«Ծրագիրը նոր չէ, արդեն 4-րդ տարին է՝ անցկացվում է ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետում։ Տվյալագետների պակաս այսօր զգացվում է ամբողջ աշխարհում ու տարբեր ոլորտներում։ Այս մասնագիտությունը կոնկրետ բիզնեսին է վերաբորում։ Մենք այսօր փորձում ենք խրախուսել այն մագիստրոսական ծրագրերը հատկապես, որոնց պահանջարկը շուկան ունի։ Շուկան շատ արագ է զարգանում, և փորձում ենք դա անել՝ շուկայի հետ համահունչ քայլելով, այսինքն՝է տեսնելով այն մասնագիտությունները, որոնց
անհրաժեշտությունը կա, օրինակ՝ արհեստական բանականության հետ կապված, տվյալագիտության հետ կապված և նմանատիպ այլ ոլորտների հետ կապված՝ փորձում ենք համահունչ քայլել։ Կարծում եմ՝ այս մասնագետները, որոնք ավարտում են այս ծրագիրը, անմիջապես իրենց տեղն են գտնելու շուկայում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյան՝ խոսելով «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի մասին։

Նշենք, որ նոյեմբերի 9-ին Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) անցկացրեց կրթաթոշակների տրամադրման արարողություն` նվիրված «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), ISTC-ի հետ համատեղ և Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ անցկացվող «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողներին: Շուկայի պահանջներին համահունչ և միջազգային արդիական չափորոշիչներին համապատասխան մշակված այս ծրագիրը պատրաստում է տվյալագետներ, ովքեր կտիրապետեն տվյալների վերլուծության հիման վրա որոշումների կայացմանը, մեքենայական ուսուցման մեթոդներին, ինչպես նաև արհեստական բանականության վրա հիմնված լուծումների համակարգին։ Տվյալագետներ, ովքեր կարող են ձևակերպել խնդիրներ, մշակել այդ խնդիրների լուծման ալգորիթմները և գտնել այդ ալգորիթմների իրականացման ծրագրային լուծումներ։

«Մենք մաթեմատիկայի ֆակուլտետում ունենք մասնագիտություն, որտեղ մրցույթով են անցնում։ Տվյալագիտության վարձը բավական բարձր է, բայց մարդիկ այսօր պատրաստ են վճարելու՝ գիտելիք ստանալու համար։ Այնտեղ էլ, այստեղ էլ ընտրվել են լավագույնները, ովքեր պետք է պատրաստվեն և դառնան մասնագետներ։ Ես փորձում էի տարբեր ծրագրերի շուրջ ներգրավել բիզնեսի ներկայացուցիչների։ Եթե բիզնեսը չգա դեպի կրթություն, ապա դժվար է ակնկալել լավ կրթություն։ Սա այն համագործակցությունն է, որը մենք պետք է կիրառենք տարբեր ոլորտների նկատմմաբ՝ սկսած քիմայից՝ վերջացրած տվյալագիտությամբ»,- իր խոսքում նշեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը։
PM science-ի հայաստանյան գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանը իր խոսքում նշեց, որ ծրագրի հիմնական արդյունավետության ցուցանիշը նա է, որ մագիստրոսական ծրագրում ընդգրկված ցանկացած ուսանող ՝ անգամ առաջին տարում, ամբողջությամբ ունի աշխատանք։
«PM science-ը, լինելով այս ծրագրի մաս և ֆինանսավորելով այն, ինքն էլ նպատակ ունի երեխաներին ուղղելն դեպի մեր կենտրոն։ Երբ սկսում էինք, սա միակ ծրագիրն էր, այսօր համալսարանն ունի նմանատիպ 2-րդ ծրագիր։ Որպեսզի մեր աշխատատեղերը լրացնեն, ստիպված ենք լինում լրացուցիչ դասընթացներ անել, սրանից լավ արդյունավետություն չի»,- ասաց Վահե Դանիելյանը։
Հավելենք, որ դասավանդումն իրականացվելու է կրթական ոլորտի, ընկերություններում աշխատող և հրավիրված լավագույն մասնագետների կողմից, որոնք կփոխանցեն ոչ միայն իրենց տեսական գիտելիքներն, այլ նաև գործնական փորձը: Դասընթացների մի մասն իրականացվելու է գործընկեր կազմակերպություններում, ինչը հնարավորություն կտա ուսանողներին լուծել կիրառական խնդիրներ և ծանոթանալ աշխատաշուկայի
պահանջներին:
Ուսանողները հնարավորություն ունեն նաև 2-րդ կուրսից շարունակելու ուսումը ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանում՝ ստանալով կրկնակի դիպլոմ և անցնելով պրակտիկա Սիլիկոնյան հովտի կազմակերպություններում։


