▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուկրաինայում հատուկ օպերացիայի ժամանակ զոհվել է զինծառայող Դավիթ Հարությունյանը

Կյախտայում հրաժեշտ կտան Պսկովի գվարդիական դեսանտա-գրոհային դիվիզիայի զինծառայող, 18-ամյա Դավիթ Հարությունյանին։ Նա մահացել է մարտի 1-ին Ուկրաինայում հատուկ օպերացիայի ժամանակ՝ իր 19-րդ տարեդարձից ընդամենը մի քանի օր առաջ։

«Կյախտա-ինֆո 24/7»-ի փոխանցմամբ՝ Դավիթ Հարությունյանը ծնվել է 2003 թվականի մարտի 8-ին Կյախտայում։ Սովորել է Կյախտայի թիվ 3 միջնակարգ դպրոցում։ 2018-ին 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Բուրյաթի շինարարական եւ արդյունաբերական տեխնոլոգիաների հանրապետական ​​քոլեջ, որն ավարտել է 2021-ին՝ ստանալով ավտոմեխանիկի մասնագիտություն։ 2021-ի գարնանը զորակոչվել է ռուսական բանակ եւ ծառայության է ուղարկվել Պսկովում տեղակայված 76-րդ գվարդիական դեսանտա-գրոհային դիվիզիայի 344-րդ գվարդիական դեսանտա-գրոհային գնդում։ Դավիթը երդում տալուց հետո պայմանագիր էր կնքել զինվորական ծառայության մասին:

2022-ի փետրվարին գնդի կազմում մասնակցել է «Դաշնակցային վճռականություն» միջազգային զորավարժություններին:
Մասնակցել է Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքում իրականացված հատուկ օպերացիային:

«2022 թվականի մարտի 1-ին շարքային Հարությունյանը գումարտակային մարտավարական խմբի շարասյան կազմում առաջ շարժվելու առաջադրանք էր ստացել։ Բնակավայրն անցնելիս շարասյունը հակառակորդի հրետանային կրահերթի տակ էր ընկել, ինչի հետեւանքով ինքնագնաց հրետանային շարասյունը խոցվել եւ շեղվել էր ընթացքից։ Դավիթը ստանձնել էր մարտական ​​մեքենայի հրամանատարությունը, անվանականչ էր կազմակերպել մարտական ​​մեքենայի անձնակազմի շրջանում եւ պարզել, որ վարորդը կորցրել է գիտակցությունը։ Վճռական գործելով՝ նա դուրս էր բերել ընկերոջը մեքենայից եւ ինքնուրույն տարել ապաստարան։ Ապաստարանի ճանապարհին Դավիթը մի քանի բեկորային վնասվածք էր ստացել մեջքի շրջանում։ Նա կարողացել էր անգիտակից ընկերոջ հետ հասնել ապաստարան, սակայն Դավիթի ստացած վերքերը մահացու էին: Մարտական ​​պարտքը կատարելիս ցուցաբերած քաջության, խիզախության եւ նվիրումի համար շարքային Հարությունյան Դ. Ա.-ն Արիության շքանշանի (հետմահու) է ներկայացվել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուր՝ news.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее