▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայքարի նպատակի ձևակերպման հարցի շուրջ

 

«Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանի հոդվածը:

«Սասնա Ծռեր» խմբավորումն ազգային-ազատագրական պայքարի նպատակը ներկայացրել է հետևյալ ձևակերպմամբ. «Ռուսական գաղութատիրությունից ազատագրում և ռուս-թուրքական դավադիր երկընտրանքի հաղթահարում: Այդ նպատակով ռուսական գաղութատիրության գործիքի վերածված Սերժ Սարգսյանի վարչակազմի հեռացում և ազգային կառավարության ձևավորում»:

Ազատության և հեռահաղորդակցության սահմանափակվածության պատճառով մեկ ամիս ուշացումով տեղեկացանք, որ մեր ձևակերպումը բանավեճի առարկա է դարձել: Բանավեճի մի կողմը համարում է, որ ձևակերպումը ճիշտ է և տեղին: Մյուս կողմը, ըստ էության չժխտելով նրա բովանդակությունը, պնդում է, որ այն ամբողջական և լիարժեք չէ: Այս վերջին պնդման հիմնական փաստարկումն այն է, որ Ռուսաստանից բացի մեզ նաև Արևմուտքն է գաղութացնում:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված անհրաժեշտության հաշվառմամբ ներկայացնում ենք մեր փաստարկումները, որոնց վրա հիմնվելով պայքարի նպատակ ենք համարում ռուսական գաղութատիրությունից ազատագրումը և ռուս-թուրքական դավադիր երկընտրանքի հաղթահարումը, ինչին հասնելու միջոցն ու գործիքը պետք է լինի ազգային կառավարությունը (փաստարկումների հերթականությունը առաջնահերթության պայման չէ):

1. Նպատակի իրագործման ժամկետը և 20/80 կանոնը

Որպես նպատակի իրագործման ժամկետ նկատի ենք ունեցել ոչ թե հայության և նրա պետականության առաքելության իրականացման երկարաժամկետ ռազմավարական հեռանկարը, այլ Սերժ Սարգսյանի վարչակազմին հեռացնելուն հաջորդելիք Անցումային փուլի երկամյա ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է Նոր Հանրապետության հիմնադրման պայմաններ և նախադրյալներ ստեղծելու, այդ թվում և առաջին հերթին՝ ապագաղութացման համար:

Եվ, նկատի ունենալով, որ այդ ժամկետը սուղ է, պայքարի նպատակը ձևակերպելիս հաշվի ենք առել խնդիրների այն 20%-ը, որոնց լուծմամբ լուծվում են (կամ սկսվում են լուծվել) պրոբլեմների 80%-ը:

2. Հայկական գործոնը բացառող ռուսականգաղութատիրության և ռուս-թուրքական երկընտրանքի դետերմինիզմը

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր պետականության պրոբլեմների 80%-ի հիմնական մասը հետևանք է ռուսական գաղութատիրության և ռուս-թուրքական երկընտրանքի:

Ռուսական գաղութատիրության և ռուս-թուրքական երկընտրանքի հրեշային երախում հայտնվելու հետևանքով ըստ էության զրոյացվել է Արևմտյան Հայաստանի նկատմամբ մեր՝ Հայրենիքի իրավունքի իրականացման հնարավորությունը, բռնազավթվել և մասնատվել է Հայաստանի 1-ին Հանրապետությունը, կանխորոշվել է Արցախի և Նախիջևանի հանձնումը Ադրբեջանին, ԽՍՀՄ-ի վերածված ռուսական կայսրությունում իրականացվել է հայության բռնագաղթ և ուծացում, իսկ Թուրքիայում շարունակվել է հայության ողջ մնացած հատվածների ցեղասպանության քաղաքականություն, ինչպես նաև տանդեմային ջանքերով ձևավորել է հայկական գործոնը բացառող տարածաշրջանային ճարտարապետություն:

Ռուսաստանը և Թուրքիան այսօր էլ հավատարիմ են հայկական շահերի հաշվին իրենց շահերն իրականացնելու տանդեմային գործունեությանը և շատ բանի են պատրաստ տարածաշրջանի առկա ճարտարապետությունը՝ առնվազն Հայաստանին և հայությանը վերաբերող մասով պահպանելու համար, քանի որ հայկական գործոնի առաջացումը կկազմաքանդի նրանց համար համակարգաստեղծ նշանակություն ունեցող և երկուստեք ձեռնտու աշխարհաքաղաքական «կշեռքը»:

Ռուսական գաղութատիրությունը և ռուս-թուրքական երկընտրանքը նաև Հայաստանի նկատմամբ Արևմուտքի գաղութատիրական վերաբերմունքի ձևավորման հիմնական առիթն է, ինչն ըստ էության պայմանավորված է հետևյալ երկու հանգամանքով.

