▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ ակնկալիքներ ունի Ֆրանսիան Հայաստանից աշխարհաքաղաքական վերջին զարգացումների համատեքստում

Երեկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը լրագրողների համար կազմակերպվել էր տեսակամուրջ Ֆրանսիայի նախագահի՝ դիվանագիտական հարցերով հատուկ խորհրդական Փոլ Ժան-Օրթիզի հետ, որի ժամանակ վերջինս անդրադարձել է Օլանդի տարածաշրջանային այցին: Ի դեպ նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը տարածաշրջանային այցով մայիսի 11-ին կժամանի Բաքու, մայիսի 12-13-ին կլինի Երևանում, իսկ մայիսի 13-ին կմեկնի Թբիլիսի: Շատ չխորանալով Ֆրանսիայի նախագահի ծրագերի մեջ Ադրբեջանի և Վրաստանի հետ կապված` անդրադառնանք Հայաստանին վերաբերող թեմաներին:

Փոլ Ժան-Օրթիզը, խոսելով Օլանդի` Հայաստան կատարելիք այցի մասին, ասել է հիմնականում հետևյալը. «Ֆրանսիայի նախագահի հայաստանյան այցի օրակարգում մի շարք տնտեսական հարցեր կան, և նա խնդիր է դրել ավելի խթանել երկու երկրների տնտեսական հարաբերությունները՝ հաշվի առնելով երկկողմ քաղաքական և մարդկային հարաբերությունների բարձր մակարդակը: Նախագահն աջակցելու է Հայաստանի արդիականացմանն ու արտաքին աշխարհին բացվելուն՝ մեծացնելով առևտրային հարաբերություններն ու նպաստելով Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, որպեսզի հնարավոր լինի խթանել ներդրողների մուտքը երկիր: Ֆրանսիան երկրորդ ամենախոշոր ներդրողն է Հայաստանում (Ռուսաստանից հետո), և նախագահ Օլանդի պատվիրակությունը մինչ այժմ Ֆրանսիայից եկած ամենակարևոր տնտեսական պատվիրակությունը կլինի: Մայիսի 12-ին Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները կբացեն հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը, նախագահ Օլանդը կայցելի «Կարֆուր» հիպերմարկետի տեղակայման տարածք:

Սա այսպես ասած ամենաանմեղ և մեզ համար ցանկալի տողեր էին, որ կարելի էր լսել ֆրանսիական կողմից: Ինչ վերաբերում է դրան հաջորդող նախադասություններին, ապա առնվազն ինձ մոտ դրանք առաջացնում են հարցեր և տարակուսանք:

Օլանդի խորհրդականը ասել է նաև, որ Ֆրանսիայի նախագահի հայաստանյան այցի քաղաքական օրակարգում են լինելու Հայաստանի և Եվրամիության հետագա հարաբերությունները: վերջինիս խոսքերով աշխարհաքաղաքական վերջին զարգացումների համատեքստում Ֆրանսիայի նախագահը ցանկանում է դրական ազդանշաններ տեսնել Հայաստանի կողմից:

Ինչ-որ շատ չե՞ն վերջրես Հայաստնանից ակնկալիքները: Քանի կար Թուրքիան էր ինչ-որ բան ակնկալում Հայաստանից, հիմա էլ` Ֆրանսիան: Եթե ես չեմ սխալվում Հայաստանը քիչ թե շատ բաց քաղաքականություն է վարում և մեր բոլոր գործընկերների համար հասկանալի: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա կարծում եմ, որ ամեն դեմքում մենք պատասխանել ենք այդ երկրին և ոչ մեկ անգամ և պատասխանել են ուղղակիորեն ու շատ հստակ: Սա զուտ Թուրքիայի մասով:

Հիմա ինձ մոտ հարց է առաջանում, թե այդ ինչ ակնկալիքներ ունի մեզանից Ֆրանսիան «աշխարհաքաղաքական վերջին զարգացումների համատեքստում»: Պարզ է, որ «աշխարհաքաղաքական վերջին զարգացումներ»-ը վերաբերում են Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերություններին Ուկրաինական հակամարտության համատեքստում, բայց պարզ չէ, թե ինչ է ակնկալում մեզանից Արևմուտքը այդ նույն համատեքստում:

Եթե ինձ իմ հիշողությունը չի դավաճանում Հայաստանի կողմից ձեռնարկված վերջին քայլերը արտաքին քաղաքականության ասպարեզում հստակ ցույց են տվել մեր դիրքորոշումը տվյալ խնդիր վերաբերյալ: Մենք, թե´ Ղրիմի անկախացմանն ենք արձագանքել «մեր շահերին համապատասխան», թե´ ՄԱԿ-ում տվյալ խնդրի շուրջ առաջարկված բանաձևին: Կարճ ասած պաշտպանել ենք Ռուսաստանի դիրքորոշումը և արել ենք իրականում երուկ պատճառով. Ելնելով թե´ մեր շահերից, թե´ որոշ առումներով պարտադրված` հասկանալով, որ Ռուսաստանն այսօրվա դրությամբ մեզ համար անփոխարինելի դաշնակից է: Այնպես որ այս հարցում մեզ վրա կարող են հույս չդնել:

Գիտեք ինչ, երբ անկախությունից ի վեր մենք Արևմոտքի կարիքն ունեինք` զարգացնելու, դիվերսիֆիկացնելու մեր տնտեսությունը, ինչպես նաև կարիքն ունեինք առհասարակ պետականության կայացման ճանապարհին, մեզ ոչ ոք պատշաճ չարձագանքեց: Այժմ երբ վերջին 23 տարիների տնթացքում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք, թե´ տնտեսապես, թե´ ռազմական տեսանկյունից լուրջ կախման մեջ ենք հայտնել Ռուսաստանից, մեզ կանգնեցնում են երկընտրանքի առջև:

Աստված սիրեք մեզ, ո´չ Ձեր կարֆուռն է պետք, ո´չ էլ Ձեր ներդրումները, միայն հանգիստ թողեք մեր երկիրը: Ես կարծում եմ, Հայաստանի համար շատ ավելի կարևոր է ապրել կայուն և խաղաղ պայմաններում, քան թե հայտնվել Ուկրաինայի իրավիճակում: Ես հուսով եմ, որ Օլանդը Հայաստանում չորով չի բարձրացնի այս հարցը և իր «ակնկալիքները» կբավարարվեն այնպես, որոնք թույլ կտան շարունակել երկկողմ հարաբերությունները հիմնված երկու երկրների առանցքային շահերի վրա:

Վազգեն Ղազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее