▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճիշտ բառը ցեղասպանությունն է. վերջնական նպատակը՝ արդարությունը

Անցյալ շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանի մեկնաբանությունները մեծ տարաձայնությունների տեղիք տվեցին, երբ, ինչպես հաղորդվում է, փետրվարի 5-ին Երևանում իր նախընտական արշավի ժամանակ, նա հայտարարել է, թե  «ցեղասպանություն» և «եղեռն» բառերը նույնն են: Նա վստահեցրել է, որ նախագահ Օբաման անգամ «ցեղասպանություն» բառը չարտասանելով ասել է «ամեն ինչ»: Հայաստանի նախագահը նկատի է ունեցել ԱՄՆ նախագահ Օբամայի կողմից «Մեծ եղեռն», այլ ոչ թե «Հայոց ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը Ապրիլի 24-ի նրա ամենամյա ոգեկոչման ուղերձներում:

 

Մինչև 1943 թվականին Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» բառի հորինումը, հայերը հիմնականում օգտագործել են «Եղեռն» և «Մեծ եղեռն» բառերը՝ 1915-23թթ. ժամանակահատվածում կազմակերպված հայերի զանգվածային ջարդերը բնութագրելու համար: Նախքան 1943 թվականը հայերը զանազան արտահայտություններ են օգտագործել այդ կոտորածներին անդրադառնալիս, ինչպիսիք են՝ «ջարդ», «մեծ ոճիր», «աղետ», «տեղահանություն» և «աքսոր»: Սակայն այս բառերից և ոչ մեկը, միջազգային օրենքի համաձայն, «ցեղասպանության» իրավական զուգորդական իմաստը չունի:

 

1943 թվականից ի վեր, հայերը շատ ժամանակ են ծախսել և ջանք ու եռանդ չեն խնայել աշխարհին համոզելու համար, որ նրանք ցեղասպանության զոհեր են և այժմ միջազգային օրենքով արդարություն են պահանջում Թուրքիայից: Սա է հիմնական պատճառը, թե ինչու են հայերը հետապնդում ցեղասպանության, այլ ոչ թե՝ ջարդերի, եղեռնի կամ տեղահանության ճանաչում:


Միակ պատճառը, որ նախագահ Օբաման «Մեծ եղեռն» եզրույթն է օգտագործել իր ամենամյա ուղերձներում «Հայոց ցեղասպանություն» բառերից խուսափելն է՝ զիջելով թուրքական ճնշումներին: Եթե Մեծ եղեռն ու ցեղասպանությունը միևնույն իմաստն ունեն, ինչո՞ւ նախագահ Օբաման «Մեծ եղեռնի» փոխարեն չի օգտագործում «ցեղասպանություն» եզրույթը: Ի վերջո, նախագահի թեկնածու Օբաման ամերիկահայ ընտրողներին չէր խոստացել, որ ընտրվելու դեպքում ճանաչելու է Մեծ եղեռնը, այլ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը:

 
Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե Մեծ եղեռնը և ցեղասպանությունը հոմանիշներ են, պարզապես նախագահ Օբամայի առջև ազատ ուղի են հարթում՝ թույլ տալով նրան չպահպանել իր լրջագույն խոստումը: Նրանք միաժամանակ վնաս են հասցնում Հայոց ցեղասպանության ճանաչման համար մի քանի տասնամյակների հայկական լոբբիստական տքնաջան ճիգերին:

 

Նրանք, ովքեր հաստատում են Մեծ եղեռնի և ցեղասպանության միջև առկա համարժեքությունը, ամենևին էլ այդպես չեն անում հայկական տերմինաբանությանն անտեղյակ լինելու պատճառով: Նրանք շատ լավ գիտեն, որ այդ երկու բառերը նույն իմաստը չունեն: Նրանց իսկական նպատակը հաղթանակ հայտարարելն է՝ օտարներին համոզելու համար, որ Միացյալ Նահանգների նախագահն ի վերջո ճանաչել է Հայոց ցեղասպանության իրողությունը:

 

Այս մոտեցման մեջ առկա է մի քանի խաբկանք: Նախ՝ անկախ այն հանգամանքից, թե Մեծ եղեռնը ինչ է նշանակում հայ ժողովրդի համար, այն բոլորովին անիմաստ մի եզրույթ է բոլոր նրանց համար, ովքեր հայերեն չգիտեն: Երկրորդ՝ Մեծ եղեռնի և ցեղասպանության միջև զուգահեռներ անցկացնելը ցեղասպանության ճանաչման գործում հաջողություն հայտարարելու համար, անօգուտ գործ է: Իրոք, կարիք չկա աղավաղել նախագահ Օբամայի խոսքերի իմաստը: Դեռևս 1951 թվականին Միացյալ Նահանգները ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, երբ ԱՄՆ կառավարությունը պաշտոնական փաստաթուղթ է ներկայացրել Միջազգային արդարադատության դատարան (Միջազգային դատարան)՝ ճանաչելով Հրեական Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանության օրինակներ: Միացյալ Նահանգների մեկ այլ նախագահ՝ Ռոնալդ Ռեյգանը, 1981 թվականի ապրիլի 22-ին նախագահական Հռչակագիր է ստորագրել, որտեղ նա հիշատակել է Հայոց ցեղասպանությունը: Բացի այդ, Ներկայացուցիչների պալատը երկու անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ 1975 և 1984 թվականներին ընդունված բանաձևերում:

 

Հետևաբար, այլևս խիստ անհրաժեշտություն չկա հետամուտ լինել Հայոց ցեղասպանության հավելյալ ճանաչմանը՝ կոնգրեսում շարունակական բանաձևեր անցկացնելով կամ նախագահ Օբամայից պահանջելով արտասանել «Հայոց ցեղասպանություն» բառերը: Կարիք չկա նաև վերաիմաստավորել նախագահ Օբամայի ուղերձները, պնդելով, թե «Մեծ եղեռն» եզրույթը օգտագործելով նա ինքնըստինքյան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նախագահ Օբաման Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար միայն մեկ պատճառ ունի՝ լինել իր խոսքի տերը:

 
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին հայ ժողովրդի և նրա աջակիցների համար խիստ կարևոր է իրենց ուժերը կենտրոնացնել ոչ թե ցեղասպանության հավելյալ ճանաչման հասնելու վրա, որն արդեն կայացած իրողություն է, այլև՝ արդարության ապահովման վրա՝ հարյուր տարի առաջ իրենց նախնիների դեմ գործված զանգվածային ոճրագործությունների համար:

 

Միացյալ Նահանգներից կամ անգամ Թուրքիայից Ցեղասպանության ճանաչումը

պահանջելու փոխարեն, ինչը որևէ կոնկրետ օգուտ չի բերի, հայերն իրենց ուժերը պետք է կենտրոնացնեն ավելի իմաստալից քայլերի վրա, ինչպիսիք են հայցերի ներկայացումը թուրքական կառավարության դեմ՝ ազգային և միջազգային դատարաններում:


Երբ հայ ժողովուրդը դատական կարգով կամ աշխարհաքաղաքական անսպասելի զարգացումների հետևանքով Թուրքիայից վերստին ստանա իր տարածքներն ու ունեցվածքը, թուրքական կառավարությունը ինչքան ուզում է կարող է չճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

 Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее