|
ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անկախ նրանից, թե ինչ է արել երեխան, այս վարքագիծն անթույլատրելի է։
Հարգելի՛ ուսուցիչներ, խնայեք ձեզ ու ձեր նյարդերը, նաև երեխաների առողջությունը, ու եթե այդուհանդերձ ձեր նյարդերը տեղի են տալիս, պարզապես դուրս եկեք կրթական հաստատություններից ու հրաժարվեք ուսուցչի մասնագիտությունից, քանի որ եթե չեք կարողանում կառավարել աշակերտին և ինքներդ ձեզ, ուրեմն պիտի փորձեք ձեր ուժերն այլ մասնագիտության մեջ, դպրոցը ձեր տեղը չէ։
Մանկավարժությունը ենթադրում է ամենատարբեր տեսակի, որակի, արժեհամակարգի, կարողությունների, հնարավորությունների տեր երեխաների ուսուցում, կառավարում, դաստիարակություն»:
|
|
ՀՀ ԿԳՄՍՆ-ն այս առիթով պարզաբանում է տարածել․ «Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ուսուցչուհին դասապրոցեսի ընթացքում գրքով հարվածում է աշակերտին, ինչն անընդունելի է և հարիր չէ մանկավարժական գործունեությանը:
Այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ միջադեպը տեղի է ունեցել Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում (8-րդ դասարան, անգլերենի դասաժամ):
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այժմ գտնվում են վերոնշյալ դպրոցում՝ դեպքի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով: Ուսումնասիրության արդյունքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտում է հակամանկավարժական դրսևորումներն ուսումնական գործընթացում և հետամուտ է լինելու ուսումնական հաստատություններում բռնությունից զերծ կրթական միջավայրի ձևավորմանը»:
|