vivaronews.am-ը գրում է. Հայկական ֆուտբոլում նման թեժ օրեր ապրել էինք մեկ տարի առաջ, երբ ազգային հավաքականի «Ոսկե» հռչակված սերունդը վերջնականապես փլուզվեց` ալբանացիների` պատմության առաջին ԵՎՐՈ որակավորվելու ֆոնին: Հաջորդող մեկ տարին միայն աղավաղված պատկերն էր տալիս այն ամենի, ինչ մնացել էր մեր նախորդ «գումարման» հավաքականից, և թե ինչ է ունենալու հաջորդը: Հրաժեշտի խաղեր, հարավամերիկյան տուրիստական հավաք, ընտրական փուլի մեկնարկ առանց Մխիթարյանի… բոլոր այս «ցուցադրական» իրադարձություններից հետո վերջին երկու խաղերը վերջապես խոշորացույցի նման ցույց տվեցին, թե ուր է հասել Հայաստանի հավաքականը:
Դեռ նախորդ տարի այս օրերին դավաճանության մասին հայտարարությունները, ֆուտբոլիստների պատասխան հայտարարությունը, հաջորդող հրաժեշտի կամ վտարման խոսքերը պարզ էին դարձրել, որ ազգային հավաքականում կոտրված հոգեբանական մթնոլորտ է: Կարծում եմ, հենց դա է պատճառը, որ Վարուժան Սուքիասյանը ջանք չէր խնայում ազգային թիմ ներգրավելու հնարավորինս շատ նոր դեմքերի, ովքեր կունենան ավելի շուտ երազանքներ ու ոգևորվածություն, քան հին հաշիվներ ու հավակնություններ: Սակայն, հարավամերիկյան հավաքի ընթացքում մրցակիցների սխալ ընտրությունը պատրանք ստեղծեց, թե դա կարող է շատ արագ աշխատել: Այդ պատրանքը հիմնականում ցրվեց Չեխիայի ու Դանիայի դեմ խաղերից հետո, ու վերջնականապես փշրվեց հոկտեմբերի 8-ին Երևանում:
Սուքիասյանը ճիշտ է ասում, վատ խաղեր ունենում են բոլոր թիմերը: Բայց խայտառակվել վիճակվում է ոչ բոլորին: Խայտառակվելը, հատկապես նման ոչ գիշատիչ մրցակցի դեմ մրցավեճում, նշանակում է, որ թիմում չկան հստակ ձևավորված արժեհամակարգ, բարոյահոգեբանական մթնոլորտ ապահովող հենասյուներ, չկան դրված որևէ սահմաններ, որոնցից անցնել չի կարելի ոչ մի դեպքում: Չկան այդ ամենը իրենց վրա վերցնող առաջատարները, չկա նաև համակարգված մոտեցում մարզչի կողմից: Կարծես այդ հարցերին ևս մինչ այդ պատասխանվել է «Տեսնենք, խաղից հետո պարզ կլինի» տարբերակով:
Այդ ամենը չկար կոլեկտիվում, բայց կար ֆուտբոլիստների մոտ անհատապես: Գուցե մեր այսօրվա թիմի տղաները Մխիթարյանի նման աստղեր չեն կամ Յուրայի նման մարտիկներ, բայց նրանց մոտ էլ կա արժանապատվություն ու պատասխանատվության մեծ զգացում: Հենց այդ ամենի պոռթկումն էլ տեսանք երեկ Վարշավայի Նարոդովի մարզադաշտում: Գերնվիրում, գերջանքեր, պայքար պատվի համար, այլ ոչ թե 3 միավորի կամ Աշխարհի առաջնության ուղեգրի: Ու այդ պայքարը յուրաքանչյուրի մեջ էր անհատապես, այլ ոչ թե թիմի մեջ` որպես կոլեկտիվ:
Առանձին թեմա է Վարուժան Սուքիասյանը: Գուցե մեր թիմի տղաներից շատերն արժանի էին ավելի լավ մարզիչ ունենալու, բայց հայկական ֆուտբոլը, հաստատ, այս պահին ավելի լավ հավաքականի մարզչի արժանի չէր: Խորտակվող նավում նրան վստահել են ղեկը ու փախչել մի կողմ, նա կամա թե ակամա ողողվում է ալիքների ներքո, ամեն կերպ ջանում է լուծումներ գտնել, իրավիճակի բարդությունը նրանց հասցնում է մինչև աբսուրդային լուծումներ, ինչպես ասենք առանց հարձակվող հայտացուցակն է կամ երեկվա 5-5-0-ն, բայց նա իր բերանով հնչած այդ տղամարդկության կրողն է, ուրեմն կանգնելու է մինչև վերջ: Բայց նա չգիտի, կամ ամեն կերպ իր մեջ մերժում է այն միտքը, որ նավն անկախ իրենից խորտակման է գնում: Ամեն դեպքում, երեկվա խաղից ինձ համար պարզ էր, որ եթե նա նույնիսկ թքած ունի իմ` լրագրողիս հարցերի վրա, ապա գոնե հավաքականի համար որ մտահոգ է:
Հենց Լեհաստանի խաղի վրա էլ անհրաժեշտ է ժամանակավորապես ֆիքսել «Հայկական ֆուտբոլ» կոչվող ֆիլմի կադրը և ընդունել այն որպես իրավիճակի այժմյան պատկեր: Ուրեմն, ինչ ունենք այս պահին.
- Հավաքականի թարմացված կազմ նոր դեմքերով, ովքեր ունեն պատրաստակամություն ու ցանկություն ամեն կերպ իրենց ներդրումն ունենալու ազգային թիմի հաջողությունների գործում:
- Հին կազմի մի քանի կայացած ֆուտբոլիստներ, ովքեր սովորույթի ուժով մնացել են հավաքականում, բայց լավ են հասկանում, որ այս պայմաններում բացի արժանապատվությունից այլ բանի համար պայքարելն իրատեսական չէ:
- Ճգնաժամային իրավիճակում ձախողումներն իր վրա վերցնելու պատրաստակամությամբ լի մարզիչ:
- Առանց որևէ հեռանկարի ու հստակ նպատակի գործող ազգային հավաքական, որը թմբիրի մեջ է և այդպես էլ մնալու է մինչև որևէ լուրջ բան չփոխվի:
- Հավերժ սպասող, բայց անհամբեր երկրպագուների բանակ, որը շփոթված է իր ակնկալիքների ու իրականության հորձանուտում:
- Հայկական ֆուտբոլի խորը ճգնաժամ, որն իրականում կապված է ոչ միայն ղեկավարման թերությունների, այլև երկրում ստեղծված իրավիճակի հետ:
Այսպիսով, երեկվա խաղը, թեև որոշների մոտ արթնացրեց լավ հիշողություններ, բայց ընդամենը պոռթկում էր, որը չի ենթադրում ոչ մի շարունակություն: Կարելի է տարին մեկ անգամ պայքարել սեփական պատվի համար ու առիթից օգտվելով բոլորին իրենց տեղը դնել: Մեր հավաքականը շատ հաճախ է նման ապտակներ հասցրել մրցակիցներին, ու միշտ` այն ժամանակ, երբ երկրպագուները սկսել են կասկածի տակ դնել ֆուտբոլիստների ինքնասիրությունը: Բայց սա սերիալ չէ, այլ սպորտ, իսկ սպորտում հաջողությունը ստեղծվում է հաղթանակի, այլ ոչ թե փրկության ձգտումով:
Երեկվա խաղը միայն հերթական ապացույցն էր այն բանի, որ ֆուտբոլիստներն ու մարզիչը անմիջական մեղավորները չեն այն վիճակի, որ առկա է հայկական ֆուտբոլում: Օղակը սեղմվեց, մեղավորների շրջանակը կրկին ֆիքսվեց մի տեղում: Նոյեմբերին դեռ մեկ խաղ կա, ու դրանում պարտությունն արդեն գրեթե կնշանակի ԱԱ-2018-ի եզրափակիչ դուրս գալու նույնիսկ մաթեմատիկական հնարավորության կորուստ: Գուցե այդ ժամանակ, վերջապես, հայկական ֆուտբոլում սկսվեն լուրջ փոփոխություններ:
Կարեն Ռաֆայելյան