▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեկը կա՞, որ կբացատրի հանրային միջոցների այսպիսի խտրական ծախսումները»

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի գրառումը. «Կոնդակ խտրականության

Մի բան հարցնեմ: Լավ է, որ Հանրային, մեր հարկերով աշխատող հանրային ՀԸ-ն լուսաբանում է Երևանի համայնքապետի տեղակալի այցերը թաղամասեր, խնդիրների ուսումնասիրությունը, մարդկանց հետ զրույցներ և այլն: Իսկ, ներողություն, Հայաստանի մյուս ՅՈԹԱՆԱՍՈՒՆ համայնքապետերը տեղակալներ չունե՞ն, այդ տեղակալները գործ չեն անո՞ւմ, ինչո՞ւ չեն լուսաբանվում ՀՀ բոլոր 71 համայնքների մոտ 150 տեղակալների աշխատանքը (համայնքապետերի աշխատանքները՝ մտքներս): Եթե գործ չեն անում, ինչո՞ւ չի լուսաբանվում, թե գործ չեն անում: Եթե մեկը կասի, թե Երևանը մեծ քաղաք է, մայրաքաղաք է, ես էլ կասեմ, որ մնացած գրեթե բոլոր համայնքները նոր խոշորացված են, հազարումի խնդիրներով, ամեն մեկը 4-38 բնակավայր ունի, դրանք իրարից հեռու են մինչև 60 կմ, շատերը սահմանամերձ են, շատերը՝ ավերակ տներով ու ճամփեքով և բազմազան այնպիսի խնդիրներով, որ Երևանը ո՛չ ունեցել է, ո՛չ էլ կունենա: Ասացեք խնդրեմ, ինչու այդ համայնքների ղեկավարների տեղակալների աշխատանքը նույնպես չի լուսաբանվում, կամ տարին մեկ է լուսաբանվում: Ենթադրենք ես ապուշ եմ, ես հին ապուշ եմ, ուշ եմ հասկանում, Հանրայինից մեկը կա՞, որ կբացատրի հանրային միջոցների այսպիսի խտրական ծախսումները: Բնակչության համամասնությամբ, եթե նայենք նույնիսկ, կստացվի, որ Երևանի համայնքապետի տեղակալի աշխատանքի մեկ լուսաբանումը պիտի զուգորդվի առնվազն երկու այլ համայնքի տեղակալի աշխատանքի լուսաբանմամբ: Դա կլինի, բնակչության բաշխման համամասնությամբ: Իսկ եթե խնդիրների բաշխման համամասնությամբ նայենք, Երևանի համայնքապետի տեղակալի մեկ լուսաբանումը պիտի զուգորդվի 10-12 այլ համայնքի տեղակալի աշխատանքի լուսաբանմամբ:

Գուցե այլ համայնքներում համայնքապետերի տեղակալները ՔՊ-ից չե՞ն ու դեմը ընտրություններ չկա՞ն: Գուցե: Բայց ես ՔՊ լրատվամիջոցից չեմ խոսում, ես խոսում եմ մեր հարկերով աշխատող հանրային հեռարձակողից, մեր, որ ասում եմ՝ և՛ աջերին նկատի ունեմ, և՛ ձախերին, և՛ արտագաղթել պատրաստվողներին, և՛ ներգաղթյալներին, և՛ աղքատներին, և՛ հարուստներին, և՛ կուսակցականներին, և՛ անկուսակցականներին, և՛ հավատացյալներին, և՛ ծրագրավորողներին, և՛ մորուքավորներին, և՛ գորշերին: Հայաստանում խտրականությունը հազար դեմք ունի, և սա այդ դեմքերից մեկն է: Բարի ախորժակ: Պարո՛ն Բադասյան, դու ինձ հասկացար...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее