«Գործընկերություն հանուն բաց հասարակության» ՀԿ նախաձեռնությամբ անցկացվեց քննարկում` «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մարտահրավերները» խորագրով: Քննարկման բանախոսներներից ՝ փորձագետ Վահագն Ղազարյանը խոսելով ԵՄ Ասոցացման համաձայնագրի կամ Մաքսային միությանը անդամակցելու մասին` ասաց, որ դեռևս Խոր համապարփակ ազատ ազատ առևտրի և ՄՄ միանալու փաստաթղթերը հրապարակված չեն, բայց ակներև է, որ կան մի շարք տարբերություններ:
«ԵՄ շուկա մուտք գործելու դեպքում կունենանք ապրանքների ազատ տեղաշարժ և, բնականաբար, մատչելի մուտք: Ազատ առևտրային շուկային միանալու դեպքում արտաքին տնտեսական քաղաքականության որոշումը ազատ կլիներ, ինչը կխոսեր երկրի անկաշկանդ լինելու և տնտեսական սուվերեն քաղաքականություն իրականացնելու մասին»,-խոսքում ասաց փորձագետը` հավելելով, որ Մաքսային միությանը միանալու դեպքում կստեղծվի պատնեշ` երրորդ երկրների հետ:
«ՀՀ-ն դեռևս 2003թ. միջազգային առևտրային դաշտում որոշ պարտականություններ ունի: Խնդիրներից մեկը մաքսատուրքն է»,-նշեց Վահագն Ղազարյանը:
Իսկ ՄՄ անդամակցելու դեպքում, բանախոսի հավաստմամբ, կհանվի գազի արտահանման մաքսատուրքը(մոտ 30 տոկոս) և Հայաստանը էժան էներգակիր կստանա: Սակայն վիճակը կվատթարանա 3-րդ երկրի հետ:
Փորձագետ Աննա Մակարյանի խոսքով էլ ՄՄ միանալու դեպքում հարց է` կկարողանա՞նք տեքստիլը պահել, թե ոչ, քանի որ այն եվրոպական երկրներ է արտահանվում:
Բանախոսների հավաստմամբ օրենսդրության առումով համահունչ ենք ԵՄ-ի հետ:
Փորձագետ Արտակ Մանուկյանը, կատարելով ԵՄ և Մաքսային միության անդամ երկրների պետական գնումների համակարգերի համեմատական վերլուծություն` նշեց.
«ԵՄ երկրների գնումների համակարգը 20 տոկոսով ավելի թափանցիկ է, քան ՄՄ-ինը: ՄՄ երկրների տնտեսություներն ավելի մոնոպոլիզացված են: ԵՄ փորձագետների կողմից էական տեխնիկական աջակցություն է եղել, Հայաստանի պետական գնումների համակարգը էականորեն բարելավվել է: Մաքսային միության անդամ մյուս երկրները օրենսդրության տեսանկյունից էականորեն հետ են մնում ՀՀ-ից»:
Անի Կարապետյան