▲ Դեպի վեր

Пятница, 14.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Շատ լավ էլ գիտեք, թե ով բերեց Նիկոլին, մնում է ձեր տաբուները հանել ու տալ Նրա անունը, Ում Անունը Չի Կարելի Տալ․ քաղաքագետ

«Հայտնի ուժերը» կրկին հաղթում են․ Աղասի Ենոքյան

Հիմա Հայաստանի քաղաքականության մեջ ամենաթեժ քննարկումներն ընթանում են այս հարցի շուրջ․ «Ո՞վ բերեց Նիկոլին»։ Սա որոշակի շեղում է հիմնական թեմայից․ «Ինչպե՞ս ազատվենք Նիկոլից», բայց երեւի թե ենթադրվում է, որ հենց գտնենք առաջին հարցի պատասխանը, միանգամից երկրորդին էլ կպատասխանենք։

ա/ Նիկոլը պատի ծակից չհայտնվեց, այլ մտավ քաղաքականության մեջ 2008թ․ մարտի 1-ից հետ։ Մի կողմ թողնենք այն, թե ինչո՞ւ եղավ մարտի 1-ը եւ ո՞ւմ էր այն ձեռնտու, բայց հիշենք, որ Նիկոլը 2007-8 թթ․ բողոքների ժամանակ ամենաթունդ հռետորներից էր, հետո փախած էր, հետո բանտ նստեց, հետո Տեր-Պետրոսյանը նրան նշանակեց ԱԺ պատգամավոր։ Տեր-Պետրոսյանը իր պատգամավորներին հավաքում էր իր ամենամոտ շրջապատից, իսկ Նիկոլը այդ շրջապատից չէր։ Այստեղ հիշենք, որ թունդ հռետորները բազմաթիվ էին, բազմաթիվ էին նաեւ փախածներն ու բանտ նստածները, սակայն նրանցից շատերը չմտան ԱԺ, իսկ Նիկոլը մտավ։ Լ․Տեր-Պետրոսյանը երբեմն խոստովանում է, որ ինքը գործում է «հայտնի ուժերի» ազդեցության տակ, ու չպետք է բացառել, որ Նիկոլին «առաջին շրջան» մտցնելու խորհուրդը եւս առաջին նախագահին «հայտնի ուժերն էին» էին տվել։

բ/ Նիկոլը վարչապետ դարձավ նրանից հետո, երբ 2018թ․ Սերժ Սարգսյանը մեծ ճնշման տակ հրաժարական տվեց: Նիկոլի իշխանությունը ֆորմալիզացվեց ԱԺ-ում Քոչարյանի քաղաքական հենարան համարվող ուժերի՝ ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի, պրոնիկոլական քվեարկությամբ, եւ քոչարյանական ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն էլ հենց Նիկոլի առաջին կառավարության մաս կազմեցին։ Աղասի Ենոքյան Կիսատ-պռատ խոսքերից, տարբեր ակնարկներից պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը ոչ այնքան նիկոլական ճնշման տակ էր, որքան այլ ուժերի սպառնալիքների, մանավանդ, որ Սերժ Սարգսյանն արդեն նման փորձ ունեցել էր, մի անգամ էլ էր նա տեղի տվել «հայտնի ուժերին»։ 2013թ․, երբ Հայաստանը կանգնած էր երկընտրանքի առաջ՝ Եվրոպա, թե՞ Ռուսաստան, Հայաստանում «հայտնի ուժերը» հրապարակ հանեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի «բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը»։ Սերժ Սարգսյանին կանգնեցրեցին երկընտրանքի առաջ՝ Հայաստանը պետք մտնի ԵԱՏՄ, կուզես՝ քո գլխավորությամբ, չես ուզի՝ առանց քեզ, հրապարակում կանգնած տղաների գլխավորությամբ, Հայաստանն այլընտրանք չունի, բայց դու ունես անձնական ընտրություն։ Սերժ Սարգսյանն ընտրեց իշխանության մնալու տարբերակը։ 2018-ին Սերժ Սարգսյանին տրվեց մեկ ուրիշ այլընտրանք՝ Նիկոլը պետք է գա իշխանության, կուզես ջարդուկռվով, կուզես առանց դրա, Նիկոլի գալն այլընտրանք չունի, քո ընտրությունը միայն եղանակի մեջ է։ Սերժ Սարգսյանն ընտրեց խաղաղ տարբերակը։

գ/ Հաջորդ անգամ իշխանությունը տրվեց Նիկոլին 2021թ․ խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս ընտրությունները Հայաստանի պատմության մեջ այն բացառիկ ընտրություններից էին, որ հետընտրական պրոցեսներ չգեներացրեցին։ Խայտառակ պարտությունից հետո, խայտառակ անցկացված ընտրություններում Նիկոլը հաղթեց առաջին հերթին Քոչարյանի գլխավորած ընդդիմության լռության պատճառով, ընդ որում, եթե այդ ընտրություններում ընդդիմության մասնակցությունն իմաստ ուներ, ապա միայն այն պատճառով, որ պետք էր հետընտրական բողոքներով Նիկոլից վերցնել իշխանությունը։ Ընդ որում, ընտրությունների կեղծիքները բազմիցս գերակշռում էին այդքան չարչրկված մարտի 1-ին նախորդած ընտրություններին։ Բնական է, որ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա թիմակիցները սեփական ցանկությամբ չէր, որ 2021թ․ ընտրություններից հետո իշխանությունը հանձնեցին Նիկոլին, առանց իր համար շատ հեղինակավոր «հայտնի ուժերի» խորհուրդ-հորդորի Ռոբերտ Քոչարյանը իր իշխանությունը չէր զիջի Նիկոլին։ Եվ ընդհանրապես, Նիկոլի իշխանության տարիներին ականատես ենք լինում մի կարեւոր ֆենոմենի․ հենց բողոքի ակցիաները հասնում են որոշակի հասունության, հենց փողոցը լցվում է կրիտիկական զանգվածով, «հայտնի ուժերի» մի ցուցումով բոլորին տուն են ուղարկում։ Կարելի է ենթադրել, որ փողոցային ակցիաները ոչ այնքան իշխանություն փոխելու համար են, որքան «հայտնի ուժերի» կողմից Նիկոլի վրա ճնշումներ գործադրելու եւ Հայաստանի տարածքից ու ինքնիշխանությունից նոր զիջումներ պոկելու համար։ Նաեւ, ակնհայտ է, որ եթե չլինեին «հայտնի ուժերի» կողմից երաշխիքներ, թե իր իշխանությունը չի սասանվելու, Նիկոլը երբեք չէր գնա 2021թ․ ընտրություններին (հիշո՞ւմ եք այդ ժամանակ քանի անգամ Նիկոլը հայտարարեց ու չեղարկեց ընտրությունները, մինչեւ չստացավ վերարտադրության երաշխիքներ։)

Իսկ ովքե՞ր են «հայտնի ուժերը», ում անհրաժեշտ էր իշխանության բերել Նիկոլին, որպեսզի նրա ձեռքով հանձնվեր Արցախը եւ Հայաստանի ինքնիշխանության հսկայական մասը։ Հիմնականում առաջ են քաշվում երեք տարբերակներ․

ա/սորոսները/մասոնները/անգլո-սաքսերը/համաշխարհային լիբերալները, եւ այլն․

Սա շատ հարմար տարբերակ է, որովհետեւ մեղադրվում են ինչ-որ անհայտ ուժեր, որոնց դեմ պայքարն էլ է անհասկանալի։ Խնդիրն այն է, որ այս ուժերը չեն կարողանում պատասխանել քաղաքականության եւ իրավագիտության բնագավառում շատ տարածված հարցին՝ Cui bono․ ում է դա ձեռնտու, ավելի ճիշտ՝ ինչով է դա իրենց ձեռնտու

բ/ Թուրքիան/Ադրբեջանը․

Այս դեպքում ակնհայտ է, թե ինչով է իրենց ձեռնտու Նիկոլի իշխանությունը։ Այս տարբերակի դեմ կա երկու խոշոր արգումենտ։ Առաջինն այն է, որ Հայաստանի ԱԱԾ-ն լինելով ռուսական КГБ-ի ֆիլիալը, երբեք թույլ չէր նման խոշոր թշնամական ցանցի ներթափանցումը Հայաստան։ Երկրորդ, եթե «հայտնի ուժ» համարենք Թուրքիա/Ադրբեջանին, ապա կստացվի, որ Հայաստանի երեք նախագահներն էլ եղել են մեր թշնամիների կամակատարները, ինչը խիստ հակահայրենասիրական ենթադրություն է։

գ/ Նա, Ում Անունը Չի Կարելի Տալ

Ընդունված է, որ այս ուժի անունը չի կարելի տալ, շատ նման Հարրի Փոթերի հայտնի ֆիլմերում բացարձակ չարիքին՝ Վոլանդեմորտին, ում կոչում էին «Նա, Ում Անունը Չի Կարելի Տալ»։ Նա, Ում Անունը Չի Կարելի Տալ, հանգիստ անցնում է Cui bono քննությունը․ Ուկրաինայի դեմ պատերազմից առաջ նրան ծայրահեղ անհրաժեշտ է գնել Թուրքիայի լոյալությունը, իսկ դրա համար ամենահարմարը Հայաստանով վճարելն էր, իսկ դրա համար անհրաժեշտ էր իշխանությունը հանձնել բացարձակ դավաճանին։ Շատ ավելի պարզ է Նրա, Ում Անունը Չի Կարելի Տալ, շահագրգռությունը այլ դեպքերում, երբ «հայտնի ուժերը» խառնվեցին Հայաստանի ներքին կյանքին։

Չէի ուզենա պնդել, թե երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերի միջեւ սկսված ներկա բանավեճը ձեռնարկել է Նա, Ում Անունը Չի Կարելի Տալ, բայց cui bono-ն ակնհայտ է․ նախ, այս երկու թիմերը իրար դեմ լեզվակռվի բովում «մոռացել» են Նիկոլին բերած հիմնական մեղավորին, եւ երկրորդ, երբ նոր իշխանություն կազմելու երկու ամենահավանական թեկնածուները վարկաբեկում են միմյանց, «հայտնի ուժերի» համար լայն ճանապարհ է բացվում իրենց կողմից երրորդ թեկնածուին սղղացնելու վարչապետական աթոռին։

Այնպես, որ հարգելի պարոնայք, դուք շատ լավ էլ գիտեք, թե ով բերեց Նիկոլին, մնում է ձեր տաբուները հանել ու տալ Նրա անունը, Ում Անունը Չի Կարելի Տալ։

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее