Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Ազգային-ժողովրդական բեւեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը հայտարարեց, որ նոյեմբերի 9-ին կկայանա իրենց հաջորդ հանրահավաքը՝ նույն վայրում:

Հիշեցնենք, որ ճիշտ նույն օրը՝ նոյեմբերի 9-ին, Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին Երեւանի քաղաքապետարանին իրազեկել է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Քաղաքապետարանը գնում է բացահայտ սադրանքի, որովհետեւ պարզ դարձավ, որ երկու լրիվ տարբեր քաղաքական ուժերին բավարարել է նոյեմբերի 9-ի հայտը՝ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու: Եվ սա այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանի կողմից ղեկավարած «Հայաստան» դաշինքի հայտը բավարարելուց նրանք շատ լավ գիտեին, որ Ազգային ժողովրդական բեւեռն արդեն նախորոք իր հայտը ներկայացրել է, եւ Ազատության հրապարակն այդ օրը մերն է լինելու: Պատկերացնո՞ւմ եք, քաղաքապետարանը թույլ է տալիս, որ նույն օրը նույն ժամին երկու խոսափողներ դրվեն եւ երկու քաղաքական իրարից տարբեր ուժեր անցկացնեն հանրահավաք: Սա նոնսենս է, սադրանք է եւ նշանակում է, որ իրենց այս քայլով բախում են սադրում: Նոյեմբերի 9-ին միայն Ազգային ժողովրդական բեւեռն է Ազատության հրապարակում անցկացնելու իր միջոցառումը եւ վերջ: Իսկ հնարավոր սադրանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է քաղաքապետարանի վրա», - ասաց բեւեռական Վահե Գասպարյանը:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝


