Ռուսաստանը, ինչպես երևում է, Արևմուտքից ավելի արագ է գործում: Արևմուտքը՝ ի դեմս ԵՄ անդամ երկրների, բազմիցս հայտարարել է, որ ջանք ու եռանդ չի խնայում դիֆերսիֆիկացնելու իր էներգիայի ներկրման աղբյուրները: Այսօրվա դրությամբ մենք շատ լավ գիտենք, որ ԵՄ-ի գազի պահանջարկի շուրջ 30%-ը ապահովում է Ռուսաստանը՝ չհաշված այն հանգամանքը, որ այդ 30%-ի շրջանակներում կան որոշ ԵՄ երկրներ, որոնք գրեթե 100%-ով են կախված ռուսական գազից (խոսքը հիմնականում արևելաեվրոպական երկրների մասին է): Ինչևէ, մինչ Արևմուտքը խոսում է, Ռուսաստանը գործում է. բանն այն է, որ ռուսներն էլ, իրենց հերթին, նոր շուկաներ են որոնում, որպեսզի ապագա ինչ-ինչ քաղաքական իրավիճակներում հանկարծ հարցի առջև չկանգնեն` կորցնելով իրենց հիմնական շուկան՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Այսպիսով՝ եկող շաբաթ նախատեսվում է Ռուսաստանի նախագահի այցը Չինաստանը: Այդ այցի շրջանակներում նախատեսվում է նաև ռուսական «Գազպրոմ» ընկերության և Չինաստանի Նավթի-գազի ազգային կորպորացիայի (CNPC) միջև բազմամիլիարդանոց մի պայմանագրի ստորագրում, որի շուրջ կողմերը բանակցում են ավելի քան մեկ տասնամյակ: Այդ պայմանագրով կառուցվելու է մի մեծ գազամուղ, որը, ըստ մի շարք փորձագետների, պետք է տարեկան ապահովի ավելի քան 38 միլիարդ խորանարդ մետր գազի արտահանում դեպի Չինաստան: Պայմանագրում առկա է կետ, որը թույլ կտա տարեկան մատակարարումը ավելացնել մինչ 61 միլիարդ խորանարդ մետրի: Պայմանագիրը կնքվելու է շուրջ 30 տարով:
Կարճ ասած, եթե ի վերջո մյուս շաբաթ կողմերը վերջապես ստորգարեն այդ համաձայնագիրը, դա առաջին հերթին ավելի կխորացնի Մոսկվայի և Պեկինի միջև հարաբերությունները՝ թե´ էներգետիկ, թե´ առհասարակ տնտեսական ոլորտներում, իսկ դրանց զուգահեռ չեն կարող չզարգանալ նաև հարաբերությունները քաղաքական ասպարեզում: Այս պայմանագիրը մեծ հաշվով ձեռնտու է հավասարապես երկու կողմերին էլ: Ռուսաստանը, ունենալով մի շարք խնդիրներ Արևմուտքի հետ, դիվերսիֆիկացնում է իր շուկան` կանխելու համար իր պոտենցիալ ֆինանսական կորուստները, եթե հանկարծ այդ հարաբերությունների վատթարացման ֆոնին Եվրոպան հրաժարվի ռուսական գազից, իսկ Չինաստանն էլ իր հերթին, ունենալով խնդիրներ նույն Արևմուտքի հետ, ինչպես նաև վերջերս Իրանի հետ, իր հերթին դիվերսիֆիկացնում է իր ներկրման աղբյուրները` սերտացնելով երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Տեսեք, Ռուսաստանի համար, անկասկած, եվրոպական շուկան շատ ավելի ձեռնտու է, քանի որ այդ երկրների վճարում են հա´մ ավելի բարձր գին այդ գազի դիմաց, հա´մ էլ վճարում են ժամանակին, մինչդեռ Արևելքում գազի գինն ավելի ցածր է և առհասարակ պայմաններն այլ են: Բայց ամեն դեպքում, լավ, թե վատ, Ռուսաստանը հստակ, տեսանելի քայլեր է ձեռնարկում, ասել է թե, իր գլխի ճարը տեսնում է՝ ի տարբերություն ոմանց: