Քեզ նկարելու համար ես կընտրեմ եղեգնյա կանաչ շրջանակով խաղաղ անտառային լիճը և կսպասեմ լուսավոր սեպտեմբերյան առավոտի գալուն, որպեսզի անպայման լինի դաղձի ու սոճու ասեղների բույրը: Այդ ժամանակ կսկսեմ աշխատանքս:
Սկզբում կնկարեմ աչքերդ. դրա համար պահել եմ հուլիսյան բարկ երկնքի կապույտ պատառիկներ:
Կաղամախու արմատների կողքից կհավաքեմ մամուռի սև-կանաչավուն ճյուղիկներն ու զգուշությամբ կընկղմեմ ջրի մեջ. դրանք կլինեն քո թարթիչներն ու հոնքերը:
Քո շրթունքները ես կստեղծեմ լճային ջրաշուշանների լայն թերթիկներից, իսկ նրանց նուրբ շյուղերը կգծագրեն քո դեմքի կորագիծը, քիթն ու մազերը: Քիչ մնաց մոռանայի. դեմքդ աշխուժացնելու համար ինչ-որ տաք նրբերանգ է պետք... Ջրին կտամ մասուրի նուրբ կարմիր հատիկները: Այդպես ավելի լավ է:
Այնուհետև ես կվերցնեմ մաքուր փոքրիկ մի քար և զգուշորեն կգցեմ շրջանակի վերին անկյունը, ջրի վրա հազիվ նկատելի ալիքներ կառաջանան. դա կլինի քո ժպիտը:
Դիմանկարը գրեթե պատրաստ է:
Նաև անտառային թռչունների ծլվլոց կավելացնեմ մի քիչ, իսկ անկյուններում կքաշեմ աշնանային անտառի սարդոստայնի մի քանի թել. դա դիմանկարին հին տեսք կտա...
Լճակը կլքեմ միայն ուշ աշնանը, երբ դիմանկարդ կպատվի սառցե նուրբ ապակիով. այդ ժամանակ հանգիստ շունչ կքաշեմ:
Գարնանը անտառ կգաս ձնծաղիկ հավաքելու և քեզ կտեսնես լճում:Չզարմանաս ու չասես.- Ո՞վ է սա արել:
Այդ ես եմ արել: Հիմա քեզ ամեն ինչ հասկանալի՞ է: