Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի անգլերեն և ֆրանսերեն ելույթը ՄԱԿ-ում: Հիշեցնենք, որ Նյու Յորքում, ՄԱԿ-ում անցնող խաղաղապահների համաժողովին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանն ընդլայնում է իր ներգրավվածությունը ՄԱԿ-ի կողմից արտոնված խաղաղապահ առաքելություններում:

«Մեր գործընկերների, մասնավորապես, ԱՄՆ-ի հետ մենք զարգացնում ենք խաղաղապահների վերապատրաստման ազգային ծրագիրը, որը թույլ կտա մեր զինվորականներին պատշաճ վերապատրաստում անցնել: Մեր նպատակն է միջազգային կենտրոնի հիմնադրումը, որտեղ կարող են սովորել խաղաղապահներ ամբողջ աշխարհից», ասել է նա: Նախարարն անդրադարձել է Սիրիա առաքելություն ուղարկելու որոշմանը, որը քննադատության է արժանացել մի շարք վերլուծաբանների կողմից. «Սիրիա ուղղված մեր մարդասիրական առաքելությունը բաղկացած է բժիշկներից եւ ականազերծման մասնագետներից: Այն իրականացվում է մեր ռուսաստանցի գործընկերների հետ համագործակցությամբ: Այդ որոշումն ընդունվել է ի պատասխան Սիրիայի եւ այնտեղի հայ համայնքի խնդրանքներին»:
Հիշեցնենք, որ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «Տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափ այլևս չի լինելու: «Ես՝ որպես Պաշտպանության նախարար, ասում եմ, այդ ձևաչափը՝ տարածքներ խաղաղության դիմաց, ես այսօր վերաձևակերպել եմ: Մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- ասել է Տոնոյանը:


