25.12.2021թ-ին, ժամը 17:35-ին, «Ասեկոսե» ՍՊԸ-ն իր asekose.am կայքում հրապարակել է «Ինքը սարսափում է հողատուի մեղադրանքից ու ուզում է ամեն կերպ դրանից խուսափել. Արմեն Մարտիրոսյանը՝ Փաշինյանի մասին» վերտառությամբ հոդվածը հետևյալ բովանդակությամբ. «Անտարես» հրատակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես հանձնել եմ հողեր. սա անհիմն մեղադրանք է: Բայց կա լեգիտիմ մեղադրանք: Ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնելու մեջ, և դա կլինի լեգիտիմ մեղադրանք:
Եթե որևէ մեկն ինձ ասի դու պետք է հասկանայիր, որ տարբերակ չկա, պետք էր ուղղակի հանձնել այդ հողերը, որպեսզի պատերազմ չլինի, դա կլինի լեգիտիմ մեղադրանք...
Երեկվա ֆեյսբուքյան լայվի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած թերևս ամենահետաքրքիր հայտարարությունն է: Գիտե՞ք ինչն է հետաքրքիր: Ինքը սարսափում է հողատուի մեղադրանքից ու ուզում է ամեն կերպ դրանից խուսափել: Մյուս մեղադրանքի՝ հող չհանձնելու մեղադրանքի հետ մարդը պրոբլեմ չունի: Բացեիբաց ասում է, մեղավոր եմ, կարող էի պատերազմից խուսափել եթե տարածքային զիջումների գնայի, բայց չեմ արել: Չեմ արել, չնայած արդյունքը կանխատեսելի է եղել, բայց տեսեք՝ ինչ լավն եմ ես, տարածք չեմ զիջել: Իհարկե, ինքը սեթևեթում է դա՝ որպես մեղադրանք ձևակերպելով ու ընդունելով մեղադրանքը: Իրականում ինքը դա ակնհայտորեն որպես խոստովանություն է դա: Չի հասկանում, որ դա հաղորդում է հանցագործության մասին:
Բայց ամենավատն այն է, որ նրա հաշվարկը ճիշտ է. հանրային ընկալման մեջ էլ սա դիտվելու է որպես ավելի նախընտրելի մեղք, քան եթե էս մարդը տարածքայաին զիջումներ արած լիներ (իրականում էդ զիջումները մեղք էլ չէին լինի): Սա ավելի մեծ պրոբլեմ է, քան այն, որ վարչապետը չի հասկանում այդ մեղքի ծանրությունը: Ավելի ճիշտ, վարչապետի չհասկանալը գոնե մասնակիորեն էդ հանրային վերաբերմունքի հետևանքն է»:
Սույնով «Ասեկոսե» ՍՊԸ-ն հերքում է Արմեն Մարտիրոսյանի վերաբերյալ 25.12.2021թ-ին, ժամը 17:35-ին asekose.am կայքում տարածված վերոնշյալ տեղեկատվությունը և հաստատում, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը և Արմեն Մարտիրոսյանը չի հանդիսանում տարածված տեղեկատվության հեղինակը:
Նշենք, որ թյուրիմացությունը պարզելուն պես Asekose.am կայքից հեռացվել է նշված նյութը, որը կայքում հայտնվել էր , թերևս, մեկ այլ լրատվամիջոցում կամ լրատվամիջոցներում տեղ գտած սխալից:


