ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում, ի թիվս մի շարք հարցերի, քննարկվեց 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը: Քննարկումները հնարավոր եղավ ավարտել անցնող քառօրյայի ընթացքում, սակայն հանձնաժողովի ստեղծման քվեարկությունը տեղափոխվեց հաջորդ քառօրյա:
«Իմ կուսակցության ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումը շատ հստակ արտահայտել են և արտահայտում են, ես կարծում եմ, թե ավելին, որ նախաքննության մարմինն է արել և ժամանակավոր հանձնաժողովը, ես չեմ կարող ասել և անել»,- քննարկման օրերին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Իր հերթին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն էլ անցնող շաբաթվա ընթացքում հայտարարել է, թե «2008-ի Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության վերաբերյալ Ազգային ժողովում ժամանակավոր հանձնաժողով ստեղծել-չստեղծելը չի կարող ազդել իմ գործողությունների վրա և քիչ առնչություն ունի իմ լիազորությունների իրականացման հետ:
Ինչ վերաբերում է բացահայտելուն, բնականաբար մենք ամեն ինչ կանենք: Մենք խոսում ենք արդյունավետ քննության ապահովման ու երաշխավորման մասին, ես վստահեցնում եմ, որ կանեմ առավելագույնը այդ արդյունավետ քննությունը երաշխավորելու համար, ոչ միայն այդ, այլև ցանկացված այլ գործով»:
Մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների շատ դրվագներ մինչև այժմ մնում են անհայտ` չբացահայտված, սակայն ստեղծված իրավիճակում ու առկա իրողությունների պայմաններում պետք է հասկանալ, թե ինչպես և որ մարմնի միջոցով պետք է աշխատել` գտնելու այդ իրադարձության հետ կապված բոլոր հարցերի պատասխանները:
Մի կողմից, դժվար է չհամաձայնվել այն տեսակետին, որ իշխանական տարբեր գործիչներ, մարտի մեկի դեպքերի (և ոչ միայն) ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցում շատ են գործածում «քաղաքական շահարկում» հասկացությունը, մյուս կողմից, այդքան էլ պարզ չէ, թե ինչ բացահայտումներ կարող է անել կամ լուծումներ առաջադրել խորհրդարանում ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովը:
Որքան էլ պնդեն, որ ժամակավոր հանձնաժողովում ընդգրկված պատգամավորների մասնագիտական գիտելիքները հնարավորություն են տալու աշխատել եղած փաստերի հետ, ամեն դեպքում, քաղաքական ուժերի ու գործիչների քաղաքական կողմորոշումները հանձնաժողովի աշխատանքներում առանցքային դերակատարություն են ունենալու և դժվար է այդ հանձնաժողովից զուտ մասնագիտական արդյունք ակնկալել:
Քաղաքական առումով, միակ գնահատականը, որն օբյեկտիվորեն կարող է տալ այդ հանձնաժողովը այն է, որ տեղի ունեցածի համար պատասխանու է և իշխանությունը` որպես երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձության պատասխանատու ,և այն ընդդիմադիր ուժերն ու գործիչները, ովքեր ղեկավարում էին հանրահավաքների անցկացման ու հատկապես այդ օրը հանրահավաքի մասնակիցներին ճիշտ սիգնալներովու գործընթացը:
Եթե նույնիսկ դիտարկենք հանրահավաքի` վերահսկողությունից դուրս գալու հանգամանքը, ապա դա ոչ մի կերպ չի փրկում իշխանությանն ու ընդդիմությանը, քանզի իրադարձությունների նման ընթացքը ևս նրանց պատասխանատվության տիրույթում է:
Մարտի մեկի ողբերգական իրադարձությունների լիարժեք բացահայտման համար նախևառաջ անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական գործիչները` իշխանական, այլընտրանքային, թե ընդդիմադիր, քաղաքական գնահատականներ հնչեցնեն ոչ թե իրենց «կաշին փրկելու» կամ հասարակության համապատասխան զանգվածին «դուր գալու», այլ իրերն իրենց անուններով անվանելու նպատակով, ինչն, ի դեպ, վերջիններիս բուն առաքելությունն է:
Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյան