▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական պետհամարանիշներով ավտոբուսներ՝ Երևանին

Օրեր առաջ Euromedia24.com–ի թղթակիցը Գյումրիից Երևան ուղևորվող երկու ավտոբուս էր տեսանկարահանել, որոնք չինական արտադրության էին և ունեին թուրքական պետհամարանիշ։ 

Կապ հաստատեցինք Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ, ով տեղյակ չէր, թե արդյոք ավտոբուսները Երևանի համար են, խոստացավ ճշտել և զանգահարել, սակայն այդպես էլ հեռախոսազանգը տեղի չունեցավ։

Այսօր ևս կապ հաստատեցինք Կոստանյանի հետ, ով մեր հարցին ի պատասխան`ասաց․ «Այո, երկու ավտոբուսները արդեն Երևանում են, մնացածն էլ հերթով գալու են»։ Մեր այն հարցին, թե ինչո՞ւ էին ավտոբուսները թուրքական պետհամարանիշով, Կոստանյանը պատասխանեց․ «Հավանաբար տարանցիկ գոտիով են եկել, դրա համար է, Չինաստանից գալիս են Փոթիի նավահանգիստ, ապա Երևան»։

Իհարկե, պարոն Կոստանյանի պատասխանը չէր կարող նոր հարցեր չառաջացնել։ Փոթիի նավահանգիստը գտնվում է Վրաստանում և այնտեղից Երևան տեղափոխելու համար բնավ հարկավոր չէ, որ ավտոբուսները հատեն Թուրքիայի սահմանը։ Բացի դա, օրինակ` ԱՄՆ–ից, Ճապոնիայից և այլ երկրներից մեքենա ներկրելու դեպքում, տրանզիտ պետհամարանիշները Վրաստանում չեն փոխում։

Մեր զանգից հետո Հայկ Կոստանյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է լուսանկար և կից գրում․

«Շարունակելով տրանսպորտի վերաբերյալ լավ լուրերը։

Երևանում են նաև 8.6 մետրանոց 20 նոր ավտոբուսները»։

Ֆինանսների նախարարության գնումների կայքից տեղեկանում ենք, որ Երևանի քաղաքապետարանը 2024 թվականի ապրիլի 12-ին 6մլրդ 300 մլն ՀՀ դրամի պայմանագիր է կնքել «ZHONGTONG BUS HOLDING CO.» չինական ընկերության հետ։ Պայմանագրում նշված է, որ ընկերությունը 171 Zhongtong ավտբուս է վաճառելու Երևանի քաղաքապետարանին։ Քիչ ավելի ուշ քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հաստատեց, որ լուսանկարում պատկերված ավտոբուսներն են և արդեն 20-ը Երևանում է։ Սակայն, այդպես էլ հասկանալի չդարձավ, թե ինչ գործ ունի չինական ընկերության ավտոբուսների վրա թուրքական պետհամարանիշերը։ 

Փաստորեն, իրավապահներին չի հետաքրքրում, որ թուրքական պետհամարանիշերով ավտոբուսները, որոնք պետք է ծառայեն Երևանին, ձեռք են բերվել Չինաստանից և տարօրինակ կերպով Հայաստան են մուտք գործել թուրքական պետհամարանիշերով։

աղբյուր՝ euromedia24.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее