Մի հրապարակման առիթով
Օրերս համացանցային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առարկա է դարձել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևոր սպասավոր Տ. Մարտիրոս քահանա Բերբերյանի կարգալուծությունը։ Փաստը հանիրավի շահարկվում է ինչպես կարգալույծ հոգեւորականի, այնպես և մշտապես Հայ Եկեղեցու հասցեին ցեխարձակումներ կատարող տարբեր անհատների կողմից:
Անընկալելի է նաև որոշ ԶԼՄ-ների պահվածքը, որոնք, հակառակ այս օրերին հնչած պարզաբանումների, շարունակում են չճշտված ու ապատեղեկատվական հոդվածներ հրապարակել՝ առանց անդրադառնալու դրանց վնասակարությանը:
Օրերս Lragir.am-ը հրապարակեց Մոսկվայի հայ համայնքի անդամների «անունից» տարածված մի հոդված` հոգևորականների գործարարությամբ զբաղվելու մասին: Հոդվածում մի շարք հոգևորականների վերագրվում են տարբեր «բիզնեսներ», առաջադրվում սին մեղադրանքներ: Իսկ ներկայացված «փաստերն» ամբողջությամբ հերյուրանք են, որովհետև, օրինակ, Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը հնաոճ իրերի առքուվաճառքով չի զբաղվում, այլ ԱՄՆ Դիթրոյթում ստեղծել է փառահեղ մի թանգարան, որը օտար այցելուին ամբողջական պատկերացում է տալիս հայ ժողովրդի և նրա մշակույթի մասին: Մուղնու Սբ. Գևորգ վանքի հարևանությամբ հացի փուռը բնավ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանինը չէ, այլ թեմապատկան կառույց է, որի հասույթներն օգտագործվում են թեմի և Մայր Աթոռի կարիքների համար, իրականացվում բարեգործական ծրագրեր: Ինչ վերաբերում է Տ. Վաչե քահանա Հայրապետյանի՝ Ֆրանսիայի Նիս քաղաքում կեղծ թղթադրամների գործարքի մեջ մասնակից լինելը, ապա այն հերքվել է հենց ֆրանսիական դատական ատյանի կողմից: Իսկ Տ. Մեսրոպ քահանա Արամյանի կողմից Հայրենիքում իրականցվող շահեկան կրթական ծրագրերի համար գումարներ հայթայթելը դժվար թե կարելի է «բիզնես» համարել:
Ցավ արտահայտելով այս կապակցությամբ` հորդորում ենք վերապահ մնալ Եկեղեցին այպանելուց եւ չշտապել եզրահանգումներ կատարել՝ առանց խնդրին լիարժեք իրազեկ դառնալու: Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Հայրապետին, գիտակից է և՛ իր առաքելությանը, և՛ պատասխանատվությանը՝ իր հոգևոր խնամքին հանձնված հոտի, ինչպես նաև իր սպասավորների հանդեպ: