կողմից՝ բազմաթիվ ժողովուրդների ազգային իղձերը մնում էին չլուծված։ Մասնակի բավարարված արդարություն․ ինչի՞ հրեաները պիտի ստանան պետություն հայրենի հողում, իսկ հայերը՝ ոչ, ինչի՞ են հնդիկներն անկախություն ստանում, իսկ բասկերը՝ ոչ, և այլն, և այլն։ Նաև նմանատիպ հարցերն ու միջավայրն էին ստեղծում պարարտ հող, որպեսզի լիքը, օրինակ, ԱՍԱԼԱ-ի պայթյուններից մեկում վիրավորված Խոսե Անտոնիո Գուրիարանը փորձեր հասկանար հայկական հարցի էությունը, ու, ի վերջո, ապրումակցեր ԱՍԱԼԱ-ին, որը քիչ էր մնում՝ թեկուզև պատահաբար, սպաներ նրան, վերջում էլ դառնար հայ ժողովրդի բարեկամը։ Էս ամեն ինչը ես հիշեցնում եմ, որ հասկանաք՝ 80-ականների դեպքերն ու իրադարձությունները չեն չափվում 2020-ականների բարոյական, արդյունավետության ու մնացած չափանիշներով։ 20-րդ դարի 80-ականներում, երբ Համբիկ Սասունյանը դուրս էր գալիս իր սպանությունն իրագործելու, բացի բռնության մերժումից, կար տեռորիզմի ընկալման այլ կոնտեքստ՝ թույլի ինքնապաշտպանության գործիք ուժեղի դեմ կռվում։ Ու, ամենակարևորը, անկախ լինի, կիսանկախ լինի, ինչ լինի՝ բայց Հայաստանի Հանրապետություն գլոբուսի վրա չկար։
Հերո՞ս ա արդյոք Համբիկ Սասունյանը։ Սկսենք նրանից, որ Սասունյանը, ըստ էության, մահապարտ, շեհիդ, մարտիրոս, ֆիդային ա․ նա 19 տարեկանում իր ամբողջ կյանքը գիտակցված զոհեց հանուն նրա, ինչն, իր կարծիքով, արդարություն էր կոչվում։ Բայց արդյո՞ք մենք հերոս ենք համարում նույնկերպ վարվող Իսլամական պետության մահապարտին, ով իրան տրաքացնում ա որևէ բանուկ հատվածում հանուն արդարության․ իհարկե, ոչ։ Փաստորեն՝ Սասունյանը, հերոս չի՞։ Ուրեմն մի պահ պատկերացրեք ձեզ 1982 թվականին․ դուք չունեք պետություն, իսկ ձեզ թալանած ու տնից քշած պետությունը մեթոդիկ կերպով ջնջում ա ձեր մշակութային հետքը, ձեզ մոռանալ տալիս, աշխարհն էլ լուռ ա ու կույր։ Դուք իրո՞ք հերոս չէիք համարի էդ պետության վրա, թեկուզև սիմվոլիկ ու, խոշոր հաշվով, քիչ հեռանկարային գրոհ արած մարդուն։
Եվ ահա գալիս ենք նրան, որ Համբիկ Սասունյանը հերոս ա՝ 1982 թվի՝ պետություն ու սահման, ճանաչում ու ապագա չունեցող ցեղի հերոս, բայց ոչ 2021-ին պետականություն ունեցող ազգի։ Գործողությունը չուներ ապագա, ինչպես իսրայելական տանկերին քարով խփող պաղեստինցի էրեխեքի արարքներն ապագա չունեն։ Բայց եթե դուք կուրորեն մեղադրում եք էդ էրեխեքին՝ նայեք, ոնց են իրանք ապրում։ Նայեք, օրինակ, այ էս տեսանյութը, ոնց են հենց էս օրերին իսրայելցիք քանդում պաղեստինցիքի գերեզմանն այգի սարքելու համար, ու մի հատ ձեզ հարցրեք՝ դուք հաստա՞տ քար չէիք քցի:
Հիմա՝ 19 թվին նույն երեխան Համբիկ Սասունյանն էր, ով արեց, ինչ արեց։ Ու իրան մեղադրելու չի, իր արարքը հասկանալի էր։ Բայց հասկանալի՝ 1982 թվին։ 2021-ին Համբիկի ցեղն ունի վատ, ահավոր վատ, խայտառակ վատ, քայքայված կամ ի ծնե չկայացած ինստիտուտներով, անադեկվատ իշխանությամբ և ընդդիմությամբ, բայց՝ պետություն։ Էն, ինչ կարելի ու գուցե պետք ա անել, երբ դու անանձնագիր ցեղ ես, դրսում էլ 80-ականներն են, անպայման չի, որ ուտվի, ողջունելի, արդյունավետ ու գոնե մի գրամ ճիշտ լինի 2021-ի փոխված աշխարհում։
Արդյո՞ք սա նշանակում ա, որ Համբիկ Սասունյանին պետք ա քարկոծել, անվանել մարդասպան, հեռու մնալ, հետին թվով դատապարտել և այլն։ Ոչ, ոչ, ու էլի ոչ, հո ապուշ չեք։ Կրկնում եմ, էդ մարդն արել էր մի բան, ինչը տեղավորվում էր 1980-ականների լոգիկայի մեջ։ Բայց նաև պետք չի Սասունյանին սկսել քարշ տալ դպրոցներով ու եթերներով՝ ցեղային դարաշրջանի մարտիրոսից պետական դարաշրջանի սերունդի համար օրինակ կերտելով։ Հայաստանը, ի պատիվ իրեն, ունի նմանատիպ փորձ․ 2001 թվին ՀՀ վերադարձավ ԱՍԱԼԱ-ի անդամ, այժմ վախճանված Վարուժան Կարապետյանը, որը սուս-փուս ապրեց իր կյանքը Հայաստանում, ու ոչ ոք նրան չդարձրեց մահացած անցյալի տոտեմ։ Մենք էն ժամանակ հաղթած երկիր էինք, հիմա՝ պարտված, բայց, հուսամ, էս անգամ էլ կգտնենք իմաստություն՝ համ էդ մարդու, համ պետության հետ արդար վարվելու։ Հույս ունեմ՝ Համբիկ Սասունյանը ևս երկար, խաղաղ ու հանգիստ տարիներ կապրի։ էդ մարդն, ինչ ուներ, էս ցեղին տվեց 19 տարեկանում, ու վաստակել ա պետության մեջ տարրական մարդկային հանգիստ ու խաղաղություն»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее