▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օհանյանին կանչեինք, ասեինք՝ ինչո՞ւ ես շիշ նետում․ Սիմոնյանը՝ ԱԺ ծեծկռտուքների մասին

Parliamentmonitoring.am-ին տված հարցազրույցում ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպերին: 

-8-րդ գումարման Ազգային ժողովի այս 8 ամիսների ընթացքում աննախադեպ շատ միջադեպեր են գրանցվել՝ շիշ նետել, ոտքով հարվածել, վիրավորել, հայհոյել, ամբիոնի մոտից հեռացնել պատգամավորին, բռնությամբ դահլիճից դուրս հանել, պատգամավորների օգնականների մասնակցությամբ ծեծկռտուք: Ի՞նչ պետք է անել օրենսդիր մարմնում այս երևույթները կանխելու համար: 

-Մենք չէինք կարող խուսափել այդ երևույթներից, որովհետև նախընտրական ժամանակահատվածը աչքի է ընկել շատ ավելի վատ երևույթներով և շատ ավելի վատ հայտարարություններով: Ընդդիմությունը և ընդդիմադիր տարբեր գործիչներ չեն խորշել գնդակահարություններ բեմադրել, չեն խորշել անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ հնչեցնել և, բնական է, որ փողոցային պայքարի ամբողջ բացասական էներգիան եկել ու պարպվել է այդ փոքր դահլիճի մեջ: Բնական է, որ այդ լարվածությունը պետք է ինչ-որ ձևով արտահայտվեր և արտահայտվում է: Ես ցավում եմ այդ միջադեպերի համար: 

-Դրանից խորհրդարանի աշխատանքի որակը չի՞ ընկնում: 

-Բնական է՝ հանրությունը վատ է վերաբերվում դրան ու ճիշտ է անում, որովհետև իրենք դրա համար չէ, որ պատվիրակել են պատգամավորներին: Բայց ներողություն եմ խնդրում, ընդդիմադիր խմբակցության ղեկավարն է շիշը նետել ելույթ ունեցողի ուղղությամբ, ոչ թե հակառակը: 

-Երբ խոսվում է միջոցներ ձեռնարկելու մասին, միջոցներից մեկն էլ ԱԺ կանոնակարգով սահմանված էթիկայի հանձնաժողովի ստեղծումն է: Ինչո՞ւ ՔՊ-ն հանդես չի գալի էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, և այդ հարցերը միանգամից կտեղափոխվեին հանձնաժողովի դաշտ:

-Իմ համոզմամբ՝ դա որևէ բան չէր փոխի: Այսինքն, ի՞նչ, Սեյրան Օհանյանին կանչեինք Էթիկայի հանձնաժողով, ասեինք՝ եթե ելույթ ունեցողի հետ համաձայն չես, ինչո՞ւ ես շիշ նետում իր ուղղությամբ, ի՞նչ էր դա փոխելու: Էթիկան պետք է ներքին լինի: Երբ մարդիկ գալիս են ԱԺ և փորձում են իրենց այնտեղ լինելը արդարացնել նման գործողություններով, այլ ոչ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալով, ի՞նչ էթիկայի հանձնաժողով: Իրենք գալիս են իրենց ընկերների, որոնք իրենց բնորոշմամբ, քաղաքական առումով հետապնդվում են, առջև արդարանան, ասեն՝ տեսեք, մենք այստեղ գործ ենք անում, պայքարում ենք ձեզ համար: Այդտեղ ի՞նչ էթիկայի մասին է խոսքը:

-Այսինքն, ցանկացած էթիկայի հանձնաժողով, որը կարող է ստեղծվել որևէ միջադեպի առիթով, չի՞ կարող զսպաշապիկ լինել պատգամավորների համար։ 

-Ընդհանրապես, չեմ կարող ասել, բայց Դուք ինձ կոնկրետ դեպքերի մասին հարցրիք, իսկ այդ կոնկրետ դեպքերը կոնկրետ բանի համար են արվում: Դրանք քաղաքական նպատակ հետապնդող գործողություններ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее