ԱԺ օրակարգում է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է ներդնել ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը:
ԱԺ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հարցը վերաբերում էր Մարտի մեկի դեպքերին: Նա խոսքում նշեց, որ փոխհատուցում ստացան բոլոը, անգամ խանութի տերերը, բացի զոհերի ընտանիքներից: «Եվ կառավարությունը չի ձեռնարկում համապատասխան օրենսդրական նախաձեռնություն` բացը լրացնելու համար: Ինչո՞ւ ենք մենք սպասում, որպեսզի միջազգային կառույցները կամ մարմինները մեզ պարտադրեն, նոր փոփոխություն անենք և, հետո դրական արտահայտվենք այդ փոփոխություների վերաբերյալ»,-հարցրեց պատգամավորը:
Արդարադատության փոխնախարարը պատասխանելով հարցին` ասաց, որ բարձրացվող խնդիրն իրոք արդիական է և այն ունի 2 կարևոր բաղադրիչ.
«Իրավական և ոչ իրավական: Իրավական տեսանկյունի մասին խոսելով ասեմ, որ բռնության զոհերի փոխահատուցումը կարևորվում է ողջ Եվրոպայում: Եթե վերցնենք ոչ նյութական վնասի ինստիտուտը, ապա այն եղել է մինչև Եվրոպական դատարանի համապատասխան վճիռների կայացումը: Ինչ վերաբերում է հանցագործությունից տուժածների զոհերի իրավունքների պաշտպանությանը կամ վնասի հատուցմանը, ապա այն համակարգային ուսումնասիրության խնդիր է: Բարոյական վնասի հատուցման ինստիտուտը ներդնելուց հետո այս հարցը նույնպես պետք է քննարկվի»:
Ջհանգիրյանը նշեց, որ իր առաջարկությունն ունի ֆինանսական ենթատեքստ, բայց, եթե հատուցման ինստիտուտը չենք նախատեսում, ապա իրավապահ, քրեական հետապնդման մարմինները լրացուցիչ ճնշման, հսկողության տակ չեն լինում` այդ հանցագործությունները բացահայտելու առումով: Եթե բացահայտվի` վնասը կհատուցի հանցագործը:
Նշենք, որ նախատեսվում է սահմանել, որ եթե ֆիզիկական անձի նկատմամբ թույլ է տրվել Եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), 3-րդ (խոշտանգման արգելք) կամ 5-րդ (ազատության իրավունք) հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտում, ապա այդ ֆիզիկական անձն իրավունք ունի դատական կարգով պահանջելու իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում:
Բացի դրանից, հատուցման իրավունք ունի նաեւ այն դատապարտյալը, ով արդարացվել է Եվրոպական կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 3-րդ հոդվածում նախատեսված պայմաններում: