Կյանքս կյանքիդ գնով. ռազմագիտության դասարան՝ 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արշալույս Չոբանյանի անունով Հունվարի 28-ը հիշարժան և նշանավոր օր է հայ ժողովրդի կյանքում. 30 տարի առաջ կամավորական ջոկատներից կազմավորվեց հայոց բանակը, որն անառիկ էր պահում մեր երկրի սահմանները։

Եվ պատահական չէ, որ հենց հունվարի 28-ին Եղվարդի N 3 հիմնական դպրոցում կազմակերպել էին հուշ-ցերեկույթ` նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված եղվարդցի հերոսներին։ Այն կրում էր «Կյանքս կյանքիդ» գնով խորագիրը (կազմակերպիչներ` Ա. Իսահակյան և Հ. Մկրտչյան)։ Երեխաները ներկայացրին հերոսների կենսագրությունը, նրանց մարտական սխրանքները և խոնարհվեցին հերոսածին մայրերի առաջ։ Ելույթ ունեցավ Եղվարդի N 3 դպրոցի տնօրեն Լ. Աղայանը, ով կարևորեց դպրոցի և ուսուցչի դերը մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում։
Տնօրենը ներկայացրեց նաև փոխգնդապետ Արշալույս Չոբանյանի ընկերներ Մկրտիչ Մակարյանի և Արամ Մուսաելյանի՝ ռազմագիտության դասարանը փոխգնդապետի անունով կոչելու առաջարկը։ Նրանց ջանքերով վերանորոգվել և կահավորվել էր դասարանը, որի բացման ժամանակ փոխգնդապետ Արշալույս Չոբանյանի շքանշանը` «Մարտական խաչ առաջին աստիճանի», նրա 15-ամյա որդուն հանձնեց գնդապետ Ա.Մանուչարյանը։

Արարողությանը ներկա էր նաև Կոտայքի մարզի Նաիրի ( Եղվարդ) համայնքի ղեկավար Ն.Սարգսյանը, ով նախ շնորհավորեց բոլոր զինծառայողներին, ապա ուժ ու համբերություն մաղթեց նահատակ հերոսների ընտանիքներին։


