Araratnews.am-ը գրել է. Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի 2009 թ. օգոստոսյան այցի համատեքստում ունեցած հանդիպումների շարքում առանձնանում է նրա զրույցը ՀՅԴ ղեկավար կազմի հետ: Հանդիպման ընթացքում հատուկ քննարկման է արժանացել ԼՂ հակամարտությունը: Զրույցի շուրջը կազմված զեկուցագիրը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, որը ներկայացրել է դաշնակցականների տեսակետները ԼՂ հարցի կարգավորման գործընթացի առնչությամբ:
ՀՅԴ կողմից հիմնական բանախոսը եղել է Գերմանիայում իր դեսպան նշանակելու լուրին սպասող Վահան Հովհաննիսյանը, որն անդրադարձել է հնարավոր պատերազմական գործողություններին՝ շեշտելով, որ «այդժամ Հայաստանը կհաղթի, բայց երկուստեք լուրջ կորուստներ կլինեն, իսկ խաղաղության գործընթացը կհետաձգվի առնվազն 50 տարով»: Նախագահի նախկին թեկնածուն հավատացած էր, որ «նոր պատերազմը կլինի ոչ թե երկու բանակների, այլ ժողովուրդների միջեւ, եւ ոչ մի ճակատ, ոչ մի ղեկավար եւ կառավարություն չի կարող կանգնեցնել այն»: Անդրադառնալով ԼՂ-ին եւ Լաչինի միջանցքին շնորհվելիք միջանկյալ կարգավիճակին՝ դաշնակցական գործիչը այն դրական է գնահատել՝ շեշտելով, որ կնքվելիք համաձայնությամբ ԼՂ անջատումը Ադրբեջանից պետք է հստակորեն ճանաչվի:
Հետաքրքիր է՝ որտե՞ղ մնաց դաշնակցականների «ոչ մի թիզ հող» կարգախոսը. այդ ինչպե՞ս են դաշնակցական էմիսարները համաձայն «միջանկյալ կարգավիճակ» եւ «Լաչինի միջանցք» (իրականում մի քանի (40) կմ,-հեղ.) հասկացություններին, երբ 1998 թ. «միջանկյալ կարգավիճակի» հարցում որդեգրել էին ծայրահեղ անզիջում կեցվածք: Հատկանշական է, որ նույն զրույցի ժամանակ Հովհաննիսյանը ընդգծել է ՀՅԴ անհամաձայնությունը հակամարտության կարգավորման միջանկյալ փուլում ազատագրված տարածքների վերադարձի հետ՝ դրանք համարելով ապագա հարձակումներից պաշտպանվելու միջոց: ՀՅԴ-ն, փաստորեն, որպես լուծման արդյունք դեմ չէ տարածքային զիջումներին, խոսքն ընդամենը բանակցային պրոցեսի որեւէ փուլի մասին է: Կամ դաշնակերենից թարգմանած՝ քանի դեռ ժողովրդին չեն կանգնեցրել կատարված փաստի առաջ:
Հատկանշական է, որ դաշնակցականների բողոքներին ի պատասխան՝ Բրայզան խորհուրդ է տվել չընկնել ծայրահեղությունների գիրկը եւ հասկանալ, որ Հայաստանի քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը՝ սկսած Լ. Տեր-Պետրոսյանից (որպես նախկին նախագահ) մինչեւ Վարդան Օսկանյան (որպես նախկին ԱԳ նախարար ու Մադրիդյան սկզբունքների «հիմնահայր») և ՀՅԴ (երբ իշխանական կոալիցիայի մեջ էին), չեն կարող ձեռքները լվանալ ԼՂ խնդրի հանգուցալուծման ժամանակ եւ դիտորդի դիրք գրավել, քանզի վերջնական պայմանագիրը բոլոր ժամանակների բանակցությունների արդյունքն է լինելու:
Ամփոփելով Բրայզայի և ՀՅԴ-ի հանդիպման մասին ամերիկյան դիվանագետի զեկուցումը` արձանագրենք, որ «հին ընկերները» հերթական անգամ որդեգրել են «դեմ ըլլալով` կողմ ըլլալու» քաղաքականությունը: Դաշնակցականները գուցե, ի վերջո, իրենց մեջ համարձակություն գտնեն և հանրությանը անկեղծորեն ներկայացնեն` իրենք կո՞ղմ են ազատագրված տարածքների վերադարձին, թե՞ ոչ: Ի վերջո, բավական զավեշտալի կլինի, եթե իշխանությունների` ԼՂ հարցում որևէ արկածախնդրությունից հետո դաշնակցականները հավաքվեն նախագահական նստավայրի դիմացի մայթին և ամբողջ կոկորդով մեկ բղավեն «նախագահ, մի՛ զիջիր» «հայրենասիրական» կարգախոսը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում