▲ Դեպի վեր

Среда, 26.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Սրտի հետ կապված լուրջ խնդիր ունեմ, միայն փոխպատվաստումը կօգնի, բայց ես դրան չեմ գնա». Զառա Արամյան

Դիտեք նաև՝

Թերթ․am-ը գրում է․ Հաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանի առողջական խնդիրների մասին լուրերը դեռ նախորդ տարի տարածվեցին համացանցում: Այդ ընթացքում և՛ Զառան, և՛ նրա դուստրը՝ Էլեն Գասպարյանը հրաժարվում էր մանրամասներ հաղորդել:

Մեզ հետ զրույցում, երկար լռությունից հետո Զառա Արամյանը խոսել է առողջական լուրջ խնդիրների, կյանքի բարդ փուլի ու եթերում չլինելու պատճառների մասին:

«Շնորհակալ եմ երկրպագուներիս, որ մտահոգված են իմ լինել չլինելով:

Չեմ կորել, բավական ակտիվ եմ սոցիալական ցանցում և պարբերաբար անդրադառնում եմ արվեստին վերաբերող ու տարբեր հետաքրքիր հարցերի»,- մեզ հետ զրույցում ասաց Զառա Արամյանն ու նշեց, որ բավական երկար ժամանակ՝ մոտ 2 տարի եթերում չէ:

«Անկեղծ լինեմ, ինձ համար էլ է շատ բարդ, որովհետև կյանքիս շատ կարևոր հատված՝ մոտ 35 տարի շատ ակտիվ եթերում եմ եղել: Այնպես ստացվեց, որ հիմա չեմ կարողանում լինել եթերում:

Այս տարի լրանալու է 55 ամյակս, 21 տարեկանից եթերում եմ եղել: Ե՛վ բարդ է, և՛ մյուս կողմից էլ մտածում եմ, որ վաղ թե ուշ պետք է թողնել եթերը, որովհետև մեր երիտասարդներն ավելի լավն են, ազատածին են, կիրթ ու կրեատիվ են»,- նշեց մեր զրուցակիցը:

Զառա Արամյանը եթերում չէ, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունի և կյանքի բավական բարդ շրջան է հաղթահարում:

«Սրտի հետ կապված առողջական լուրջ խնդիրներ ունեմ և շատ բարդ շրջան եմ անցնում: Կարող է օգնել միայն սրտի փոխպատվաստումը, բայց ես դրան չեմ գնա: Ինչքան շնորհել է Աստված, այդքան էլ կապրեմ: Ջանում եմ, որ ապրեմ բարի և արժանապատիվ:

Խնդիրը լուծված չէ, երբ սուր վիճակ է լինում, պառկում եմ իմ բժշկի՝ Խաչիկ Համբարձումյանի մոտ: Սուր վիճակն անցնում է, մինչև սկսվում է հաջորդ սուր վիճակը»,-  պարզաբանեց Զառա Արամյանը:

Դիմելով իր հեռուստադիտողին և բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում գրում և անհանգստանում են, Զառա Արամյանը անկեղծացավ.

«Իմ սիրելի հեռուստադիտողներ, հետևորդներ, ամբողջ կյանքում փորձել եմ ձեզ գոհացնել ու լավ տրամադրություն պարգևել: Չեմ ուզում տարածված բառեր ասել, բայց իրկանում բոլորիդ շատ սիրում եմ և վայելում եմ ձեր սերը: Ձեր մտահոգությունն ու անհանգստությունն ինձ ուժ են տալիս:

Մաղթում եմ բոլորիս խաղաղություն թե՛ երկնքում, թե՛ հոգիներում: Սիրում եմ Ձեզ, ընդմիտ Ձեր՝ Զառա Արամյան»,- ամփոփեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее