Ս.թ. հուլիսի 31-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերության ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էինք, որ՝
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրացման ցանցում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ լվացող և մաքրող միջոցները հիմնականում վաճառվում են առանց հայերեն մակնշման: Այսպիսով հայ սպառողը ձեռք է բերում ապրանք՝ վերջինիս մասին չունենալով պատշաճ տեղեկատվություն (եթե իհարկե չի տիրապետում օտար լեզուների, այն դեպքւմ, երբ արտադրողների կողմից կիրառվում են խաբկանք առաջացնող մարքետինգային տարբեր հնարքներ): Վերջինիս պատճառը թերևս այն է, որ մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգում մակնշմանը ներկայացվող պահանջները չեն պարտավորեցնում ապահովել հայերեն մակնշումը:
Հ.Գ.
Մոտ օրերս «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունն Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությանը կներկայացնի տեխնիկական կանոնակարգում փոփոխություն կատարելու առաջարկությունը: Տեսչության կողմից տրվող ընթացքից հետո միայն պարզ կդառնա միտումնավոր է տրվել այս արտոնությունը, թե ոչ»:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ ս.թ. օգոստոսի 1-ին գրավոր դիմել ենք ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությանը՝ ներկայացնելով խնդիրը և առաջարկելով տեխնիկական կանոնակարգում անհրաժեշտ փոփոխության մեր տարբերակը: Տեսչության պատասխանից (որում մասնավորապես նշվում է, որ գրության մեջ նշված փոփոխությունների կատարոմը չի մտնում տեսչության իրավասությունների մեջ, և ավելի ճիշտ կլիներ այդ հարցով դիմել ստանդարտացման ազգային մարմնին՝ «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին) պարզ է դառնում, որ վերոնշյալ տեսչությունում տեղյակ չեն, որ իրավասու են (դեռ ավելին պարտավոր են) հանդես գալու տեխնիկական կանոնակարգում փոփոխություն կատարելու առաջարկությամբ: Հաշվի առնելով, որ հենց վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի կողմից իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում է պարզ դառնում այն իրավական ակտերի անհրաժեշտությունը, որոնցով հնարավոր կլինի կարգավորել ոլորտը և, որ վերոնշյալ Տեսչությունը, որպես ոլորտում վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմին, նույնպես կարող է մտահոգվել խնդրով և հանդես գալ որպես նախաձեռնող կողմ՝ Կազմակերպությունը, դրսևորելով բարի կամք, դիմել էր ոչ թե որոշումն ընդունող Կառավարությանը, այլ վերոնշյալ Տեսչությանը: Սակայն պատասխանից կրկին պարզ է դառնում, որ վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնին շուկայում առկա խնդիրները չեն անհանգստացնում:
Քանի դեռ նման պատասխանատու ոլորտների վերահսկողությունն իրականացվում է ոչ սրտացավ և ոչ պրոֆեսիոնալ չինովնիկների կողմից, ոլորտներում առկա խնդիրները չեն կարգավորվի, եթե իհարկե չլինի վերադասների խիստ հանձնարարական:
Կից ներկայացվում է նաև պատասխանը:
Հ.Գ.
Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի թեթև ձեռքով օգոստոսի 6-ին առաքված գրությունը ստացել ենք միայն օգոստոսի 12-ին: