▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սիլ Մաազա»-ն սպառողներին աղբյուրի ջրի փոխարեն քլորացված ջուր է վաճառել ու տուգանվել 4 մլն դրամով

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ավելի քան 4 մլն դրամով տուգանել է «Սիլ Մաազա» ընկերությանը։ Որոշումը կայացվել  է ամռանը՝ հուլիսի 29-ին, հրապարակվել է օրեր առաջ։

Հանձաժողովը վարույթի շրջանակում կատարած ուսումնասիրության  արդյունքում եկել է եզրակացության, որ այս ընկերությունը «բնական աղբյուրի խմելու ջուր» և խմելու աղբյուրի ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջուրն իրացնելը հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցությունն է, ինչն օրենքի խախտում է։

Հանձնաժողովը գտել է, որ սպառողները ձեռք բերելով ընկերության արտադրած «բնական աղբյուրի խմելու ջուր» և «խմելու աղբյուրի ջուր» մակնշումներով ապրանքները՝ կարող են  կարծել, թե ձեռք են բերում «բնական խմելու ջուր» և «աղբյուրի ջուր», մինչդեռ շշալցված ջուրը ջրամատակարարման կենտրոնացված ցանցի միջոցով բնակչությանը մատակարարվող մշակած (քլորացված) ջուրն է։ Այն ընկերությունը ներկայացրել է որպես «բնական խմելու ջուր» և «աղբյուրի ջուր»։

«Ուշադրության է արժանի այն հանագամանքը, որ ընկերությունն ընդունել է վարույթի շրջանակներում իրեն վերագրվող իրավախախտման փաստը»,-ասված է որոշման մեջ։

ՄՊՀ-ից մանրամասնում են, որ շշալցված ջրի պիտակին  «աղբյուրի ջուր» մակնշումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ տվյալ ջուրն ունի աղբյուրի ծագում, փաթեթավորվում է  առանց մշակման կամ դրա մշակման համար օգտագործվում են միայն Տեխնիկական կանոնակարգով թույլատրված եղանակներ։

«Աղբյուրի ջուր» մակնշման դեպքում շշալցման համար նախատեսված խմելու ջրի մշակման համար արգելվում է քլորի պատրաստուկների կիրառումը։

«Բնական  խմելու ջուր» մակնշումը թույլատրելի է, երբ միաժամանակ ջուրը ստացվել է մակերևութային ջրերից կամ ստորգետնյա ջրատար հորիզոններից ու բնական հանքային ջուր չէ, սկզբնական վիճակով համապատասխանում է Տեխնիկական կանոնակարգին ու պահպանում է իր հաստատուն կազմը։

Բացի տուգանքից հանձնաժողովը պահանջել է մինչև հոկտեմբերի 29-ը շտկել խախտումը, այսինքն դադարեցնել «բնական աղբյուրի խմելու ջուր» և «խմելու աղբյուրի ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջուրն իրացնելը, այդ թվում  այլ տնտեսվարող սուբյեկտների միջոցով իրացնելու դեպքում գրավոր հետ կանչել։

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее