azatutyun.am-ը գրում է. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի ընթացքում թե՛ Պուտինի, թե՛ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները լրատվամիջոցները ստիպված եղան թարգմանել հեռուստադիտողների համար, քանի որ դրանք հնչեցին միայն ռուսերեն և առանց թարգմանության։ Մինչդեռ «Լեզվի մասին» օրենքը փաստում է՝ «Հայաստանը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է», մեկ այլ հոդվածով ավելացնում է, որ «Համագումարներում, ժողովներում, պաշտոնական և հանրային այլ միջոցառումների ժամանակ պետք է ապահովել ոչ հայերեն ելույթների հայերեն թարգմանություն»։
Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շտապել է հիշեցնել ոչ վաղ անցյալը և ասել է՝ Հայաստանի նախորդ նախագահներն էլ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումներին այդպես են վարվել։
«Օրենքի խախտու՞մ է, թե՞ ոչ» հարցին Էդուարդ Շարմազանովը հստակ չի պատասխանել՝ նշելով, որ իրավաբան չէ, բացի այդ չի կարծում, որ Հայաստանում հայոց լեզվին որևէ վտանգ է սպառնում։
Իսկ «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը առանց իրավաբանի մեկնաբանությունն էլ լսելու վստահ է՝ օրենքը խախտվել է։
Քաղաքացիների մեծ մասը նույնպես «Ազատության» հետ զրույցներում իրենց դժգոհությունն են հայտնել նախագահի ռուսերեն խոսքի առնչությամբ։