▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենտրոնի թաղապետի առանձնատանը 50-ից ավելի մարդ կա գրանցված

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի ՝ Նորագյուղում գտնվող առանձնատանը հաշվառված է 50-ից ավելի քաղաքացի, նրանցից 22-ը՝ չափահաս, ընտրելու իրավունք ունեցող։

ՕրագիրՆյուզ-ն  է գրում ու մանրամասնում․ «Պարզեցինք, որ Պետոյան ազգանունով ընդամենը 2 հոգի է գրանցված նշված հասցեում, Կենտրոնի թաղապետ Պետրոս Պետոյանը և նրա կինը՝ Գայանե Պետոյանը։

Կապ հաստատեցինք Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի հետ, հարցրեցինք, թե ինչպե՞ս կմեկնաբանի վերը նշված փաստը։ Թաղապետը դա բացատրեց հասցեի անճշտություններով․

«Դա հասցեի անճշտություն է, երևի՝ տարբեր կոտորակներով են։ Մեր տան վրա 4 հոգի է գրանցված՝ ես, կինս և 2 երեխաներս»։

Հարցին՝ դիմե՞լ եք համապատասխան կառույցներին, որպեսզի այս անճշտությունը ուղղեն, Պետոյանը պատասխանեց, որ առաջին անգամ մեզնից է իմանում, ուստի՝ որևէ տեղ չի դիմել։

«Ինձ թվում է՝ Կադաստրի խնդիր է իրականում, բայց ես առաջին անգամ ձեզնից եմ լսում։ Թաիրովի փողոց 35 հասցեում ես սեփականատեր եմ վաղուց, տեղափոխվել ենք վաղուց, բայց վերջերս ենք գրանցվել, մինչ այդ այլ հասցեում էինք գրանցված։

Կարծում եմ՝ անճշտությունը կոտորակներն են, որովհետև Նորագյուղում տները շատ խառն են եղել, օրիանկ՝ շատ դեպքերում հասցեները նույնն են, բայց կոտորակներով բաժանվում են։ Կադաստրի վկայականով՝ մեր տունը Թաիրովի 35 հասցեն է, բայց մեր 4-ից բացի ուրիշ մարդ գրանցված չէ։

Մենք հողը ձեռք ենք բերել մոտ 10 տարի առաջ, հետո կառուցապատել ենք։ Կարող է՝ նախկինում գրանցված մարդիկ են եղել այս հասցեում, բայց դա արդեն չգիտեմ․․․ Հեսա կճշտեմ, ինձ համար էլ էր անակնկալ, լավ ինֆորմացիա էր»,- ասաց Կենտրոնի թաղապետը։

Հեռախոսազրույցից րոպեներ անց Պետրոս Պետոյանը կապ հաստատեց մեզ հետ և հայտնեց, որ մեր տեղեկությունը ճիշտ է՝ 50-ից ավելի մարդ կա գրանցված իրենց հասցեում։

«Ես ճշտեցի, ասացին՝ քանի որ Նորագյուղում հասցեները շատ խառն են եղել ու սեփականություն չի եղել, շատ հանարվոր է, որ մարդիկ գնացել են, քաղաքապետարանից հասցեները վերցրել են, բայց հետո չեն տարել Կադաստր՝ գրանցման, դրա համար անձնագրայինում, ինչքան կողքի հարևանություն կա, բոլորը մեր հասցեի վրա են գրանցված։ Իրենց հասցեները վաղուց այլ են՝ 35/1, 35/2 և այլն, որովհետև դրանցով են նաև կոմունալ վճարումներ կատարում, բայց քանի որ չեն տարել Կադաստր և մուտք արել, անձնագրայինում չի փոխվել։

Հիմա մենք պետք է դիմում գրենք, տեսնենք, թե քանի սեփականատեր է մեր հասցեում գրանցված, չափագրում անենք, որ արդեն առանձնացնենք։ Իրականում՝ շնորհակալություն, ես կկազմակերպեմ, հետո Ձեզ տեղյակ կպահեմ, թե ինչ զարգացում եղավ»,- ասաց Կենտրոնի թաղապետը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее