Արցախյան Շարժումը երկու նպատակ ուներ՝ ազատագրել պատմական Հայաստանի մի հատվածը գերությունից, և ապա՝ փոխել երկրի ներսի հասարակական հարաբերությունները:
Առաջինը իրագործվեց, իսկ ահա երկրորդի պարագայում նկատվեց ահավոր նահանջ: Լավ երկիր ունենալու տեսլականը շարժման ընթացքում չէր հասցրել բյուրեղանալ, երկիր կառավարելու նոր ձևը մշակելու ժամանակ չէր եղել: Մտայնությունը հետևյալն էր՝ պաշտոններին եթե նստեն ազնիվ, գաղափարական մարդիկ, ամենը կփոխվի: Դա էր թերևս գլխավոր պատճառը, որ մերժողաբար տրամադրված լինելով կառավարման խորհրդային գրված ու չգրված կանոնների հանդեպ, նոր իշխանությունները, այլընտրանք չունենալով, հեղափոխությունից ամիսներ անց վերադարձան իրենց կողմից մերժված տարբերակին:
Վազգեն Մանուկյանի գլխավորած շարժումը, որն առաջինն էր ՀՀ պատմութան մեջ, նպատակ ուներ ետընտրական այնպիսի հուզումներ ստեղծել երկրում, որը կհանգեցներ իշխանությունների նահանջին: Շարժման ղեկավարները ևս գտնում էին, որ եթե վատ իշխանավորներին փոխարինեն լավերով, ապա երկրում ստեղծած վիճակն արմատապես կփոխվի, չեն լինի այլևս հանրային կյանքում նկատվող անցանկալի դրսևորումերը: Շարժումը նոր համակարգի, հասարակական նոր հարաբերությունների պատկերացում չբերեց իր հետ: Ու եթե հիմա հարցնեք մարդկանց, թե ի՞նչ կարող են հիշել այդ շարժումից, ապա կպարզվի, որ իշխանություններին կոշտ քննադատելն է մտապահվել միայն:
Հետագա շարժումները շարունակեցին այդ ոճը, և կրկվեց ,,Մենք լավն ենք, նրանք վատը,, թեզը:
Եվ քսան տարվա մեջ մեր քաղաքական միտքն այդ շարժումների արդյունքում աննշան անգամ առաջընթաց չունեցավ նոր համակարգի, այլ արժեքների վրա հիմնված հասարակական հարաբերությունների մշակման գործում:
Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումն ընթացքի մեջ է: Այն առ այսօր, ի տարբերություն նախորդների, աչքի չի ընկնում իշխանությունների դեմ ուղղված ընդգծված ագրեսիայով, բայց և մյուս կողմից դեռևս անորոշ է՝ այն բերու՞մ է արդյոք իր հետ հանրային կյանքը նորովի կազմակերպելու մոտեցում,թե՞ ոչ:
Ազատության հրապարակում քաղաքացիական նախաձեռնությունների բնույթի ինքնաբուխ ինչ-ինչ նորարարություններ են փորձարկվում: Դրանք իրենց հետ կբերե՞ն պահանջվող նոր որակը, նոր համակագը, թե՞ ոչ, դժվար է ասել: Ցանկալի կլիներ քաղաքական պայքարի ելած թիմը վաղուց մշակած լիներ դրանք, այլապես ժամանակը հիմա հոսում է ի վնաս իրենց, քանի որ հետևորդներն իրենցից արագ արդյունք են ակնկալում: Կա վտանգ, որ շարժումը կմարի մինչ քաղաքացիական բնույթի նորարարությունները թափ կհավաքեն ու կներթափանցեն հանրային տարբեր շերտեր, և այդ դեպքում այդ մոտեցումը ևս կվարկաբեկվի: Մինչդեռ դրանք իրենց ներսում պարունակում են իրավիճակից ելքի տարրեր:
Հրապարակախոս Արծրուն Պեպանյանի գրառումը
Ֆեյսբուք