Պիտի ասեմ, որովհետև լռությունն էլ կաթ-կաթ հավաքվում ու դառնում է հեղեղ, ու չես կարող դեմն առնել տարերքի: Եվ ես ուզում եմ, որ այդ հեղեղը հզոր լինի, կարողանա քշել-տանել քաղաքական գորշությունն ու պարզել ջուրը:
Հավատացած եմ՝ կարող ենք պարզել ջուրը, որովհետև շատերն են ինձ պես կաթ-կաթ լռել ու լցվել, և խախտվել է համբերության սահմանը: Եվ ով ինչ ուզում է ասել, ով ինչ մեծության քար ուզում է շպրտել, ես պիտի ասեմ՝ մի՜ համեմատեք Լևոնի ու Րաֆֆու շարժումը, անխղճություն է դա, մի՜ համեմատեք առուն ու օվկիանոսը, ծիտն ու արծիվը, քարն ու սարը… Մի՜ համեմատեք մեծն ու փոքրը, անսահմանությունն ու սահմանը, հավերժն ու անցողիկը, կրակն ու սառույցը… Ես սա ասել եմ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի հենց առաջին օրը՝ գրելով «Ուրիշ էր Լևոնի հանրահավաքը» վերտառությամբ հոդվածը, որը նույնիսկ Րաֆֆու վարկանիշի կուլմինացիոն կետում արժանացել էր մեծ հավանության: Այո, համեմատության եզրեր մի փնտրեք Րաֆֆի քաղաքական գործչի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև:
Րաֆֆին արհեստական ստեղծված զուգահեռագիծ է, որը հավետ չի հատվելու առաջին նախագահի զուգահեռագծի հետ: Րաֆֆու գիծն առաջին նախագահի գծի ծաղրանկարն է, ուրվականը, գծապատկերը… Նախապես ասեմ՝ երկու կուսակցություններից որևէ մեկի հետ առնչություն չեմ ունեցել, նրանց առաջնորդների, ակտիվի հետ շփում չեմ ունեցել և նրանց հետևել եմ զուտ լրագրողական տեսանկյունից… ու արձանագրում եմ. Լևոնը լռության արքան է, Րաֆֆին՝ շատախոսության: Լևոնը համբերության արքան է, Րաֆֆին՝ անհամբերության: Լևոնը պայքարի արքան է, Րաֆֆին՝ լճացման: Լևոնը սառնասրտության արքան է, Րաֆֆին՝ տաքարյունության: Լևոնը հաստատակամության արքան է, Րաֆֆին՝ անկայունության: Լևոնն անկախության արքան է, Րաֆֆին՝ կախյալության: Լևոնն առաջնորդ է, Րաֆֆին՝ առաջնորդվող: Լևոնը մտքի արքա է, Րաֆֆին՝ հույզի:
Համեմատության մեջ դնել քաղաքական այս երկու գործիչներին, նորից եմ կրկնում՝ անխղճություն, տկարամտություն է: Երբ Րաֆֆու ոտնատակ ընկնելու տեսարանն է սոցիալական ցանցերում շրջում, գժվում եմ. մի՞թե այս մարդը պիտի լիներ իմ նախագահը: Մարդ, ով իբր հրմշտոցից ընկել է ու բարձրանում՝ ոստիկանապետի ձեռքն է համբուրում, մարդ, որի լավագույն թիմակցին արյունլվա են անում, ու ինքը ոստիկանապետի հետ աղոթում է, մարդ, ում թիմին խփում են, ու ինքը խփողի հետ մոմ է վառում: Մարդ, որ «թրջվելուց» հետո Մոսկվա է վազում՝ անձրևանոց փնտրելու… Մարդ, որ, կլանելով ընդդիմության հյութը, ոչնչացնել է ուզում ընդդիմության իրական դաշտը: Նման մարդը կարո՞ղ է երկրի նախագահ կամ ընդդիմության առաջնորդ լինել… Առաջին նախագահը սառնասրտորեն ճանաչեց նախագահական ընտրություններում Րաֆֆու հաղթանակը, բայց փոխարենը Րաֆֆին ի՞նչ արեց… Ողջ թիմով այնքան անշնորհք ձևով պայքարեց ՀԱԿ-ի դեմ ու ջրի երես դուրս եկավ, ինչպես Գիքորը կբացահայտեր տանտիրոջը՝ «բալը թանկ է» արտահայտությամբ:
Ու հիմա Ազատության հրապարակում կանգնածներին կուզեի հարցնել՝ կցանկանայի՞ք Րաֆֆու նման ընդդիմության առաջնորդ ունենալ, ով ի սկզբանե էլ նախագահի աթոռի համար չի պայքարել… Իշխանությանը նույնպես հարցնել՝ կուզեի՞ք ունենալ նման ընդդիմության առաջնորդ, ով մարզպետ ու գյուղապետ «փոխելով», միանգամից բացում է քաղաքական դաշտ մտնելու խաղաքարտերը: Ով, լինելով բացառիկ էմոցիոնալ անձնավորություն, քաղաքական դաշտը վերածում է երգիծանքի թատրոնի: Ունենալ այնպիսի ընդդիմություն, որ ողջ քաղաքական զինանոցը չի հերիքում նրա էմոցիոնալ դաշտը կարգավորելու համար: Կարծում եմ՝ երկու կողմին էլ պետք չէ նման անկառավարելի, զգայական հարթության վրա աշխատող առաջնորդ: Նման առաջնորդը երկու կողմի համար էլ գլխացավանք կարող է դառնալ: Պարզապես չպետք է բզբզել հասարակական խառնարանը, թույլ տալ աշխատելու բնականոն հունով և ընդդիմության առաջնորդ ոչ թե պատրաստել, այլ հնարավորություն տալ, որ հանրությունն իր միջից ծնի… Ավելորդ բզբզումը կարող է առաջացնել զինանոցի պայթյուն…
Հասմիկ Բաբաջանյան
«Հրապարակ»