ԱԺ-ում շարունակվում է պատգամավորների «Գազի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծի քննարկումը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու մեծամասնությունը մերժեց ոչ իշխանական ուժերի առաջարկը:
«Երբ 4 ոչ քաղաքական ուժեր այս հարցը հրատապ կարգով խորհրդարանի քննարկման առարկա դարձրեցին և, մեր նպատակն էր` առանձնացնել գլխավոր հարցերը, շատ կարճ ժամանակահատվածում կարողանալ տալ այդ հարցերի պատասխանները: Մեծամասնությունը մերժեց և որևէ համոզիչ պատասխան չեղավ, թե ինչու: Ասել, թե քմահաճություն էր, որ մենք պետք է նախաձեռնեք և դուք պետք է խաղաք մեր խաղի կանոններով, քիչ է: Ասել, թե մեծամասնությունը մտահոգված էր, թե մեր առաջարկած հանձնաժողովում ավելի քիչ հարցեր էին ընդգրկված, քան հասարակությանն է հետաքրքրում, քիչ է, դա էլ համոզիչ չէ: Ուրեմն` ի՞նչ է: կարծում ենք, որ այս նախագծում պետք է երեք հարց ներառել.Արդյոք պայմանագիրը, որը գործադրվել է 2011 թվականի ապրիլի մեկից` այդ գործընթացը համապատասխանո՞ւմ է մեր Սահմանադրությանը, թե ոչ: Արդյոք 204 դոլարը սահմանից մինչև սպառողին հասնելը, դա իսկապես 204 եք ասում, թե ավել կամ պակաս: Եվ, երրորդ, ի վերջո մինչև 2043 թվականը մենք արգելում ենք, որ էներգակիրների նոր ռեսուրսներ հայտաբերենք կամ արգելում ենք լրացուցիչ աղբյուրներ հայտնաբերել ոլորտի զարգացման համար: Մնացած որևէ հարց, այս դեպքում չեմ կարծում, որ կարող է քննարկել հանձնաժողովը»,-ասաց Ռուբեն Հակոբյանը` հավելելով.
«Դուք, ցավոք, այնպիսի հարցեր եք դրել, որ եթե ամբողջ ԱԺ մեկ ամբողջ գումարման ընթացքում լրջորեն քննարկենք, չի բավարարի այդ գումարումը: Ընդ որում՝ վերջում էլ կհայտնվենք այն վիճակում, որ կասենք՝ իզուր էինք այս հարցերը քննարկման առակա դարձրել: Ես երեկ Դավիթ Հարությունյանին ասացի, թե ի վերջո, ինչպե՞ս պետք է ճշտենք՝ Իրանը գազ Հայաստանին կմատակարարի, թե՞ ոչ, ու շատ ճիշտ ասաց պարոն Հարությունյանը, որ սա քաղաքական հարց է:
Ասվում է՝ կուսամնասիրենք: Ի՞նչը ուսումնասիրենք: Գիտենք, որ ենթակառուցվածքներ կան, գիտենք, թե ինչու թույլ չեն տալիս, որ միջանցիկ տարածք դառնա Հայաստանը: Որպեսզի ճշտենք այս քաղաքական հարցերը` պետք է գնանք կամ Իրանի նախագահի հետ հանդիպենք, նրանցի անկեղծ պատասխան լսի, կամ առնվազն Պուտինի հետ հանդիպենք, հարցրենք, թե այդ ի՞նչ քաղաքական հարց է, որ տարանցիկության հետ խնդիր ունեք»,-նշեց պատգամավորը: