Եթե մեր հայրենակիցները չեն ուզում գալ Հայաստան, թող գոնե գնան և ապրեն այնտեղ, որտեղ որ կկարողանան ապրել
Սիրիական հակամարտության սկզբից ի վեր Միջին արևելքում ամենախոշոր հայկական համայնքներից մեկը հայտնվեց ոչնչացման եզրին: Հակամարտության պատճառով շատերը լքեցին Սիրիան`բնակություն հաստատելով աշխարհի մի շարք երկրներում, ներառյալ Հայաստանում, մի մասն էլ սկզբունքորեն մնաց Սիրիայում`համարելով լքելը դավաճանություն իրենց հայրենքի հանդեպ, բայց դրանով իսկ դարձավ թիրախ ահաբեկիչների, հատկապես Թուրքիայի կողմից աջակցություն ստացող «սիրիական ընդդիմության» որոշ զինված խմբավորումների համար: Այդպիսի օրինակները բազմազան են և վերջին ամենաթարմ դեպքը եղավ ընդամենը մի քանի օր առաջ:
Ինչպես գիտեք Մարտի 21-ի վաղ առավոտյան զինված խմբավորումները անցել էին թուրք-սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի և մյուս հայաբնակ գյուղերի վրա, իսկ հենց հաջորդ օրը Թուրքիայից ավելի կազմակերպված կերպով մի քանի ճակատներով ներթափանցումներ կատարվեցին՝ թիրախում ունենալով Քեսապը: Լիբանանում Սիրիայի դեսպանի և Արամ 1-ին կաթողիկոսի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում դեսպանը հայտնել է, որ իրենց ունեցած հստակ տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան ոչ միայն քաջալերել է զինյալների մուտքը Քեսապ, այլև նրանց տրամադրել է ծանր զենքեր և դյուրացրել է նրանց առաջխաղացումը։
Այժմ, առաջին հերթին կարելի է արձանագրել և փառք տալ Աստծուն, որ Քեսապից և հարակից գյուղերից հաջողվել է տարհանել հայերին սիրիական կառավարության զորքերի կողմից, ասել է թե լավ է գոնե հայերի կոտորած չի եղել: Մյուս կողմից, սակայն, այսպես շարունակվել էլ չի կարող: Ամեն օր ու ժամ մեր սիրիահայ եղբայրները, կա´մ առևանգվում են, կա´մ սպանվում, կա´մ տարհանվում, կա´մ էլ նվազագույնը սնանկանում, բառի ամենալայն իմաստով քանդվող Սիրիայում:
Տեսեք Սիրիան ինչպես օրինակ Ուկրաինան ևս աշխարհաքաղաքական պայքարի կիզակետերից է և այդ գործընթացն արդեն շարունակվում է շուրջ 3 տարի, Արևմուտքն իր դաշնակիցների հետ զինում է «ընդդիմությանը», իսկ մասնավորապես Ռուսաստանը ու հատկապես Իրանը Ասադի ռեժիմին: Իսկ մեջտեղում տուժում է ժողովուրդը, որի մի մասն էլ, ազդեցիկ մասը, կազմում են մեր հայրենակիցները, ովքեր գնալով ոչ միայն կորցնում են իրենց ազդեցությունն ու կարողությունն այդ երկրում, այլև կորցնում են իրենց կյանքերը:
Այս պարագայում ես կոչ չեմ անում այդ մարդկանց կռվել որևէ բանակի շարքերում, առավելևս, երբ այդ կռվում մեր հայրենակիցները ոչ մի որոշիչ դեր չեն խաղալու:
Տեսեք այս հակամարտությունը, լինելով արհեստածին, կտևի այնքան քանի դեռ ֆինանսավորվում և համապատասխան ռազմական օգնություն են ստանում, թե´ Սիրիայի իշխանությունները, թե´ այսպես կոչված ընդդիմությունը: Իսկ դրան հակառակ գոծողություն մենք այժմ չենք տեսնում: Այս համատեքստում պետք է նաև նշել, որ աշխարհում վարձու զինյալների և ահաբեկիչների պակաս ևս չկա: Ներեցեք այս կոպիտ ձևակերպման հետ, բայց եթե մահանան եղածները «կմատակարարվեն» ուրիշները: Ասածս այն է, որ մենք` հայերս շատ փոքրաթիվ ենք և մեր ակտիվ մասնակցությունը այդ գլոբալ հակամարտության մեջ մեզ ուղղակի կամաց-կամաց կսպառի և կվերացնի: Այլ կերպ ասած դա ինքնասպանություն է:
Ինչ վերաբերում է այս հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածության, ապա ինձ համար ոչ մի զարմանալի բան էլ չկա: Ես եբեք էլ չեմ հավատացել այն մոտեցմանը, որ թուրքերը փոխվել են, այլևս քաղաքակիրթ և ժողովրդավար ազգեն են և այլն և այլն: Դրանք ինձ համար միշտ էլ եղել են դատարկախոսություններ: Կարճ ասաց նրանք, ովքեր հույս ունեն, որ թուրքերի հետ հնարավոր է եղբայրական հեռանկար սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում, թող զուր տեղը հույսեր չփայփայեն:
Վերադառալով հայերի վիճակին Սիրիայում` ուզում եմ ասել հետևյալը` կարծում եմ լավագույն տարբերակը կլինի այն, որ այդ մարդկանց համար հնարավորինս ստեղծվեն պայմաններ, որպեսզի գան Հայաստան և Արցախ: Պետք է օգնել նրանով, ինչքով կկարողանք: Իսկ եթե մեր հայրենակիցները չեն ուզում գալ Հայաստան, թող գոնե գնան և ապրեն այնտեղ, որտեղ որ կկարողանան ապրել: Սիրիան այլևս ապագա չունի: