Մայիսի 1-ից վեց ամիս անց՝ թեժ պայքարից հետո, իրավունքի ուժով արձակվեց խորհրդարանը: Նման աջակցության կառավարությունը հասավ համաժողովրդական պահանջի և քաղաքական որոշ դերակատարների հետ պայմանավորվածությունների արդյունքում: Այսօր արդեն նոր Ազգային ժողով հավակնում են մուտք գործել հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ, որոնցից շատերն այս ամիսների ընթացքում սևացնելով «նախկիններին»՝ ամրապնդել են դիրքերը, հարթելով սեփական երազանքի ճանապարհը: Համաձայն չգրված օրենքի՝ սովորաբար բոլոր ժամանակներում իշխանության աշխատանքը փորձել են վերլուծել հասարակության ընդդիմադիր թևի քաղաքական գործիչները, վերլուծաբաններն ու լրագրողները: Սակայն այսօր նման փորձեր կատարողները հռչակվում են որպես հակահեղափոխականներ և հաճախ արժանանում անվայել խոսքերի կամ սպառնալիքների, քանի որ «Նոր Հայաստանի» իշխանության կատարած աշխատանքներն անքննելի են հասարակության այն շերտի համար, որն անվերապահորեն անտեսելով ամեն ինչ՝ առաջնորդվում է ավելի շատ ներքին ձայնով, քան սթափ դատողությամբ:
Այսօր անվայել խոսքերի ու սպառնալիքների են արժանանում բոլոր այն մարդիկ, որոնք փորձում են վերլուծել ստեղծված իրավիճակը կամ հանդես գալ բոցաշունչ ելույթներով՝ ապացուցելու, որ այսօր ժողովրդի վիճակն ավելի վատ է, քան նախկինում: Իհարկե, պատճառն ակնհայտ է՝ շատերը չեն վստահում նախորդ կառավարությանը, և անկախ նրանից, թե ինչպիսի նախաձեռնությամբ է տվյալ անձը հանդես գալիս, մերժվում է իր յուրաքանչյուր քայլում՝ հռչակվելով հակահեղափոխական, ի տարբերություն գործադիրի ցանկացած քայլից:

Հիշենք, նույն «Էլեկտրիկ Երևանի» հոսանքի թանկացման փորձերը, երբ հայտարարությունից ժամեր անց քաղաքական աղմուկ էր բարձրացել, որն, ի դեպ, որակվեց որպես դավաճանություն սեփական ազգի նկատմամբ: Հիմա նույն համատարած թանկացումը միանգամայն ընդունելի է: Ինչո՞ւ, քանի որ իշխանությունն այսօր ժողովրդին է պատկանում: Սա է մեր իրականությունը՝ այսպես ասած «սիրո և համերաշխության» հեղափոխությունը: Իսկ նախքան իշխանության գալը խոստացված երկրի թռիչքային զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման և ներդրումնային բումի մասին պատմությունը միայն լռում է: Իսկ ոլորտի մասնագետների փոխանցած տվյալների համաձայն` միայն առաջին եռամսյակի համեմատ երկրորդ եռամսյակում երեք անգամ ներդրումները նվազել են, քանի որ եթե առաջին եռամսյակում դրանք կազմել են 100 մլն ԱՄՆ դոլար, երկրորդում՝ եղել են 9 մլն ԱՄՆ դոլար: Իսկ ակնկալվող «թռիչքային» զարգացման համար բյուջեով սահմանված է 6,5 տոկոս տնտեսական աճ, որը նվազելու է 2019 թ-ին՝ կազմելով ընդամենը 4,9 տոկոս: Ընդ որում՝ չի սպասվում աշխատավարձերի բարձրացում նույնիսկ սպասվող 3,5 տոկոս գնաճի պարագայում:

Հիմա որ ոլորտն էլ վերցնենք կարիք ունի ոլորտին տիրապետող մասնագետների շուտափույթ նեգրավման ու առողջացման, բայց այս ամենից զատ ամենակարևորը՝ հանրության մի ստվար զանգվածի վստահությունն է, որը դեռ կա նոր իշխանության հանդեպ, և քանի որ կա, անհրաժեշտ է արագ քայլեր ձեռնարկել էլ ավելի հետընթաց չգրանցելու համար: Իսկ խորհրդարանական կառավարում ունեցող երկրի նոր խորհրդարանում՝ հուսանք, որ կհայտնվեն այնպիսի դեմքեր, որոնք ոչ թե քրեաօլիգարխիկ համակարգի «ռեյտինգային» երջանիկներ են, որոնց այսօր իշխանությունը փորձում է ներկայացնել իբրև գործարարներ կամ էլ չասենք՝ փողոցից, բայց հաստատապես բառացիորեն փողոցում լինելու, փողոց փակելու ու պոպուլիստական հնչեղ կոչերի հեղինակներ, որոնց փորձն արդեն իսկ կա, այլ հստակ քաղաքական դիրքորոշում և սկզբունքներ ունեցող քաղաքական գործիչներ:
Արման Խարազյան


