Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում մի քանի հետաքրքիր բան ասաց, բայց կոնկրետ ինձ համար ամենաուշագրավը ելույթի վերջն էր: Վերջում նախագահը, խոսելով հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների մասին շոշափեց նաև Ցյուրիխյան արձանագրությունների թեման: Մեջբերեմ ընդհանուր ելույթի վերջին մասը. «2015 թվականի խորհուրդը լրջորե՛ն պետք է ընկալվի Թուրքիայում: Հայաստանի հանդեպ վերաբերմունքը չի կարող այլևս բառերով չափվել. այն հստակ քայլեր է ենթադրում՝ փակ սահմանի բացում և բնականոն հարաբերությունների հաստատում: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա դրանց վերաբերյալ մեր դիրքորոշումը բազմիցս ենք ասել:
Իսկ «ողջամիտ ժամկետներ» հասկացությունն առավել քան արդիական է դառնում:» Հիշեցնեմ, որ երբ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էր արձագանում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ արված հայտարարությանը, վերջինս կրկին անդրադաձավ այդ թեմային և նշեց «ողջամիտ ժամկետներ»-ի ավելի արդիական դառնալը:
Ես կարծում եմ, որ Հայաստանն ի դեմս նախագահի, ինչպես նաև Վիգեն Սարգսյանի ըստ էության հստակ ուղերձ է հղում, թե՛ Թուրքիային, թե՛ Միջազգային հանրությանը, որ Հայաստանի համբերության բաժակը լցվում է, և որ մենք հավերժ չենք պատրաստվում սպասել Թուրքիայի հստակ գործողություններին: Ինձ թվում է, որ Նախագահը հստակ հասկացնել է տալիս, որ մենք պատրաստ ենք դեռ մի քանի ամիս էլ սպասել, և եթե Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ Միջազգային հանրությունը չկարողանա ստիպել Թուրքիային, կամ էլ հանուն պոլիտկոռեկտության ասենք «համոզել» Թուրքիային, որպեսզի վերջինս հստակ քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ապա մենք՝ Հայերս, մեզ իրավունք կվերապահենք վերջնականապես պատմության գիրկն ուղարկել ոչ այնքան մեր սրտով, բայց այնուամենայնիվ փոխզիջումային տարբերակով մշակված հայ-թուրքական արձանագրությունները:
Ինչ խոսք նման հարցերի պատասխանը լավագույնս տալիս է ժամանակը, բայց ամեն դեպքում ես հակված եմ մտածել, որ նախագահի ելույթում այդ տողերը պատահական չէին, առավելևս, երբ նախագահի աշխատակազմի ղեկավարը դրանց կրկին անդրադարձավ յուրահատուկ շեշտադրմամբ: