Սաթիկ Սեյրանյանի բոլոր հաղորդումները մեծ սիրով եմ նայում:
Երեկվա «Ռ-էվոլուցիան» դիտեցի համակ ուշադրությամբ, որովհետև Սաթիկի «խայթոցների» հերթական «զոհը» վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր:
Արգամիչին ճանաչում եմ նաև կենդանի շփումներից. երեկվա եթերում նա հենց այդպիսինն էր: Իհարկե, շատերի համար՝ այդ կերպարը նորություն էր, սակայն ես գնահատելի եմ համարում բարձրաստիճան պաշտոնյայի հենց այդ տեսակը, ով չի վարանում օֆիցիոզ ձևաչափից դուրս խոսել ստվերում հայտնված հարցերի մասին՝ առանց ավելորդ «ապա»-ների ու «եթե»-ների:
Հովիկ Աբրահամյանի երեկվա հարցազրույցում մի բան ինձ դուր եկավ, մյուսը՝ ոչ:
Նախ՝ բացասականի մասին:
Այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ անցած 7-8 տարիներին Արգամիչը իշխանության էլիտայում չի եղել ու թիմի ձախողումների պատճառն էլ եղել է բացառապես Տիգրան Սարգսյանի կառավարության ոչ արդյունավետ աշխատանքը:
Անցած կառավարությունն իսկապես բավարար չի աշխատել, բայց երկրում կուտակված խնդիրներն, իմ կարծիքով, ոչ թե կոնկրետ վարչապետի կամ կառավարության աշխատանքի, այլ՝ համակարգային արատների հետեւանք են: Արդարացիորեն խոսելով նախկին կառավարության սխալների մասին՝ Արգամիչը չասեց, թե ինչպես է պատրաստվում փոխել արատավոր համակարգը, որի խորհրդանիշներից մեկն էլ ինքն է:
Հիմա՝ դրականի մասին:
Նոր վարչապետի ամենակարևոր քայլերից մեկը համարում եմ նրա հանդիպումը գործարարների հետ՝ «խաղի նոր կանոնների» հաստատման խնդրով: Այն, ինչ վարչապետը խոսել է գործարարների հետ ու ինչի մասին երեկ պատմում էր հեռուստադիտողներին՝ կարևոր է երկրի զարգացման համար: Իսկապես պետությունը պետք է խոստովանի, որ երկրում առկա է ստվեր, ավելի ճիշտ՝ երկու տնտեսություն, գործարարներին խոստանա «համաներում» անցյալի համար, երաշխավորի նրանց սեփականության անձեռնմխելիությունը, բացառի կուլակաթափությունը ու բիզնեսի հետ պայմանավորվի «նոր խաղի» մասին, որի հիմքում՝ բացառապես ազատ մրցակցությունն ու բոլորի հավասարությունն են օրենքի առաջ: Նոր իրավիճակը շատ արագ կբացահայտի ու կտարանջատի բարեխիղճ գործարարներին ու միայն «տանիքով» աշխատողներին՝ տարբերակելով նաև պետության ու հասարակության վերաբերմունքները նրանց հանդեպ:
Եթե Արգամիչն անկեղծորեն իրականացնի իր այս ծրագիրը, որոշակիորեն կնպաստի համակարգի լուրջ արատների վերացմանը՝ իր համար ձևավորելով բարեփոխիչ վարչապետի իմիջ: Ես ոչ լավատես եմ, ոչ էլ՝ հոռետես:Թերևս կարելի է 100 օր սպասել՝ զգոն հայացքով հետևելով կառավարության գործունեությանը, նաև՝ վարչապետի բավականին հղկված հրապարակային խոսքին: