Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը: Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները և որոնց գործնական կիրառմանն ու ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը:
Առաջին սահմանադրությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների 1787թ. սահմանադրությունն է, որը գործում է մինչ օրս` բնականաբար ավելի քան 200 տարվա ընթացքում կատարված էական փոփոխություններով:
Եվրոպայում առաջին սահմանադրություններն ընդունվել են 1791թ. Լեհաստանում, ապա Ֆրանսիայում:
Անդրադառնալով «սահմանադրություն» տերմինին, նշենք, որ այն հին պատմություն ունի: Ծագում է լատինական «constitution» բառից, որը նշանակում է «սահմանում», «կառուցվածք»: Իսկ դեռևս Ք.ա. 4-րդ դարում անտիկ հույն մտածող Արիստոտելը «սահմանադրություն» հասկացությունն օգտագործում էր պետության կառուցվածքի, պետական իշխանության արդյունավետ կազմակերպման, նրա` ժողովրդավարական և արդարացի լինելու մասին խոսելիս: Հին Հունաստանում և Հին Հռոմում երկար ժամանակ սահմանադրություն էին կոչվում նաև կայսրերի, միապետների ընդունած իրավական ակտերը:
Հայկական իրականությունում առանձնանում է 5-րդ դարում Վաչագան թագավորի նախաձեռնությամբ ընդունված «Կանոնական սահմանադրությունը»: Վաչագանը Նվարսակի 484թ. պայմանագրից հետո Արցախ-Ուտիք իշխանությունը հռչակել էր որպես թագավորություն, որը ճանաչվել էր Պարսկաստանի կողմից, սակայն Վաչագան թագավորի Աղվեն ամառանոցում ընդունված Կանոնական սահմանադրությունը հիմնականում կարգավորում էր հոգևոր կյանքի հարաբերությունները:
Հայոց պատմության մեջ Սահմանադրության նախագծման ամենահամարձակ փորձերից է 18-րդ դարում Հայաստանի ազատագրության Մադրասի խմբակի, մասնավորապես՝ Շահամիր Շահամիրյանի կողմից շարադրված «Որոգայթ փառացը», որը միաժամանակ և՛ Հայաստանի ազատագրության ծրագիր էր, և՛ ապագա անկախ Հայաստանի սահմանադրության նախագիծը: Այն ամբողջությամբ հիմնված էր ժամանակի արևմտաեվրոպական լուսավորչական գաղափարների վրա:
Սեփական իրավական համակարգ, և առաջին հերթին՝ սահմանադրություն ունենալու իրական նախադրյալներ ստեղծվում են 1918թ. Արևելյան Հայաստանի անկախացմամբ, իսկ 1991թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի է դառնում նոր՝ Ազգային սահմանադրության ընդունումը:
Այսպիսով, նոր Սահամանդրությունն ընդունվեց 1995թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեով: Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր:
Վերջերս ՀՀ Կառավարությունում հավանություն է ստացել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հուլիսի 5-ը` ՀՀ սահմանադրության օրը, նշել նաև որպես պետական խորհրդանիշների` զինանշանի, դրոշի, օրհներգի օր։