ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի պետական համալսարանից դիպլոմը չի ստացել։
ՕրագիրՆյուզ-ն է գրում ու նշում, որ այդ մասին գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի աշխատակազմից։
«Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հեռացվել է համալսարանից։
2018 թվականին տեղի ունեցած «հեղափոխությունից» հետո ԵՊՀ-ն հայտարարություն էր տարածել՝ պատրաստակամություն հայտնելով Փաշինյանին դիպլոմ հանձնել։
«Երևանի պետական համալսարանը տեղեկացնում է, որ ուսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի անձնական գործը՝ իր պատրաստակամությունն է հայտնում պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը, ըստ ընթացակարգի, վերականգնման և դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար»,- նշված էր ԵՊՀ հայտարարության մեջ:
Հիշեցնենք նաև, որ Փաշինյանը 2018 թվականին ևս անդրադարձել էր ԵՊՀ-ից հեռացվելու պատճառներին նաև լուսանկար հրապարակել։
«1991 թվականին ընդունվել եմ Երևանի պետական համալսարան, իսկ 1995 թվականին, հինգերորդ կուրսում, ավարտական քննությունները սկսելուց մեկ կամ երկու օր առաջ ռեկտորատի որոշմամբ հեռացվել համալսարանից։ Որոշումը ունեցել է քաղաքական պատճառներ և կապված է եղել իմ լրագրողական գործունեության, մամուլում իմ հեղինակած մի շարք հոդվածների հետ։ Ինձ առաջարկվել է զղջումնագիր-դիմում գրել և տեղում կվերականգնվեմ, բայց բնականաբար մերժել եմ այդ առաջարկը»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Փաշինյանը»,-գրում է սկզբնաղբյուրը։