- Հայաստանը վերածվել է աշխարհքաղաքական և աշխարհատնտեսական հեռանկար չունեցող օբյեկտի, ուստի Արևմուտքը ևս մեզ դիտում է որպես օբյեկտ,

- «օբյեկտ» Հայաստանը Ռուսաստանի գաղութ է, ուստի Ռուսաստանի հետ մրցակցող Արևմուտքն իր հերթին ձգտում է արտաքին կառավարման իր բաժինն ունենալ այդ «օբյեկտ»-ի նկատմամբ:

3. Ռուսական գաղութատիրության վտանգավորությունը

Արևմտյանի նկատմամբ ռուսական գաղութատիրությունն անհամեմատ ավելի արմատավորված է, ծավալված և վերահաս:

Ռուսական գաղութատիրությունն ավելի քան 200 տարվա պատմություն ունի: Այն հասցրել է թափանցել մեր կյանքի բոլոր ոլորտների խորքերը և արմատներ ձգել՝ վերածվելով բարդ, բազմապիսի և ինքնավերարտադրվող համակարգի: Իսկ Թուրքիայի ցեղասպան ձեռքից պաշտպանվելու նպատակով Ռուսաստանի սապոգի օգտին դարեր առաջ կատարված ընտրությունը, որը հայության բավականին լայն շրջանակներում սոցիալ-հոգեբանական բարդույթ է ձևավորել, յուրօրինակ աղբյուր է դարձել այդ համակարգին սնուցելու համար:

Մշակութային (այդ թվում՝ կառավարման մշակույթի), սոցիալական, տնտեսական, քաղաքական (հատկապես՝ հայաստանյան վերնախավի ջախջախիչ մեծամասնության Ռուսաստանի ազդեցության և/կամ հատուկ ծառայությունների գործակալ լինելու պատճառով), ռազմական և այլ բնույթի կապերը, նմանությունն  ու կախյալությունը մեզ շատ խոցելի, իսկ ռուսական կողմին շատ ձեռնհաս են դարձնում Հայաստանը և հայությանը գաղութացնելու համար:

Մինչդեռ Արևմուտքի պարագայում նման իրավիճակ չկա:

Այս ամենից զատ՝ ռուսական գաղութատիրությունը ագրեսիվ է ու վերահաս: Այն մեզ սպառնում է այսօր ու անմիջականորեն, գործում է ռեյդերային ագահությամբ և նպատակ ունի կարճաժամկետ հեռանկարում ավարտին հասցնել մեր կլանումը և վերջ դնել ինքնիշխան պետականություն ունենալու և ազգային իղձերն իրականացնելու մեր նպատակներին:

Ուստի ռուսական գաղութատիրության նկատմամբ մեր իմունիտետը թույլ է, իսկ արևմտյանի նկատմամբ՝ բավարար: Այս պատճառով ռուսական գաղութատիրությունը մեզ համար շատ ավելի վտանգավոր է, քան արևմտյանը: Պատմությունն էլ է սովորեցնում, որ ավելի վտանգավոր է ոչ թե Հռոմը, այլ՝ Բյուզանդիան:

4. Արևմտյան գաղութատիրության կերպափոխելիությունը

Արևմտյան գաղութատիրությունը մեծ հավանականությամբ հնարավոր է վերածել համագործակցության2:

Եթե աճողական տրամաբանությամբ դիտարկենք ռուսականի համեմատությամբ մակերեսային և հատվածական այդ երևույթի բաղադրիչները, կստանանք հետևյալ պատկերը.

- այսպես կոչված «փաթեթային ժողովրդավարության» պարտադրում,

- ռազմավարական օբյեկտների նկատմամբ սեփականություն կամ կառավարում,

- էկոգաղութացում,

- հայաստանյան վերնախավի ներկայացուցիչների նկատմամբ անվանարկող տեղեկությունների տիրապետում,

- հայաստանյան վերնախավի ներկայացուցիչների ապօրինի ֆինանսական միջոցների նկատմամբ հսկողություն արևմտյան բանկերում և օֆշորային տարածքներում,

- Հայաստանի ֆինանսավարկային պարտավորություններ և դրանցով պայմանավորված կախյալություն:

Արևմտյան գաղութատիրության թվարկված բաղադրիչները համապատասխանաբար հաղթահարելի են ազգային սահմանադրության ընդունմամբ, ռազմավարական օբյեկտների և ենթակառույցների ազգայնացմամբ կամ նրանց նկատմամբ ազգային վերահսկողության հաստատմամբ, տնտեսական շահի նկատմամբ բնապահպանողական շահի գերակայության սկզբունքի և դրան համապատասխանող բնապահպանական նորմերի ու չափանիշների սահմանմամբ, քաղաքական սերնդափոխությամբ և գործակալական ու տնտեսական լյուստրացիայի անցկացմամբ: Որոշակիորեն բարդ է Հայաստանի ֆինանսավարկային պարտավորությունների մարման խնդիրը, սակայն և՛ այդ պարտավորությունները, և՛ մյուս բաղադրիչների շատ տարրեր կարող են և պետք է դառնան Արևմուտքի հետ համագործակցության ռեսուրս:

Այս սցենարը կանխատեսելի և հիմնավոր է այն տրամաբանությամբ, որ ռուսական գաղութատիրությունից ազատվելու և տարածաշրջանային ճարտարապետության փոփոխման հարցում Արևմուտքի հետ գործակցելու համար անհրաժեշտ կարողություններ զարգացնելու նպատակով Հայաստանը պետք է այսօրվա համեմատությամբ շատ ավելի լուրջ ներուժ (այդ թվում՝ ֆինանսական) և սուբյեկտայնություն ունենա: Այդ պատճառով Արևմուտքի շահերը պահանջելու են վերակառուցել Հայաստանի ֆինանսավարկային պարտավորությունները, ինչպես նաև օգնել Հայաստանին՝ երկրից ապօրինաբար դուրս բերված միլիարդավոր ԱՄՆ դոլարների հասնող կապիտալը վերադարձնելու, և, ինչու ոչ, նաև դրա հաշվին այդ պարտավորությունները մարելու և երկրի տնտեսությունը զարգացնելու համար:

Նշված սցենարի տրամաբանությամբ ՀՀ-ին Արցախի դե յուրե միավորումից և հայկական գործոնի հաշվառմամբ տարածաշրջանային նոր ճարտարապետության ձևավորումից հետո օրակարգից ինքնաբերաբար դուրս կգա նաև Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում Արևմուտքի ազդեցության հարցը:

5. Արևմուտքի քաղաքակրթական գերակայությունըգաղութատիրություն չհամարելը

Աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ, Արևմուտքի քաղաքակրթական գերակայությունը պետք չէ շփոթել կոնկրետ գաղութատիրության հետ: Այն ըստ էության կյանքի միջավայր և ապագայի հեռանկար ձևավորող օբյեկտիվ իրողություն է:

Համենայնդեպս, եթե այդ իրողությունը փոխելու կարիք կա, ապա այն առնվազն չի կարող ներառվել Անցումային փուլի խնդիրների ցանկում:

Միևնույն ժամանակ՝ արևմտյան քաղաքակրթությունը մի զգալի մասով հայկական արմատ ունի: Եվրոպան մեր քույրն է, ուստի նրան փոխելու համար հարկավոր է ոչ թե պայքարել նրա դեմ, այլ ընդառաջ գնալ նրան: Անշուշտ, դա պետք է արվի ոչ մեր ինքնության հաշվին:

6. Երկու ճակատով պայքարելու բարդությունն ուվտանգավորությունը

Քայքայված, մարդաթափ եղած, ռազմական հարձակման ենթակա, աշխարհառազմավարական հեռանկարը կորցնելու վտանգի առաջ հայտնված և բազմաթիվ այլ պրոբլեմներ ունեցող Հայաստանի համար երկու ճակատ տալը անիմաստ և ոչ արդյունավետ լինելուց զատ կարող է պարզապես կործանարար լինել:

Հատկապես մեծ է վտանգը, որ նման պարագայում Արևմուտքը և Ռուսաստանը կարող են համաձայնության գալ Հայաստանի ներկայիս օբյեկտային կարգավիճակը պահպանելու և առհասարակ մեզ վերաբերող մասով տարածաշրջանը §պահածոյացնելու¦ ուղղությամբ: Մասնավորապես՝ Արցախի հարցում Արևմուտքի դիրքերի կոշտացումը և Ռուսաստանի հետ քննարկումների հաճախակիացումը այդպիսի միտման ցուցանիշ է: Մինչդեռ տարածաշրջանային ճարտարապետության արմատական փոփոխության ընդհանուր միտումը, Արցախի տարածքի փաստացի ազատագրումը, Նախիջևանի նկատմամբ հայկական վերահսկողության հաստատման և այդտեղով «Իրան-Եվրոպա» ցամաքային ճանապարհի անցկացման հավանական հեռանկարը Արևմուտքի հետ առկա հարաբերությունների համակարգը գաղութայինից համագործակցայինի կերպափոխման ռեսուրս է ստեղծում:

Սակայն Արևմուտքի գործնական քաղաքականությունն առայժմ շարունակում է հիմնվել մեր գաղութային կարգավիճակով պայմանավորված իրողությունների վրա:

7. Գործնականությունը և արդյունավետությունը

Գործնական և արդյունավետ լինելու համար հարկավոր է պայքարի նպատակը ձևակերպել կոնկրետ և թիրախային: Որպես կանոն, դա պետք է արվի նպատակի իրագործման մոտավոր ժամկետի, հավանական մարտահրավերների, առնչվող սուբյեկտների և այլ կարևոր հանգամանքներով պայմանավորված համատեսքտի հաշվառմամբ՝ այդպիսով տեսանելի և շոշափելի դարձնելով պայքարի ռազմավարությունն ու մարտավարությունը և, ինչու ոչ՝ հակառակորդներին ու դաշնակիցներին: Օրինակ, եթե Արցախյան շարժման ժամանակ մենք «Արցախը մերն է» ասելու փոխարեն խոսեինք Միացյալ Հայաստանի տեսլականի մասին, ժողովուրդը ոտքի չէր կանգնելու և չէր մասնակցելու պայքարին:

Ուստի գործնական և արդյունավետ լինելու համար մենք պետք է սահմանենք, թե ումից և ինչպես ենք ազատագրվելու:

Եզրակացություններ

1. Պայքարի նպատակի վերաբերյալ մեր ձևակերպումը մասնակի և ոչ ամբողջական համարող կարծիքներն արդարացված չեն, քանի որ մենք այն նախատեսել ենք Անցումային փուլի երկամյա ժամկետի, այլ ոչ թե հայության ու նրա պետականության ռազմավարական հեռանկարի համար:

Մենք աչքի առաջ ենք ունեցել մեր պատկերացման համապատասխան Նոր Հանրապետության հիմնադրման համար անհրաժեշտ պայմանների ու նախադրյալների ստեղծման նպատակների ամբողջ համակարգը (1)ժողովրդի իշխանության հաստատում, 2)ապագաղութացում և ինքնիշխանության հաստատում, 3)Հայաստանի Հանրապետությանը Արցախի (իր սահմանադրական տարածքով) դե յուրե միավորում և 4)պետության կենսունակության ապահովում), սակայն երևույթն առարկայորեն ավելի տեսանելի կերպով պատկերացնելու, նրա էությունն ըմբռնելի դարձնելու և հիմնական անելիքը որոշակիացնելու ու ընդգծելու գիտակցված նպատակադրմամբ առանձնացրել և ներկայացրել ենք այդ համակարգի միջուկը, այն է՝ ազգային-ազատագրական պայքարի նպատակի վերաբերյալ մեր ձևակերպումը:

Ուստի նշված նպատակների և մեր ներկայացրած նպատակի միջև հակասություն չկա: Մեր ներկայացրած նկատակը ներառում է այդ նպատակների իրագործումը երաշխավորող խնդիրների հիմնական և որոշիչ մասի շրջանակը և, միևնույն ժամանակ, ցույց է տալիս դրանց լուծման բանալին:

2. Ռուսական գաղութատիրությունից ազատագրվելու, ռուս-թուրքական երկնտրանքը հաղթահարելու  և տարածաշրջանային ճարտարապետությունը փոփոխելու դժվարին ու վտանգավոր պայքարում ի դեմս դաշնակիցների՝ հենման կետերի և լծակների կարիք կունենանք: Որպես այդպիսի դաշնակիցներ մենք տեսնում ենք Արևմուտքին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ին, ինչպես նաև բարեկամ Իրանին: Մենք պետք է վարենք ինքնիշխան, սակայն Արևմուտքի գործընկերությունը երաշխավորող և Իրանի ռազմավարական աջակցությունը նախատեսող քաղաքականություն և դրա միջոցով հասնենք մեր նախանշած նպատակին:

3. Մեր ձևակերպումը չենք համարում վերջնական ու կատարյալ և պատրաստ ենք նրա տրամաբանությունը պահպանելու պայմանով քննարկել այն հստակեցնելու և հղկելու բոլոր առաջարկությունները:

4. Առհասարակ՝ որևէ նպատակ ձևակերպելիս որոշիչ ենք համարում նրա համատեքստը: Ըստ այդմ՝ ռազմավարական փաստաթղթերի, օրինակ՝ վերը նշված Նոր Հանրապետության հիմնադրման ճանապարհային քարտեզի տեքստերում նախընտրելի են առավել ամբողջական և համապիտանի (ունիվերսալ) ձևակերպումները:

Մինչդեռ գործնական քաղաքականության և այն սպասարկող հռետորաբանության արդյունավետության տեսակետից նպատակահարմար է կիրառել պայքարի նպատակի վերաբերյալ մեր հայտարարած ձևակերպումը:

 

1. «Ռուս-թուրքական երկընտրանք» ձևակերպումը  մեր ներմուծումն է: Այն նկատի ունի հայության և Հայաստանի համար ռազմավարական (ծայրահեղ դրսևորումների ժամանակ՝ գոյութենական) մարտահրավերներ առաջացնող արտաքին հարաբերությունների ձևաչափ, որը պայմանավորված է թուրքական լծից ազատվելու համար ինքնիշխան պետություն ստեղծելու փոխարեն ավելի մեղմ ռուսական լծի ընտրությամբ: Այն հայության զգալիորեն լայն շրջանակներում ստեղծել է ռուսական գաղութատիրությունը և մեր շահերի հաշվին կատարվող ռուս-թուրքական գործարքները որպես ճակատագիր ընդունող մտածելակերպ և վարքագիծ, ինչը հայկական կողմին զրկում է ինքնիշխան պետություն ստեղծելու և արտաքին հարաբերությունների սուբյեկտ ու գործոն դառնալու հնարավորությունից, իսկ ռուսական և թուրքական կողմերին էապես օժանդակում է իրենց շահերն ապահովել հայության և Հայաստանի շահերի հաշվին, ընդ որում՝ իրենց համար առավել բարենպաստ՝ հայկական գործոնը բացառող տարածաշրջանային ճարտարապետություն ձևավորելու տարբերակով:

2. Արևմուտքն առնվազն քաղաքական և տնտեսական առումներով միաձույլ և ամբողջական երևույթ չէ: Մենք համագործակցության և, առավել ևս՝ դաշնակցության հեռանկար ունենք Արևմուտքի այն հատվածի հետ, որի ռազմավարական օրակարգը նախատեսում է մեր տարածաշրջանում ռուսական ազդեցության թուլացման, ռուս-թուրքական տանդեմի հնարավորությունների սահմանափակման, Թուրքիայի գործոնի նվազարկման, փոքր ուժերի սուբյեկտայնացման, Իրանի դերի մեծացման և մեր ազգային շահերի համար բարենպաստ ռեսուրս պարունակող այլ սցենարներ: Այսպիսի ռեսուրս հիմնականում պարունակում է ԱՄՆ-ի պաշտոնական արտաքին քաղաքականությունը: Ուստի մեր շահերը պահանջում են առաջին հերթին ռազմավարական գործընկերային հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի և նրա շուրջ համախմբված հատվածի հետ:

 

Աղբյուրը՝ Lragir.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее