▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով էր միջնորդել Տիգրան Սարգսյանի համար

Պատմությունը երբեք չի հնանում, եթե նա իր աղերսներն ունի իրականության հետ: Ուրեմն, երբեք էլ չի կարելի փակված համարել Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում նշանակելու թեման, քանի որ այդ նշանակումը դարձավ ճակատագրական Հայաստանի համար, այդ նշանակման ազդեցությունները շարունակվում են մինչև օրս՝ իրենց հարվածները հասցնելով տնտեսությանը, միգրացիոն քաղաքականությանը:
Հայաստանը 2000-ականների սկզբներից ամբողջապես հայտնվեց Ռուսաստանի ազդեցության ներքո՝ աստիճանաբար վերածվելով նրա ֆորպոստի, ինչի մասին ոչ մեկ անգամ հրապարակավ հայտարարել են ռուս բարձրաստիճան պաշտոնյաները: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ձգտում էր պահպանել թեկուզ երևութական հավասարակշռություն Արևմուտքի և Ռուսաստանի միջև՝ այսպես մանևրելով և ,,կոմպլիմենտարիզմը,, հռչակելով արտաքին քաղաքական գործոն: Սակայն Սերժ Սարգսյանն արդենամբողջապես հայտնվեց ռուսական ազդեցության ներքո, որովհետև նա միշտ էլ ընկալվել է որպես ,,Մոսկվայի մարդ,,: Նոր նախագահի հայտնությունը վտանգում էր Արևմուտքի քաղաքականությանը, նրան հիմնովին դուրս մղում տարածաշրջանից և մասնավորաբար Հայաստանից, որի հանդեպ երբեք էլ չի թուլանում հետաքրքրությունը: Բացի այդ, այլևս չկարողանալով դիմադրել Սերժ Սարգսյանի ,,նշանակման,, փաստին, Արևմուտքն ամեն ինչ անում էր, որպեսզի այստեղ ունենար իր մարդը, իր էմիսարը: Հենց սրանով էր պայմանավորված ապաքաղաքական, Հայաստանի ֆինանսական բուրգի գագաթին բազմած, քաղաքական դաշտում երբեք որևէ դերակատարություն չունեցած Տիգրան Սարգսյանի հայտնությունը վարչապետի պաշտոնում: Ժամանակին ԿԲ նախկին նախագահը եղել է Վազգեն Մանուկյանի կուսակցության անդամ, մի կուսակցության, որը երբեք չի կտրել իր կապերը Արևմուտքի հետ, որի ղեկավարը սերտ հարաբերություններ է ձևավորել տարբեր մասոնական կառույցների հետ: Եվ Վազգեն Մանուկնաի ու Տիգրան Սարգսյանի հայտնությունը Սերժ Սարգսյանի ,,թիմում,, հենց Արևմուտքի թելադրանքն ու պահանջն էր, գուցեև որոշ մասոնական օթյակների թելադրանքը, քանզի Հայաստանը երբեք չի կարողացել զերծ մնալ այդ օթյակների ազդեցություններից…
Ուրեմն, Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնում հայտնվեց բացառապես Արևմուտքի թելադրանքով: Իսկ Սերժ Սարգսյանը չէր կարող խույս տալ այդ պարտադրանքից, որովհետև հույսեր էր փայփայում եվրաինտեգրման,եվրոպական կառույցներից աջակցության, Համաշխարհային բանկի սատարման առթիվ: Ռուսաստանում սիրով չընդունեցին Տիգրան Սարգսյանի նշանակումը, քանզի շատ էին կամենում ունենալ սեփական թեկնածուին, իր պատվերները կատարողին: Արևմուտքն էլ չէր ընդունի որևէ այլ թեկնածուի և սկիզբ կդներ Հայաստանի վրա ճնշումներին՝ առաջին հերթին առավել խորացնելով կողմնակալությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացներում: Տիգրան Սարգսյանի նշանակումը մեղմեց Արևմուտքի դիրքորոշումը, սակայն մեծացրեց Ռուսաստանի ճնշումները Հայաստանի վրա: Արդյունքում, Սերժ Սարգսյանն իր նշանակմամբ հայտնվեց երկու ուժի արանքում, նաև՝ վերածվեց յուրատեսակ պատանդի Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում: Նախագահ Սարգսյանը չէր կարող ,,դեղին քարտ,, ցույց տալ Տիգրան Սարգսյանին նրա գործունեության ճանապարհին, որքան էլ այդ գործունեությունը վնասաբեր լիներ: Նույն պահին նրա դեմ կելներ Արևմուտքը, նույն պահին Արևմուտքը ցույց կտար իր ատամները: Եվ ժամանակ առ ժամանակ ցույց էր տալիս՝ հիշեցնելով, որ կարող են լինել նաև պատիժներ: Տիգրան Սարգսյաննէլ սկսեց անշեղորեն կյանքի կոչել Արևմուտքի ծրագիրը՝ սկսած Հայաստանի բնակչության բեռնաթափումից մինչև տնտեսության քայքայումը: Արևմուտքը միշտ շահագրգռված է եղել, որպեսզի Հայաստանը հզոր արդյունաբերություն ունեցող երկրից վերածվի փոքր ու միջին ձեռնարկատիրության վրա հենվող աննշան պետության՝ այսպես մեծացնելով իր կախվածությունը արևմտյան կապիտալից: Վարչապետ Հրանտ Բագրատյանը, որն ամբողջապես ,,արևմտյան նախագիծ,, էր, հրաշալի էր կատարում Արևմուտքի ցանկությունը: Սակայն Անդրանիկ Մարգարյանի վարչապետության շրջանին, նաև Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ, քայլեր կատարվեցին արդյունաբերական հզորության վերականգնման համար, ինչը սկսեց անհանգստացնել Արևմուտքին: Ուստի Տիգրան Սարգսյանի նշանակումը ոգեշնչեց Արևմուտքին, խանդավառություն հաղորդեց: Բազմիցս հիշատակված ,,Նաիրիտի,, , Վանաձորի ,,Քիմպրոմի,, և այլ արդյունաբերական գիգանտների աստիճանական փոշիացումն արևմտյան ծրագրի բաղկացուցիչն էր: Այդ նույն ծրագրով էր նախատեսված ունենալ ընդամենը մեկ միլիոնանոց Հայաստան, դեպի որն անշեղորեն գնում էր Տիգրան Սարգսյանը:
Այսօր արդեն, նոր քաղաքական զարգացումների խորապատկերին, պարզ է դառնում, որ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը ոչ միայն ներքին համաձայնությունների և անհամաձայնությունների արգասիք էր, այլև՝ Ռուսաստանի կողմից թելադրված քայլ, որպեսզի Արևմուտքն իսպառ կորցնի րր հենարանները Հայաստանում՝ ճանապարհ տալով Ռուսաստանին: Հիշենք, որ Տիգրան Սարգսյանի ,,բախտի անիվը,, սկսեց շրջվել 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց ՄՄ-ին անդամակցելու մասին: Եվ հենց այդ իրադարձությունից հետո ակտիվացավ պայքարը վարչապետի դեմ…
Տիգրան Սարգսյանի հեռացմամբ Ռուսաստանը Հայաստանում նշեց իր հերթական հաղթանակը, սակայն Արևմուտքն էլ իր հերթին հակաքայլն արեց՝ Սերժ Սարգսյանին պարտադրելով նախկին վարչապետին ԱՄՆ-ում նշանակել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Ուրեմն, Հայաստանը շարունակում է յուրատիպ ,,խաղալիք,, մնալ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ,,մանրադրամ,, լինել մեծ խաղում: Խաղ, որը հաճախ ոչ թե հայեցակարգերով է պայմանավորված, այլ՝ անձերով…


Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее