Ուկրաինայի Լուգանսկ և Դոնեցկ շրջաններում երեկ տեղի ունեցած հանրաքվեների արդյունքն այլևս պարզ է. Դոնբասը որոշում կայացրեց օգտվել իր կամաարտահայտման իրավունքից և ինքնորոշվել մնացյալ Ուկրաինայից: Երկու շրջաններում էլ գրանցվել էին ակտիվության բարձր ցուցանիշներ, որի արդյունքում երկու շրջաններում էլ ընտրողների ավելի քան 95%-ը քվեարկեց հօգուտ անկախացման: Սրան արդեն պատասխանել են ինչպես Կիևից և Արևմուտքից, այնպես էլ Ռուսաստանից:
Կիևից ասել են, որ այդ հանրաքվեները ոչ մի իրավական հիմք չունեն (գործող նախագահ Ալեքսանդր Տուրչինով) և որակել են դրանք որպես աղետ (Յուլիա Տիմոշենկո): Արևմուտքը կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել դրանք և դատապարտել, քանի որ պատահածն իբր հակասում է Ուկրաինայի սահմանադրությանը: Կատարվածին է անդրադարձել նաև ԵԱՀԿ գործող նախագահը, Շվեյցարիայի նախագահ և արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը, ով սա որակել է որպես սադրանք: Մինչդեռ Կրեմլից հարգանքով են մոտեցել վերոնշյալ շրջանների ժողովուրդների կամարտահայտմանը և հույս հայտնել, որ հանրաքվեի արդյունքները կիրականացվեն: Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է նաև, թե Ռուսաստանը հույս ունի, որ ամեն ինչ քաղաքակիրթ ճանապարհով կանցնի՝ առանց բռնության, Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների միջև երկխոսության միջոցով:
Փաստորեն, ստացվում է այնպես, որ ուկրաինական հակամարտության ներկայիս փուլում իրավիճակը կրկին ենթարկվում է էսկալացիայի: Ռուսաստանը, հարգելով Դոնբասում անցկացված հանրաքվեները, փաստացի ճանաչում է դրանց լեգիտիմությունը: Չի բացառվում, որ Ռուսաստանի նման որոշմանը կհաջորդի արևմուտյան պատժամիջոցների ընդլայնումը: Ի վերջո, ավելի վաղ Արևմուտքը մեկ անգամ չէ, որ սպառնացել էր Մոսկվայի պատժամիջոցների ընդլայնմամբ՝ վերջինիս «ապակառուցողական գործողությունների» շարունակականության դեպքում, իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Արևմուտքը Ուկրաինայում ճգնաժամի սրումը կապում է Ռուսաստանի անմիջական ներգրավվածությամբ, ապա դժվար չէ ենթադրել, որ Արևմուտքի կողմից վերջին զարգացումներին համապատասխան, կձեռնարկվեն կոնկրետ միջոցառումներ՝ ընդդեմ Ռուսաստանի:
Կարճ ասած՝ Ուկրաինայում ճգնաժամը խորանում է և էլ ավելի հեռվացնում կողմերին ընդհանուր լեզու գտնելու ճանապարհից: