▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Telcell-ի և Shtigen Group-ի համատեղ ջանքերով Նոյեմբերյանի պետական քոլեջը ձեռք է բերել էներգետիկ անկախություն

Telcell-ի և Shtigen Group-ի համատեղ ջանքերով Նոյեմբերյանի պետական քոլեջը ձեռք է բերել էներգետիկ անկախություն։ Կրթական հաստատությունում տեղադրվել է  26,4 կՎտ հզորությամբ արևային կայան ու 300 լիտր տարողությամբ արևային ջրատաքացուցիչ:

Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ պաշտոնական բացման արարողությունը, որի շրջանակում Telcell ընկերության տնօրեն Արտյոմ Ղազարյանը ելույթ ունեցավ Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողների համար՝ խոսելով ֆինանսական գրագիտության և դրա կարևորության մասին։ 

«Արևածագ» խորհրդանշական անվանումը ստացած ծրագիրն իրականացվել է նախաձեռնող ընկերությունների կորպորատիվ ազգային պատասխանատվության շրջանակում, նպատակն է՝ արևային տեխնոլոգիաների միջոցով երկրում հաստատել էներգետիկ անկախություն՝ առաջնահերթություն տալով սահմանամերձ բնակավայրերին։

Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանի կարծիքով՝ գործընկերների շարքում են սոցիալական պատասխանատու վարքագիծ որդեգրած այնպիսի ընկերություններ, ինչպիսին Telcell-ն է, որը գիտակցում է էներգետիկ կայունության կարևորությունը։

Արևային կայանն ու ջրատաքացուցիչը երկար տարիներ կբավարարեն Նոյեմբերյանի պետական քոլեջի էներգետիկ կարիքները։ Ծրագրի շրջանակում քոլեջին կտրամադրվեն նաև ուսումնական ջրատաքացուցիչներ, դիդակտիկ պարագաներ, անվտանգության համակարգեր (բարձրության վրա աշխատանքների համար), կրթական նյութեր, որպեսզի քոլեջում զարգանա նաև վերականգնվող էներգետիկայի ճյուղը։

Քանի որ քոլեջում նաև կան վերականգնվող էներգետիկայի ֆակուլտետում սովորող ուսանողներ, կայանների տեղադրումը նաև լավ հնարավորություն է ուսանողների համար կայանների սպասարկման շրջանակներում ունենալ պրակտիկ դասընթացներ։ 

Կրթական հաստատության տնօրեն Կարեն Նազարյանի հավաստմամբ՝ տարեկան մոտ 2 մլն դրամի խնայված միջոցներով կվերանորոգվի մասնագիտական լաբորատորիան, կթարմացվի նյութատեխնիկական բազան, ձեռք կբերվի համակարգչային տեխնիկա։ Նախատեսվում է նաև գերազանց առաջադիմությամբ ուսանողներին տալ կրթաթոշակ։

Բացման արարողության ժամանակ նաև տեղի ունեցավ կայանը միացնելու սիմվոլիկ արարողությունը։ 

Telcell-ի և Shtigen Group-ի միջև դեռ 2022 թվականին կնքվել էր համագործակցության հուշագիր, որի շրջանակում ֆինանսական ոլորտի առաջատար ընկերությունը 7,4 մլն դրամ էր հատկացրել «Արևածագ Արցախում» նախագծին, որպեսզի Մարտունու արհեստագործական ուսումնարանը լիակատար անցում կատարեր վերականգնվող էներգետիկային։ Նախագիծը չէր իրականացվել Լեռնային Ղարաբաղի շրջափակման, հետագայում՝ հայաթափման պատճառով: Նվիրաբերված գումարը նպատակին ծառայեցնելու համար անցած մեկ տարում բազմաթիվ նախագծեր էին քննարկվել։ Արդյունքում՝ ընկերությունները կանգ առան Նոյեմբերյանի պետական քոլեջում էներգետիկ անկախություն հաստատելու ծրագրի վրա՝ խթանելով ոչ միայն վերականգնվող էներգետիկայի զարգացումը, այլև՝ կրթական բաղադրիչը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее