▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք ուզում ենք լինել ոչ թե սեպ, այլ կամուրջ՝ հարևան երկրների միջև»․ Արարատ Միրզոյան

«ՀՀ-ն չի ուզում, չի էլ պատրաստվում և շահեկան էլ չէ լինել պատնեշ Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Մենք ուզում ենք լինել ոչ թե պատնեշ, այլ կամուրջ՝ հարևան երկրների միջև, մենք ոչ թե ուզում ենք սեպ լինել, այլ կապող օղակ»,- ասուլիսի ժամանակ ասել է ԱԳ Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան Ալիևի այն հայտարարությանը, թե՝ «թող հայերը չխանգարեն մեզ, չդառնան աշխարհագրական խոչընդոտ ու պատնեշ՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։

***

«Հայաստանի տարածքն անվանել «Արևմտյան Ադրբեջան», արդեն խոսում է Հայաստանի Հանրապետության հանդեպ տարածքային հավակնությունների մասին»,- ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Սա հերթական շինծու և հավակնոտ առավելապաշտական նախագիծն է, որն ուղղակիորեն հովանավորվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ գաղտնիք չէ, որ Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ, որոնք հեռացել են Խորհրդային Միության փլուզման գործընթացին զուգահեռ․ «Հայաստանից ադրբեջանցիները հեռացել են բավականին քաղաքակիրթ ճանապարհով՝ առանց որևէ բռնի տեղահանման. 100 ընտանիք վաճառել է իր բնակարանը, 12.000-ից ավելի ընտանիք կարողացել է փոխանակել իրենց բնակարանը Ադրբեջանում ապրող հայերի հետ։ 160.000-ից ավելի մարդ փոխհատուցում է ստացել Հայաստանի կառավարությունից: Կարող ենք զուգահեռներ անցկացնել Ադրբեջանում ապրող շուրջ 500 հազար հայերի ճակատագրի հետ՝ հիշելով Բաքվի, Սումգայիթի ջարդերն ու մյուս հալածանքները»,- ասաց Միրզոյանը։

***

Ընթանում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսը։ Անդրադառնալով սահամանզատման գործընթացին՝ նախարարն ասաց, որ կա ընկալում՝ ինչպես և որտեղից շարունակել սահմանազատումը, և, որ առաջիկայում նախատեսվում է երկու երկրների փոխվարչապետերի հանդիպում։ Նա նաև հայտնեց, որ Բաքուն դեռ չի արձագանքել «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ պաշտոնական Երևանի կողմից դեռևս 1,5 ամիս առաջ ուղարկված առաջարկներին։ Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ Միրզոյանն ասաց, որ այն չի սահմանափակվում միայն Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ․ «Այն շատ ավելի լայն միջազգային օրակարգ է ձևավորում։ «Խաղաղության խաչմերուկ»-ը ողջունվել է մի շարք միջազգային դերակատարների կողմից։ Դրա կոմպոնենտներից մեկը Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն է, այս մասով կրկին առաջարկ ենք արել ադրբեջանական կողմին։ Առաջնային արձագանքը իմ ընկալմամբ բավականին դրական էր, սակայն պաշտոնական պատասխան այս մասին ևս չենք ստացել։ Առաջարկը վերաբերվում է առաջին փուլում Հայաստանի հարավով անցնող՝ Երասխ-Նախիջևան-Մեղրի և այնուհետև էլի Ադրբեջան անցնող երկաթուղու ապաշրջափակմանը և բեռների տարանցմանը։ Մենք առաջարկել ենք ինչպես մաքսային սահմանային հատման ընթացակարգերի որոշակի պարզեցում, այնպես էլ նույն բեռների հավելյալ ապահովության մեխանիզմներ։ Ադրբեջանական կողմի առաջնային արձագանքը դրական տպավորություն թողեց»,- ասաց Միրզոյանը։

***

«Եթե Թուրքիայի հետ լինի գործող բաց սահման, եթե երկու երկրների միջև լինի բարձր վստահություն, հնարավոր է՝ դիտարկվի և քննարկվի նաև հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին կրճատելու հարցը»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա նաև նշեց, որ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց օրակարգում չկա։

Լուրեր կան, որ առաջիկա օրերին Հայաստանն ու ԱՄՆ-ն կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր, դա համապատասխանո՞ւմ է իրականությանը։ Հարցն ասուլիսի ժամանակ ուղղվեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին․ «Մենք ունենք ռազմավարական երկխոսություն, որը պայմանավորվել ենք բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Քննարկվող փաստաթուղթ կամ փաստաթղթեր այս մասին, իհարկե կան, և նաև ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների հանդիպում է նախատեսվում։ Իսկ թե ինչ կլինի արդյունքում, հետևեք լրահոսին, մի քանի օրից կտեսնեք»,- պատասխանեց նախարարը։

***

«Ադրբեջանը հարձակողական զինատեսակներ է ձեռք բերում, Հայաստանը ևս ձեռք է բերում զինատեսակներ` անհամեմատ ավելի համեստ քանակով, անհամեմատ ավելի համեստ ֆինանսով»,- ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Մենք քանիցս տեսել ենք, որ Ադրբեջանի ձեռք բերած զենքը կիրառվում է ՀՀ-ի դեմ, ՀՀ տարածքային ամբողջականության խախտման ուղղությամբ։ Այդ պատճառով նաև մենք Ադրբեջանին առաջարկել ենք ստեղծել սպառազինությունների վերահսկման համատեղ մեխանիզմ։ Ինչպես հայկական կողմի շատ կառուցողական առաջարկներ, այնպես էլ սա, մինչ այս պահը Ադրբեջանի կողմից մնացել է անպատասխան»,- ասաց Արարատ Միրզոյանը։
«Մենք սպառազինություն ձեռք ենք բերում պաշտպանության նպատակով և, բնականաբար, ձեռք բերված սպառազինությունը չենք պատրաստվում վերադարձնել»,- հավելեց Միրզոյանը:

Երևանի և Բաքվի միջև անկլավների վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ այս պահին չկան։ Ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը․ «Սահմանազատման հանձնաժողովներին ժամանակ է պետք այս հարցը քննարկելու համար։ Չեմ կարծում, թե երկու երկրները պատրաստ են այս պահին այդ հարցը քննարկել։ Դա կքննարկվի հետագա բանակցությունների ընթացքում»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե հաջորդիվ ո՞ր հատվածում է լինելու սահմանազատումը, նախարարը պատասխանեց․ «Ես այս փուլում ի շահ սահմանազատման գործընթացի և աստիճանական կայունացման, ավելի պակաս հակասությունների բերող կամ սրող տեղից կշարունակեի սահմանազատումը, բայց դա հանձնաժողովների որոշելիքն է»,- նշեց Միրզոյանը։

***

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ արցախահայերի վերադարձի վերաբերյալ հարցին՝ ասելով հետևյալը․ «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը շուտասելուկի պես մի բան է դարձել, որը երբեմն քաղաքական գործիչները կրկնում են։ Ո՞ւր, ի՞նչ պայմաններով՝ կարո՞ղ եք ասել։ Ուղղակի որպես Ադրբեջանի քաղաքացինե՞ր՝ կար այդ հնարավորությունը, Ադրբեջանի քաղաքացինե՞ր, որոնք դպրոցում հայերեն սովորելու իրավունք ունեն, կար այդ հնարավորությունը։ Ուրի՞շ։ Հիմա, երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել, ասում եք՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձ։ Ցավոք, ոչ մի լավ բան չեմ կարող ասել այդ մասին»,- ասաց Միրզոյանը՝ նշելով,

որ ՀՀ կառավարության քաղաքականությունն այսօր այնպիսին է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները կարողանան հոգալ իրենց առաջին անհրաժեշտության կարիքները։

***

«Գայթակղությունը շատ մեծ է անմիջապես հակադարձել և բերել անհերքելի օրինակներ, որ Ադրբեջանում կա խրախուսվող ֆաշիստական վերաբերմունք հայերի նկատմամբ»,- ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ կոշտ պատասխաններ չեն հնչում Ալիևի հակահայ հայտարարություններին․ «Չենք տրվելու նման սադրանքների, այս հայտարարություններն արվում են, գուցե, որ կոշտ պատասխաններով հանդես գանք, հետո գետնի վրա լինի կրակոց, և նոր ռեալ էսկալացիա: Պետք է ունենանք ամուր նյարդեր, լինենք համբերատար և խաղաղություն կառուցենք մեր բոլոր հարևանների հետ»,- նշեց Միրզոյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее