▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունները որոշել են «պատժել» նաև… Վահան Տերյանին

Բանաստեղծ Վահան Տերյանի թոռը՝ Գրիգոր Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԻՆՉՊԵՍ «ՊԱՏԺԵԼ» 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՎԱԽՃԱՆՎԱԾ ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆԻՆ
Այսօրվա մեր իշխանությունները վատ խասիաթ ունեն: Ոչ թե բնավորություն, ինչը հայկական է ու քիչ թե շատ մեղմ, այլ՝ խասիաթ: Նրանց վրեժխնդրության չափն անցնում է բոլոր սահմանները: Եթե ինչ-որ մեկը, կամ նրա գործունեությունն իրենց սրտով չէ, ոչ միայն այդ անձին են հետապնդում, այլև նրա ազգականներին:

Վահան Տերյանի թոռն ու ծոռը՝ Գրիգոր և Գևորգ Էմին-Տերյանները, նրանց դուր չեն գալիս: Եվ քանի որ տվյալ դեպքում մեկ անձ չէ, այլ, միանգամից երկուսն են, իշխանությունների վրեժխնդրության չափն ու ֆանտազիան հիստերիկ չափերի են հասել: Բացի այդ երկուսի դեմ պատժամիջոցներ կիրառելուց, որոշել են «պատժել» նաև… Վահան Տերյանին: Եվ, քանի որ բանաստեղծը վախճանվել է 100 տարի առաջ, իրենց ոխը թափել են նրա արձանի վրա:
ԻՆՉՊԵՍ «ՊԱՏԺԵԼ» ԱՐՁԱՆԸ
Բայց այնպես պատժել, որ դա լինի ոչ թե բացահայտ՝ այլ «խորամանկաքամակ» ձևով (ռուսներն այդ բառով են բնութագրում որոշ հայերի տեսակը՝ անվանելով նրանց «хитрожопые»).

Այդ նպատակին հասնելու համար պետք է այնպես անել, որ քանդակը չերևա, կամ, գոնե, ոչ բոլոր կողմերից լինի տեսանելի: Հատկապես չերևա ծառուղուց, եթե այն տեղադրված է այգում:

Արձանները, եթե նկատել եք, այնպես են տեղադրում, որ նրանք բոլոր կողմերից լավ տեսանելի լինեն:
Իսկ ինչպե՞ս անել, որ այդպես չլինի:

Ճիշտ է, կազմակերպել ծառատունկ և արձանի դիմաց տնկել տնկիներ: Բայց ոչ թե սովորական ձևով, իրարից որոշ հեռավորության վրա, այլ՝ խիտ-խիտ: Դրանք 1-2 տարուց հետո լրիվ կփակեն տեսանելիությունը և թույլ չեն տա տեսնել քանդակագործ Նորայր Կարգանյանի ստեղծագործությունը, որը տեղադրված է Երևանի կենտրոնում գտնվող Օղակաձև այգում:

Անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին այդպես էլ վարվել են, և քանդակը շուտով տեսանելի կլինի միայն մի կողմից: Իսկ այն մասից, որտեղից տերյանասերները սիրում էին լուսանկարվել արձանի ֆոնին և որտեղ տեղադրված է այն լուսավորող լուսարձակը, քանդակը չի երևա: Եվ դա շատ ցավալի է, որովհետև արվեստի գործ հանդիսացող արձանները պետք է երևան բոլոր կողմերից: Դա հատկապես վերաբերում է Նորայր Կարգանյանի տվյալ ստեղծագործությանը, որը պարունակում է թաքնված սիմվոլներ:

Որպեսզի հիշեցնի, որ Վահան Տերյանը ոչ միայն բանաստեղծ է, այլ նաև եղել է ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյա՝ կոմիսար, քանդակագործը նրա ձեռքում գտնվող գիրքն այնպես է տեղադրել, որ մի կողմից այն երևում է որպես զենք՝ նագան, մեկ ուրիշ ռակուրսից՝ որպես գիրք:
Շուտով, երբ տնկիները մեծանան, տերյանասերներին տեսանելի կլինի միայն ատրճանակը:

Գլխի եմ ընկնում, որ այս ամենը կբացատրեն լոկ թյուրիմացությամբ, որպես սխալ ծառատունկի հետևանք: Բայց եթե տեղում լինեք, կտեսնեք, որ տնկիներն այդպես խիտ-խիտ ու շատ տեղադրված են միայն արձանի դիմաց, մյուս տեղերում տնկված են հեռու-հեռու: Եվ քանի որ արձանը գտնվում է այգում, այնտեղ բավականաչափ ազատ հողակտորներ կան, որտեղ հնարավոր էր տնկել այդ ծառերը: Այնպես որ, տեղի պակասը չէ, որ ստիպել է փակել արձանի տեսանելիությունը:

Ի դեպ: Երևանի համարյա բոլոր խանութների սեփականատերերը կտրում են իրենց օբյեկտների դիմաց աճող ծառերը: Կտրում են, որպեսզի չփակվի իրենց խանութի ցուցափեղկի տեսանելիությունը: Եվ իշխանությունները համարյա միշտ ըմբռնումով են մոտենում այդ երևույթին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее