Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին վերջերս հանդես էր եկել Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանին միացնելու հայտարարությամբ: Նրա` հայամետ լինելու, արված հայտարարության և այն լուրջ ընդունելու կամ չընդունելու մասին ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի հետ:
Ժիրնովսկին հայտնի է որպես հայամետ քաղաքական գործիչ: Ձեր կարծիքով, ի՞նչն է եղել նրա այդ հայտարարության նպատակը, եթե հաշվի առնենք այն, որ Պուտինը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը` նշելով, որ խնդիրը պետք է լուծվի 3 հիմնարար սկզբունքների վրա.ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն:
-Ժիրինովսկու քննադատությունները Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ նախևառաջ պետք է դիտարկել ՌԴ արտաքին քաղաքականության հետաքրքրությունների դաշտում ու դա Ժիրինովսկին հնչեցնում է` ելնելով ոչ թե Հայաստանի, այլ ՌԴ-ի պետական շահերից: Այնպես որ, պետք չէ այս կամ այն գործչին հայամետ կամ թուրքամետ անվանելը:
Երկրորդ, Ժիրինովսկին էմոցիոնալ, միաժամանակ ՌԴ կայսերապաշտական գաղափարները կրող գործիչ է, սակայն նրա հայտարարությունն, անշուշտ, որպես պաշտոնական մոտեցում չենք կարող ընդունել:
Երրորդ, Արցախն արդեն իսկ որոշել է, թե ինչն է իր համար կարևոր ու նպատակահարմար ու շարժվում է ԼՂՀ-ի` միջազգային ճանաչման ուղիով:
Արդյոք այս հայտարարությունը հասարակության տրամադրությունը ստուգելու համար չէ՞:
-Ես կասեի` այս հայտարարության հիմնական նպատակը ոչ միայն հայաստանյան և ադրբեջանական հասարակությունների, այլ իշխանական շրջանակների տրամադրությունների շոշափումն էր: Միջազգային պրակտիկայում նման երևույթների կարելի է հաճախակի հանդիպել, այնպես որ պետք չէ ոչինչ բացառել:
Արժե՞ լուրջ ընդունել հայտարարությունը և պաշտոնապես պատասխանել:
-Հայաստանն ու Արցախը` համապատասխանաբար ԱԺ փոխնախագահի և ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակի, մեկնաբանել են այդ հայտարարությունը: Արցախի կայացումը որպես պետություն և ԼՂՀ-ի անկախության միջազգային ճանաչման գործընթացը լավագույն պատասխան են նմանատիպ հայտարարություններին:
Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադառնալով հայտարարությանը` նշել է, որ հավանաբար անհատական մոտեցում է ցուցաբերել Ժիրինովսկին, պետական մոտեցում չկա:
ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասել է.
«ՀՀԿ դիրքորոշումը, մեր կարծիքը մնում է անփոփոխ, Արցախի ժողովուրդը հանրաքվեով որոշել է Արցախի ճակատագիրը, կողմ է քվեարկել անկախությանը»:
Անի Կարապետյան