Արդեն մեկ ամսից ավելի է` Ներքին գործերի նախարար է նշանակվել Արփինե Սարգսյանը:
Հարց է առաջանում` արդյոք նա փորձե՞լ է ճշտել, թե իր նախորդը՝ Նիկոլ Փաշինյանի 37 տարվա ընկեր, սակայն հենց նրա կողմից SMS-ով պաշտոնից հեռացված Վահե Ղազարյանը քանի անձի է տրամադրել այսպես կոչված «նառուշիլովկաներ» (առավելություն տվող հատուկ կտրոններ):
ՆյուզՊրեսս․am-ն է գրում ու մանրամասնում․ «Եթե չի փորձել ճշտել, ապա լուսավորենք նոր նախարարին. Մեր տեղեկություններով` դրանց թիվը հասնում է տասնյակների:
Իսկ նախարարը տեղյա՞կ է, որ Ղազարյանը տարբեր չինովնիկներից ու պատգամավորներից բացի, այդ «նառուշիլովկաներից» բաժին է հանել իր բարեկամներին ու ընկերներին, որոնք այսօր էլ շարունակում են անձեռնմխելի մնալ պարեկային ծառայողների համար:
Նախարարի ականջին չի՞ հասել, որ պարեկներն արդեն զզվել են ամեն անգամ հերթական խախտում արած մեքենան կանգնեցնելուց դեմքներին «նառուշիլովկա» շպրտելուց, մի՞թե նրան չեն զեկուցել:
Խոսենք անուններով. օրինակ` ինչո՞ւ պիտի «նառուշիլովկա» ունենա Մասիսի էլցանցի պետը՝ Զորիկը Թադևոսյանը, որ ընդամենը Ղազարյան Վահեի հետ է ծառայել: Հավանաբար, սիրուն աչքերի համար:
Իսկ ռեստորանատեր Արմեն Իսկանդարյա՞նը, որ Արփինե Սարգսյանի ծառայողական մեքենայի նույն համարներից ունի` ֆիզիկական անձանց համար նախատեսված՝ 01 001: Այստեղ էլ հեշտացնենք նախարարուհու գործն ու գաղտնազերծենք. այդ ամենը միայն այն բանի համար, որ Իսկանդարյանը Ղազարյանի քավորն է:
Նույն կտրոնից ունեն «Հագուստի աշխարհ» խանութների ցանցի սեփականատերեր Դավիթ և Անդրանիկ Իշխանյանները: Ի դեպ, այդ խանութների պահեստների ու Վահե Ղազարյանի մասին հայտնի պատմություն կա, թող հետաքրքրվի նախարարը, գուցե մի քիչ զվարճանա:
Մենք, թերևս, չենք բացառում, որ տիկին նախարարն այս ամենից դեռևս անտեղյակ է, պարզ է` ՆԳՆ-ն մեծ կառույց է, շատ կարևոր ու առաջնահերթ գործեր կան, ու գուցե դեռ չի եկել այս մարդկանցով զբաղվելու ժամանակը:
Այդ պատճառով այս մասին իրազեկում ենք դեռևս այս եղանակով ու դեռևս այս բառապաշարով:
Հաջորդիվ, հարցում ենք անելու ՆԳ նախարարություն, պարզելու` երբ է գալու ապօրինի արտոնյալներով զբաղվելու ժամանակը»: