▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ներողություն-Փոխհատուցում» ռազմավարական գործընկերությունը

Մարտի 22-ի երեկոյան Իսրայելի վարչապետ  Բենյամին Նեթանյահուն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացում Իսրայելի անունից ներողություն էր հայցել թուրք ժողովրդից «Մավի Մարմարա»-ի դեմ իսրայելցի զինվորականների գործողության ժամանակ տեղի ունեցած սխալների համար եւ փոխհատուցում խոստացել սպանվածների ընտանիքներին։

Այս լրատվությունը խոշոր չափերով խլեց ինչպես միջազգային, այնպես էլ հայկական լրատվամիջոցների լուսարձակները։ Գուցե ներողություն եւ փոխհատուցում բառակապակցությունները հայ լրագրողների ենթագիտակցության մեջ խնդրի այլ հարթություն տեղափոխման նախադրյալներ էին հուշում։ Այս երեւույթի մասին կանդրադառանանք մի փոքր ավելի ուշ։

Մինչ այդ կենտրոնանանք Թել Ավիվ-Անկարա հայտարարողական եւ հռետորաբանական հարթությունների վրա կայացող փոխասացությունների վրա։ Ի՞նչն էր շարժառիթը, որ «Մավի Մարմարա» նավի միջադեպից այսքան ժամանակ անց, Իսրայելի վարչապետը նման հայտարարություն էր կատարում։ 

Պարզ է, որ Անկարան հակաիսրայելյան իր հռետորաբանությունը լիարժէք օգտագործում էր արաբական աշխարհի համակրանքը, պաղեստինցի ժողովրդի թուրքամետ պահվածքն ու դիրքորոշումները ապահովելու ուղղությամբ։ Հակաիսրայելյան  հայտարարությունները Անկարայի կողմից այնքան էին առաջ գնացել, որ ցեղասպան պետության այսօրվա ժառանգորդը Գազայի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն կիրառելու կամ Գազան շրջափակելու հանցանքներով մեղադրում էր իր …. ռազմավարական հատուկ գործընկերոջը։

Թատերական այս բեմականացումը ավելի քան անհրաժեշտություն  էր։ «Մավի Մարմարա»-ի դեպքից հետո արաբական աշխարհում գարնանային հովեր էին փչելու եւ այդ հովերը նման բեմականացումներով պետք է լիարժեք ծառայեին Անկարայում նոր օսմանականություն հայտարարած վարիչների կողմից։

 

Նախագահ Օբամայի՝ Իսրայել այցի ընթացքում հնչած տեսակետները համարժեք արձագանքում չունեցան Անկարայի իշխանությունների կողմից։ Հատկապես այն, որ նախագահ Օբաման ասել էր, որ անկախ Պաղեստինը պետք է ընդունակ լինի ուրույն ապրելու եւ ունենա իր իսկական սահմանները։

Չնայած որ Օբամայի այս հայտարարությունը անպայման բեկումնային պահ չի ստեղծի իսրայելապաղեստինյան հարաբերություններում, այսուհանդերձ Անկարայի զգուշավորությունը կամ առնվազն ոչ խանդավառ պահվածքը նման հայտարարության դիմաց մտածելու տեղիք է տալիս։ Սա այն Թուրքիան է, որ պաղեստիցիների նկատմամբ ջերմ պաշտպանի դիրքերից է խոսում Թել Ավիվի հետ։

Իհարկե,  այս իրադարձությունների բոլոր շարժառիթները պարզ չեն ։ Պարզ է, որ Թել Ավիվ -Անկարա հռետորական հարթության վրա արձանագրվող մի քայլ առաջ, երկու քայլ հետ մարտավարական երկկողմանի խաղերը խորքում քարոզչաքաղաքական խուսանավումներ են։ Չմոռանանք, որ վարչապետ Էրդողանը վերազսպել էր հարբերությունների կտրուկ  բարելավման ընթացքը, ասելով, որ իր դեսպանը հետ չի ուղարկի, մինչև որ Թել Ավիվը չապաշրջափակի Գազան։

Հետաքրքիր է, որ մի շրջափակման գործողություն իրականացնողը հորդորում է իր գործընկերոջը ապաշրջափակել մի այլ տարածք։ Բայց սա միակ առնչությունը չէ հայկական հարցերի հետ։

Թուրքական Internethaber.com կայքի փոխանցմամբ՝  թուրք գրող Իսմեթ Օզելը պնդել է, թե Իսրայելի ներողությունը ԿՀՎ-ի օպերացիայի եւ 2015-ի համար արված մեծ պլանի մի մասն էր։

Իսմեթ Օզելը ուշադրություն է դարձել այն հանգամանքի վրա, որ Իսրայելը ուղղակի որեւէ իշխանությունից ներողություն չէր խնդրի։ «Իսրայելը պարզապես ճանապարհ է բացում, որ 2015-ի համար, այսինքն Հայոց ցեղասպանության 100-ամյակին, Թուրքիան Հայաստանից ներողություն կարողանա խնդրել։ Թուրքիայի կողմից Իսրայելից փոխհատուցում պահանջելը դաժան զարգացումների սկիզբն է»։

Սա իհարկե շատ քաղաքական չի հնչում։ Թել Ավիվը իր գործընկերոջը օրինակ ծառայելու համար ներողություն-հատուցում գործողություն չի կազմակերպի։ Իսրայելի արածը գերակայորեն բխում է հենց Իսրայելի շահերից. եւ քաղաքական տրամաբանությամբ նաեւ իր ռազմավարական հատուկ գործընկերոջ շահերից։ Մանավանդ որ հակառակ դեկլարացիաներին առ այսօր անվավեր չի հայտարարվել Թել Ավիվ-Անկարա ռազմավարական հատուկ գործընկերությունը։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее