Կարծես թե պարզեցինք, որ այս երկրի լավագույն շախմատիստը Տաճատ Վարդապետյանն է, բայց ոնց որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ավելի բարդ պարտիա են խաղում, ու մինչև Կառլուս Մագսենի մեկնելը, գուցե այս կայտառ նորվեգացուն ևս մեկ անգամ զարմացնելու առիթ ստեղծեն: Քոչարյանը կարծես այս երկրի ամենասուր գրիչ ունեցող տղեն չի ու հաստատ ամենազիլ հոդվածները չի գրում: Որպես 10 տարվա թերթ կարդալու և ևս 4 տարվա առցանց մեդիային հետևելու փորձ ունեցող մարդ` պաշտոնաթող նախագահի հարցազրույցները ու առհասարակ նրա գրելու ջիղը կգնահատեի 3 բալ` 10-բալանոց համակարգում:
Բայց կարծես թե վերևներում այդպես չեն կարծում, կամ էլ հակված են ցույց տալու, որ այդպես չեն կարծում: Եթե անաչառ լինենք ու իրավիճակը գնահատենք սթափ, ապա կարող ենք ասել, որ Քոչարյանի գլուխգործոցները կկարդա առավելագունը 100 մարդ, որոնց ուղիղ կեսը հանրապետական, 20 հոգին` բարգավաճից, 10 հոգին էլի բարգավաճից, բայց լատենտ հանրապետական, 3 հոգին ՀԱԿ-ից՝ այդ թվում Տեր-Պետրոյսանն ու Զուրաբյանը, 4 դաշնակ, 1 հոգի «Ժառանգություն»-ից և ևս 12-ը պատահական՝ համացանցում էրոտիկա ման գալու ընթացքում:
Ու ցավալին այն է, որ կարդացողներից և ոչ մեկն առանձնապես բանի տեղ չի դնի բոլտ ու գայկաների մասին այդ խրոխտ հոդվածները, եթե միայն հետո շախմատիստ, բայց ֆուտբոլի մեծ սիրահար Սերժը դաշտի կենտրոնում շեշտակի չընդունի գնդակն ու հանձնարարի երկրի բոլոր բոլտերի շեֆերին պատասխանել բոլտերի մասին սուր քննադատություններին, ապա հանձարարի գայկեքի շեֆերին մանրակրկիտ կերպով պաշտպանել գայկեքի շահերը: Արդյունքում ստացվում է ողջ լրահոսը ծածկող հոդվածաշար ոչնչի մասին:
Ես, ցավոք, ֆուտբոլ խաղալ երբեք չեմ իմացել, իսկ մեր ժամանակ էլ դպրոցներում շախմատ խաղալ չէին սովորեցնում, ուստի մի քիչ չեմ հասկանում նախագահական էս խաղերը: Ավելի շուտ ընդհանրապես չեմ հասկանում: Բայց որ կողքից նայողին թվում ա, թե սա մի ռեժիսորի թատրոն ա, դա հաստատ կասեմ: Էս երկուսը что-то замышляют, տղերք: