Ի խորոց սրտի՝ խոսք ընդ ՀՀ Մշակույթի նախարարին,
Պատճենը՝ ՀՀ Նախագահին.
Մշակույթը հայ փոքրաթիվ ժողովրդի ինքնահաստատման զորավոր զենքերից մեկն է և այն ոչ միայն պետք է գտնվի պետական հոգածության, այլև՝ պետական հսկողության տակ, ինչպես օդի ու ջրի մաքրության պահպանման խնդիրները:
Այսօր ՖԲ-ի իմ ընկեր Լևոն Դռնոյանի պատին կարդացի-<Հայ երգի համար արգելք չկա> գրառումը:
Իմ ընկերը լավատես է, անուղղելի լավատես: Կուզենայի այդպես լիներ, բայց բերեմ չոր փաստեր՝ հայ երգի կրողներից մեկի՝ «Ակունք» ազգագրական համույթի անտերության մասին:
«Ակունք» ազգագրական համույթը հիմնել է բանասիրական գիտությունների թեկնածու, երաժշտագետ Մարո Մուրադյանը՝ հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի դուստրը,1975-1976 թ-ին:
1981թ-ին, ազգային ոգու զարթոնքի հարցում անուրանալի դերակատարում ունեցած Ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի նախագահ Ստեփան Պողոսյանը, <Ակունքը> դարձնում է պետական խումբ, նշանակում պլանավորված ձայնագրություններ ու հեռուստաելույթներ, որի շնորհիվ կարճ ժամանակահատվածում համույթը դառնում է բազմաթիվ խմբերի ստեղծման խթանն ու դրոշակակիրը: Այն ժամանակների համար նրա համարձակ և ազգային մշակութային քաղաքականության շնորհիվ, մոռացության ու կորստի վտանգից փրկվում են ազգագրական բազմաթիվ ծեսեր, երգեր, պարեր ու պարերգեր:
Սակայն 2001թ-ին, Հանրային ռադիոյի և հեռուստատեսության վերակազմավորման ժամանակ, վերագրանցելու պայմանով լուծարվում են ռադիոյի բոլոր երաժշտական կոլեկտիվները, այդ թվում նաև Ակունքը, սակայն ի տարբերություն մյուսների՝ «Ակունքն» այլևս չի վերականգնվում: Առ այսօր:
Պետական կարգավիճակի վերականգնման վերաբերյալ ՀՀ վարչապետին, ՀՀ մշակույթի նախարարին, Հանրային ռոդիոյի տնօրենին գրված խնդրագրերը, անգամ ՀՀ նախագահի առաջին տիկին Ռ.Սարգսյանին գրված միջնորդագրերը արդյունք չեն տվել: Կարգավիճակի վերականգնումը խմբի համար ինքնանպատակ չէ. ազգագրական բազմաթիվ նմուշներ չեն գրառվում, ֆոնդավորվում՝ այդ նպատակի համար անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով /մշտական փորձասրահ, համույթի անդամների գոնե նվազագույն վարձատրություն, ձայնագրման ու տեսագրման ծախսեր/: Մոռացության և կորստի վտանգի տակ են համույթի կողմից ամբարած ազգագրական բազմաթիվ ծեսեր, երգեր, պարեր ու պարերգեր, իսկ գրառված եզակի ձայնագրությունները կատարվել են Հանրային ռադիոյի նախագահ Ա.Ամիրյանի բարեսրտության և աջակցության շնորհիվ, այնինչ զավեշտական է ու անտրամաբանական, որ ազգային մշակույթի նվաճումներով հպարտացող երկիրը չունենա պետական գոնե մեկ ժողովրդական-ազգագրական անսամբլ։
Բարեբախտություն է, որ մշակութային արժեքների այս ոլորտի պահպանման առաքելությունն ուսերին վերցրած հայ երգի նվիրյալները չեն կոտրվում դժվարություններից և գոյատևում են ամբարածն ամեն գնով պահպանելու, սերունդներին փոխանցելու մեծ նվիրվածության շնորհիվ: Բայց մինչև երբ:
Շատ նախագահներ, կառավարություններ ու մշակույթի նախարարներ են եկել-գնացել:
Արդյունքում՝ մշտական փորձատեղ ունենալն անգամ այսօր համույթի համար դարձել է գերխնդիր:
Վերջաբան.
Մի մեջբերում արևմտաեվրոպական ականավոր վիպասան, Նոբելյան մրցանակակիր Հայնրիխ Բյոլի <Բիլյարդ ինն անց կեսին> գրքից.
Հայնրիխ Ֆեմելը փառաբանված ճարտարապետ է, նա շատ շինություններ ու կամուջներ է կառուցել: 30 տարի անց այն օրից, որ նա կառուցել է Սուրբ Անտոնիոսի աբբայությունը, երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից երեք օր առաջ, նրա որդի Ռոբերտ Ֆեմելին, որ սակրավորական զորքերի սպա էր, պայթեցնում է հոր կառուցած կամուրջներն ու աբբայությունը:
Ծննդյան ութսունամյակի օրը, ի մի բերելով իր կյանքի հանրագումարը, նա իրեն սնանկացած է զգում և երիտասարդ սերնդին կոչ է անում թքել իր շիրմաքարի վրա:
Վերջերգ.
2011թ-ին <Մեցցո> համերգասրահում կայացավ Ստեփան Պողոսյանի մեծարման երեկո, որում, հոբելյարի ցանկությամբ հրավիրվել էր նաև Ակունք համույթը: Ամենայն հավանականությամբ՝ նա ցանկացել էր համոզվել. ապրում է արդյոք այն մշակույթը, որի համար, ինչպես Կոմիտասն է ասել՝ ինքը մեռավ: Համույթն, այդ օրն, անշուշտ, իր երախտիքի խոսքն ասաց, և, ցավոք, իր ելույթն այդ մեծ մարդու համար դարձավ վերջերգ:
Ահա այդ օրը, ինչպես Հայնրիխ Ֆեմելը և նրա որդի Ռոբերտ Ֆեմելը, կողք-կողքի նստած էին հայրը և նրա աղջիկը՝ հայ մշակույթի նախարար Հ.Պողոսյանը, որ խորը թաղեց իր իսկ հոր ստեղծած Ակունքը և ազգային մշակույթը՝ 2006թ-ից առ այսօր: