ԱԺ-ում Կառավարությանն ուղղված հարց ու պատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսան Արզումանյանի հարցը վերաբերում էր հեռուստաընկերություններից մեկով ռուսերենով հեռարձակվող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղին:
«Ինչո՞ւ չեք պահանջում հայերեն անցկացնել խաղը»,-հարցրեց պատգամավորը` հավելեով, որ այդ դեպքում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղը պետք է բրիտանական անգլերենով անցկացվեր, «Հայաստանի ձայնն» էլ` հոլանդերենով:
«Միևնույն ժամանակ հարևան Վրաստանի կառավարության աջակցությամբ նույն խաղը հեռարձակվում է վրացերենով»,-փաստեց Ալեքսան Արզումանյանը` հարցնելով, թե ինչո՞ւ խաղը չի տեղայնացվում, հայերեն լեզվով հնարավոր չէ՞ ինտելեկտուալ շարժում զարգացնել:
Հարցին պատասխանեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը` նշելով երկու խնդիր.
«Կա ինտելեկտուալ խաղի միջազգային լիգա. մեր հաղթողները մասնակցում են միջազգաին լիգային, որի լեզուն ռուսերենն է, խաղի այդ մի կտորը տեղի է ունենում այդպես, իսկ ավելի լայն զանգվածը, որ ամբողջովին ջրի տակ է, հայերենով է լինում: Այսբերգը հայերեն է անցկացվում»:
Վաչե Գաբրիլյանը խոսքում նշեց, որ ազգային փոքրամասնությունների համար որոշ ինտելեկտուալ խաղեր հեռարձակվում են համապատասխան լեզուներով:
Ալեքսան Արզումանյանին պատասխանը չգոհացրեց և նա նշեց, թե պատասխանը հիմք է տալիս հասկանալ, որ հայերը փոքրամասնություն են, քանի որ ռուսերեն է անցկացվում խաղը, որի մասին էր իր հարցը:
Շարունակելով Ալեքսան Արզումանյանի խոսքը` Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Կառավարության աշխատակազմի ղեկավարի տված պատասխանից բխում է, որ խաղի անդամները ներկայացնում են ռուսալեզու փոքրամասնություն: Պետք է КВН-ի թիմ հանել և մասնակցել այդ խաղին»:
Իսկ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն էլ, պատասխանելով Փաշինյանի հարցին, որ վերաբերում էր արագաչափերից ստացված գումարներին, վերջում` ռեպլիկի կարգով , նշել է, որ կառավարութա թիմն` ուզի КВН-ին կմասնակցի, ուզի` «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղին...